Պատերազմի ավարտից հետո Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ 62 հայ պահեստազորայինների գերեվարումից շուրջ հինգ ամիս անց Ադրբեջանի իրավապահները չեն հստակեցնում նրանց առաջադրված մեղադրանքները և շարունակում են պնդել, որ «նրանք ահաբեկիչներ են, այլ ոչ թե ռազմագերիներ»։
Պատերազմից հետո գերեվարված պահեստազորայիններից մի քանիսին Ադրբեջանը վերադարձրել է Հայաստան` պարզաբանելով, թե հետաքննության ընթացքում նրանց մասնակցությունը ռազմական գործողություններին, որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորներ են զոհվել կամ վիրավորվել, չի հաստատվել։ Մնացած բոլորի նկատմամբ (յուրաքանչյուրի դեպքում առանձին) քրեական գործ է հարուցված, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
«Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու դեմ քրեական գործն արդեն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան և քննվելու է միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Մյուս ահաբեկիչների դեմ քրեական գործերը մոտենում են ավարտին, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է Ք․ Ալիևը։
Ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների` լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը «պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց»: Լիբանանցու հարազատները հայտնում են, որ նա վաղուց Բեյրութից Արցախ էր տեղափոխվել՝ մշտական բնակության։
Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72 գերի, որոնցից 8-ը՝ Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններից։ Ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ։
Մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Human Rights Watch-ը, վկայակոչելով սեփական ուսումնասիրություները, ահազանգել են Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին՝ պնդելով, որ ադրբեջանական ուժերի կողմից նրանք ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հաղորդմամբ, հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանց մեծ մասի առկայությունը Ադրբեջանը մինչ այժմ չի հաստատել։