Home / Վերլուծություն / Վե՛րջ տվեք Նաքբային հիմա՛

Վե՛րջ տվեք Նաքբային հիմա՛

Պաղեստինը հարձակման տակ է։ Երկուշաբթի օրվանից սկսած իսրայելական օդային ուժերն անդադար ռմբակոծում են Գազան՝ քանդելով տներ, աշխատավայրեր եւ մեդիա գրասենյակներ։ Հինգշաբթի օրվա դրությամբ Իսրայելն սպանել էր 109-ից ավելի պաղեստինցիների, որոնց թվում 27 երեխա, իսկ վիրավորների թիվը հասել էր 580-ի։

[Նույն] Շաբաթվա սկզբին Իսրայելն էթնիկ զտման մի սարսափելի արշավ սկսեց գրավյալ Արևելյան Երուսաղեմում՝ Շեյխ Ժարրահ եւ Ալ-Բուստան թաղերի մոտ 2000 պաղեստինցի բնակիչների բռնի կերպով իրենց տներից վտարելու ծրագրի հաստատմամբ։

Պաղեստինցի ժողովրդի բռնի սեփականազրկումը նորություն չէ։ 1948-ին, երբ կյանքի կոչվեց Իսրայել պետությունը, սիոնիստական զինյալ խմբերը մոտ 750.000 պաղեստինցիների արտաքսեցին քաղաքներից և գյուղերից՝ այդ ընթացքում յուրացնելով նրանց տներն ու ունեցվածքը։ Այս դեպքերը հիշվում են որպես «Նաքբա», որն արաբերենով նշանակում է աղետ։

Եվ Նաքբան մինչ օրս էլ չի ավարտվել։ 1948-ից ի վեր Պաղեստինի ժողովուրդը կորցրել է իր հողի 85%-ից ավելին։ Իսրայելական պետության միլիտարիզացումը նրանց փակել է բաց բանտային ռեժիմի մեջ և շարունակաբար նրանց վրա է փորձարկում իր վայրագ պատերազմական տեխնոլոգիաները՝ թունավորելով հողը, ապականելով ջուրը և ահաբեկելով մարդկանց։

Հիմա, երբ Իսրայելի ռումբերն անձրևում են Գազայի վրա, աշխարհով մեկ տարածվող ցնցող տեսանյութերը բացահայտում են մեկ այլ դաժանություն ևս։ «Մա՛հ արաբներին» կանչերով՝ ծայրահեղ ազգայնականները թափառում են գրավյալ տարածքների փողոցներում, ահաբեկում են պաղեստինցիներին իրենց տներում և թալանում նրանց խանութները՝ իրենց հետևում թողելով փշրված ապակու hետքեր։

Արևմտյան առաջնորդներն ու միջազգային մամուլը շտապեցին «կոնֆլիկտին» վերջ տալու կոչեր անել, հանգստություն հորդորել «երկու կողմերին» ու միաժամանակ վկայաչոկել Իսրայելի «ինքնապաշտպանության» իրավունքը։ Այս զավեշտալի երկիմաստության ակտերը միայն ծառայում են Իսրայելի պետության իրականացրած ահաբեկչական արշավները կոծկելուն և Իսրայելի կողմից բռնության մենաշնորհն ամրապնդելուն։

Իսրայելի մտադրությունները հստակ են՝ հպատակեցնել Պաղեստինի ժողովրդին ու ընդմիշտ վտարել-մաքրել նրանց իրենց հողից։ «Իսրայելը զինադադարի չի պատրաստվում»,- չարագույժ կերպով հայտարարեց Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Գանցը:

Հստակ լինենք. հնարավոր չէ հավասարության նշան դնել հարստահարողի և հարստահարվողի, գաղութատիրոջ և գաղութացվածի միջև։ Իսրայելն ատոմային զենք ունեցող պետություն է, որի բանակը 3.8 միլիարդ դոլարի տարեկան աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կառավարությունից։ Պաղեստինցիները, բոլոր կողմերից շրջափակված լինելով պատերով ու հսկիչ աշտարակներով, շատ քիչ միջոցներ ունեն Իսրայելի պատերազմական մեքենայի հանդիման իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Վստահ ենք, որ սպառնալիքներով ու բռնությամբ հնարավոր չի լինելու կոտրել պաղեստինցի ժողովրդի կամքը։ Աշխարհի ժողովուրդները հերթական անգամ ականատեսն են լինում Պաղեստինյան դիմադրությանը, որը ծառանում է հանուն համայնքների, սրբավայրերի, տների և հողի պաշտպանության։ Ողջունում ենք այդ դիմադրությունը և, գիտակցելով, որ պաղեստինյան ազատությունը սերտորեն կապված է մեր ազատության հետ, աջակցում ենք պաղեստինցիների ինքնապաշտպանության իրավունքին և ազատագրական պայքարին։

Հիմա, երբ Իսրայելը պաշարում է պաղեստինցիների տներն ու հարձակվում դրանց վրա, աշխարհի սոլիդարությունն ու զգոնությունը ավելի քան հրատապ է։

Մենք, Պրոգրեսիվ Ինտերնացիոնալի անդամներս, կոչ ենք անում աշխարհի առաջադիմական ուժերին սատարել պաղեստինցիներին, միլիոնավոր մարդկանցով երթեր անել՝ պաշտպանելու պաղեստինցիների կյանքերը, արժանապատվությունը, և Պաղեստինի ազատագրումը։ Ժամանակն է վերջ տալու Նաքբային, բոյկոտելու ապարտեիդի ռեժիմը, դադարելու սնել նրա պատերազմական մեքենան և պատասխանատվության ենթարկելու ոճրագործներին։

Պրոգրեսիվ Ինտերնացիոնալ