Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում հայաստանցի և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրգործ է հարուցվել, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Հաղորդագրության համաձայն՝ մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Խոզնավար գյուղի (Սյունիքի մարզի Տեղ համայնք) հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են Հայաստանի տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած հայաստանցի զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, առաջանալու դեպքում սպառնացել՝ կրակ արձակել: Դրանից հետո Հայաստանի զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:
Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության․ հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած հայաստանցի զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել 11 հայաստանցի զինծառայողների: Վերջիններիս այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով:
Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հայաստանցի և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի են ունեցել ծեծկռտուքներ։