Այսօր՝ մայիսի 20-ին, միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
ժամը 15.00-ի սահմաններում, ըստ հայկական կողմի, մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։
«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են», – ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի զինված ուժերը նախազգուշացրել է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի տարածքում են գնվում 500-600 ադրբեջանցի զինվորական։
Երկու օր լռելուց հետո Բաքուն կոչ էր արել հայկական կողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։
Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Պուտինին՝ ռազմական օգնության համար։