Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպաններ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Հունաստանի, մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Սյունիք է մեկնել նաև Եվրամիության պատվիրակությունը՝ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ։
Դիվանագետները եղել են Սև լճի հարակից տարածքում և վերադարձել Գորիս՝ բրիֆինգի։
Լրագրողներին նրանց ուղեկցել չի թույլատրվել։ Արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ այցը Սև լճի տարածք արգելվել է և վկայակոչել Պաշտպանության նախարարության որոշումը։
ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ «համոզիչ կերպով» կոչ անելով զերծ մնալ սահմանային հատվածներ ուղևորություններից։
«Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները», – նշում է նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնել են, որ նշված հատվածներում Հայաստանի ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով մարտական ծառայություն է իրականացվում։
«Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։
Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։
Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականները, ըստ հայկական կողմի, առնվազն երեք ուղղություններով ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք և «դիրքավորվել» մի քանի կիլոմետր խորության վրա։ Ռազմական բախումներ չեն եղել, օրեր շարունակ տեղում բանակցություններ են ընթանում։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե վիճելի տարածքներում ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։
Հայաստանի տարածքում, ըստ վարչապետի ժ/պ-ի, այժ մոտ 500-600 ադրբեջանցի զինվորական կա։ Ռուսական կողմի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Քննարկվում է դեմարկացիայի խնդիրը։
Հայաստանը ավելի վաղ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, վարչապետի ժ/պ-ն Ռուսաստանի նախագահից ռազմական օգնություն է խնդրել:
Ռուսական կողմը արձագանքներում շարունակ շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման՝ դելիմիտացիայի, և սահմանագծման՝ դեմարկացիայի անհրաժեշտությունը։ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են հետ քաշվել և լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը։