Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ադրբեջանից տարածվում են նոր գերիների լուսանկարները, որոնցում հայաստանյան ռազմական հագուստով տղամարդկանց՝ ձեռքերն ու գլուխները սկոճով փաթաթված դեմքով հողին են պարկեցրել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է գերեվարված պայմանագրային զինծառայողների ազգանունները՝ Ա. Ն. Աբգարյան, Ի. Ա. Սարգսյան, Վ. Վ. Սարգսյան, Բ. Ս. Օհանյան, Ա. Գ. Բուդոյան, Վ. Օ. Ռաֆայելյան։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: