ԱՄՆ կառավարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս չգալ Հայաստան։ Պատճառը, հաղորդման համաձայն, կորոնավիրուսի համավարակն է։
Ճանապարհորդական խորհրդատվությունների մայիսի 18-ի թարմացման մեջ Հայաստանը 4-րդ մակարդակում է, որի դեպքում տվյալ երկիր մեկնել խորհուրդ չի տրվում։ Այս մակարդակում են գտնվում եվրոպական և ասիական մի շարք երկրներ։
Վերջին պատերազմի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել նաև Լեռնային Ղարաբաղ։
Հարկ է նշել, որ Հայաստանը 4-րդ մակարդակում էր նաև նախորդ՝ ապրիլի 22-ի հաղորդման մեջ։ Այս և նախորդ հաղորդումների միջև եղած միակ տարբերությունը այսօրվա թարմացման մեջ ավելացված հետևյալ նախադասությունն է․ «Զգուշություն ցուցաբերեք Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Տեղյակ եղեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց զգուշացման հատել միջազգային սահմանները։ Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ առանց նախազգուշացման փակվել ճանապարհորդների համար»։
Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը ևս հայտարարություն է տարածել, որում իր քաղաքացիներին խնդրում չայցելել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունների և ստեղծված լարվածության պատճառով։