Պատերազմից ի վեր դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 3752 մարմիններից ու մասունքներից վերցված փորձանմուշներ, որոնց համար լրացվել է 3408 մահվան մասին բժշկական վկայական, հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Հաղորդման համաձայն՝ 73 փորձանմուշ այս պահին գտնվում է հետազոտման փուլում։ Վերջիններս առաջնային հետազոտություն անցած, արդեն 2-րդ կամ 3-րդ փուլերում հետազոտվող նմուշներ են։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացնում ու պարզում են զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։ Գործընթացը հիմա էլ շարունակվում է, համընկնում չունեցող մարմինները և մասունքները պահպանվում են մինչև նույնականացումը։
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր , որ այդ պահի դրությամբ հայկական կողմն ունի 3621 զոհ և 321 անհետ կորած։ Հայկական կողմը մինչ այժմ հրապարակել է պատերազմին մասնակցած 3029 զոհի անուն։ Ադրբեջանական կողմը մինչ այժմ հրապարակել է 2895 անուն։ Եվ 19 ադրբեջանցի զինծառայող համարվում է անհետ կորած։