Home / Հայաստան / ՍԴ-ն «կամայականորեն» մերժել է Մարտի 1-ի գործով դատախազի դիմումը

ՍԴ-ն «կամայականորեն» մերժել է Մարտի 1-ի գործով դատախազի դիմումը

Սահմանադրական դատարանը մերժել է գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ապրիլի 1-ին դիմել էր ՍԴ՝ որոշելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով «կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ դատախազի դիմումի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՍԴ՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։

Գլխավոր դատախազությունը ՍԴ որոշումը «կամայական» է որակել՝ պատճառաբանելով. «Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։

Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով»:

Դատախազությանն շեշտել է՝ ՍԴ-ի այս որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է «իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»։

Հիշեցնենք, ՍԴ-ն մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՔՕ 300․1 հոդվածը, որով նախկին նախագահ Ռոբետ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգի տապալելու մեջ։ Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՍԴ-ի հիշյալ որոշումն, արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Tekali Taxi