Երկու օր լռելուց հետո՝ մայիսի 13-ի երեկոյան, երբ հայկական կողմն արդեն իսկ հայտարարել էր ՀԱՊԿ դիմելու մտադրության մասին, պաշտոնական Բաքուն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը», որոնք մինչ այս «անհասանելի էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»։
«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, ադրբեջանական սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են մեր երկրի դիրքերում՝ Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանի բնակավայրերում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ և կլիմայական պայմաններ։ Գործընթացն իրականացվում է սովորական ռեժիմով և պարբերաբար», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ըստ կառույցի, նշված գործողություններն իրականացվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և հիմնված են քարտեզների վրա, որոնք որոշում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը։
Նշվում է, որ անկախացումից հետո երկու երկրները հասկանալի պատճառներով պետական սահման չեն ունեցել․ այժմ խոսքը մի դժվար տեխնիկական գործընթացի մասին է, «որն ուղեկցվում է կողմերի միջև անհամաձայնություններով»։
«Զարմանալի է, որ հայկական կողմը ոչ համարժեք արձագանքեց այս գործընթացին և սադրիչ հայտարարություններ արեց։ Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ այս հարցը քաղաքական նպատակներով շահարկելու՝ պաշտոնական շրջանակների փորձերն անընդունելի են», – հայտարարում է ադրբեջանական կողմը։
Ըստ պաշտոնական Բաքվի, մայիսի 12-ին նշված տարածք է ուղարկվել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունը, տեղում բանակցություններ են ընթանում, իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր։
«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական ու ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի շրջանների երկայնքով ընկած միջպետական սահմանի ռեժիմի իրողությունը և անհիմն չխորացնել տարածաշրջանի լարվածությունը։ Այսօրինակ դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների փոխադարձ շփումների միջոցով», – ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունում, ըստ որի «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կոչ է անում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական բախում թեև չի եղել, և արդեն երկու օր է՝ սահմանամերձ տարածքում բանակցություններ են ընթանում։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Փաշինյանի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս։
Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին։