Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ մայիսի 24-ից 26-ը Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական ստորաբաժանումները հրազենից կրակ են արձակել Քելբաջարի և Գեդաբեկի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ միջադեպ է արձանագրվել նաև Շուշիի մերձակայքում։ Այստեղ, ըստ պաշտոնական Բաքվի, «հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակահերթեր է արձակել օդ»։
Բաքուն հայտարարում է նաև, թե միջադեպերի ընթացքում ադրբեջանցի զինվորականները պատասխան կրակ չեն արձակել, իսկ տուժածներ՝ չկան։
Նախօրեին, սակայն, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում զոհվել է կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։
Ադրբեջանի պնդում է, որ առնչություն չունի հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ։ Հայկական կողմը սա համարում է փաստերը կոծկելու հերթական փորձ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը իրենց մարտական դիրքերը գնդակոծելու համար։
Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։
Ընդ որում, հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին։
Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև Արցախում՝ Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով», – նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության մայիսի 26-ի հաղորդագրությունում։
Արդեն երկու շաբաթ է՝ երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները չեն հեռանում։ Հայաստանի տարածքում «դաշտային» բանակցություններ են ընթանում։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար գրանցվում են միջադեպեր, հաղորդվում է «ծեծկռտուքների» մասին: Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ռազմական օգնության հայցով՝ նաև անձամբ ՌԴ նախագահին: