Home / Բանակ / Հայաստանի ղեկավարը դիմել է նաև Ադրբեջանին

Հայաստանի ղեկավարը դիմել է նաև Ադրբեջանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հրապարակել է հայ֊ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելու իր առաջարկը, որն, իր խոսքով, ուղղված է թե ՌԴ-ին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, թե Ադրբեջանին:։

«Առաջարկը հետևյալն է. մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից․․․ Առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր»,- նշել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ խոսքը Սոթքի և Խոզնավարի հատվածների մասին է։

Փաշինյանն առաջարկում է, որ սահմանագծի «ենթադրվող երկայնքով» տեղակայվեն միջազգային դիտորդներ` Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։

«Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում իմ պատկերացումն այն է, որ ՌԴ և ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, և այս գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության ներքո․․․ Հույս ունեմ՝ այս առաջարկը կընդունվի, տեղում իրադրությանը ծանոթանալով՝ եկել եմ այն համոզման, որ սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ ու խելամիտ լուծմանը: Եթե այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալիս վերահսկողությունից, ինչը թույլ տալ չենք կարող»,- ասել է Հայաստանի ղեկավարը։

Փաշինյանը խոսել է նաև այսօր Գեղարքունիք կատարած իր այցի մասին՝ նշելով, որ սահմանին իրավիճակը լարված է, և այդ լարվածությունը գնալով ավելի է աճում։

Հիշեցնենք՝  այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, պնդելով, որ նրանք առանց սահմանը հատելու կատարում էին ինժեներական աշխատանանքեր։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր , որ Հայաստանի տարածքում այսօրվա դրությամբ գտնվում է մինչև 1000 ադրբեջանցի զինծառայող։