Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները երեկվանից շարունակում են շրջափակած պահել պաշտպանության նախարարության մուտքերն ու ելքերը։ Կեսգիշերից նրանց են միացել նաև «Էրեբունի» օդանավակայանում Ադրբեջանից ռազմագերիներին սպասողները․ ինքնաթիռը դատարկ էր ժամանել։
Մարդիկ հանդիպում են պահաջում նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ․ ծնողները պնդում են, որ պաշտոնյաները պարտավոր են իջնել իրենց մոտ, և հրաժարվում են պատվիրակություն ուղարկելու առաջարկից։
Ներս մտնելու և շենքում հանդիպում անցկացնելու առաջարկն իրենք մերժել են։
Ավելի վաղ ՊՆ մուտքերի մոտ լարված վիճակ էր․ զինվորների հարազատները փորձում էին մուտք գործել նախարարության տարածք։ Դարպասների մոտ քաշքշուկ տեղի ունեցավ, տարածք բերվեցին մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Քիչ առաջ հարազատների մոտ եկավ ոստիկանապետ Վահե Ղազարյանը․ հանդիպման ընթացքը նկարահանել չէր թույլատրվում։ Տարածքում աշխատող լրագրողների հետ հարազատները փորձում են հնարավորինս քիչ հաղորդակցվել։
ՊՆ գլխավոր մուտքի մոտ հավաքված մարդիկ այժմ նստած են հարակից բլուրի վրա՝ «Սպասում են պատասխանի»։
Երկու շաբաթ առաջ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին նույն պահանջով էկել էին ՊՆ շենքի մոտ։ Այդ օրը նախարարը նրանց ընդունեց։ Հանդիպումից հետո հարազատները ասել էին, որ բավարարված են ստացված պատասխանով։ Այսօր նրան նշեցին, որ տրված խոստումը չի կատարվել, ուստի՝ մնալու են այնքան ժամանակ, մինչև նշված պաշտոնյաներն իրենց հետ անձամբ չհանդիպեն։
լրացում․ 18։30 — ՊՆ-ից հայտարարեցին անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների անունները, որոնք կարող են մտնել շենք։
ՊՆ ներկայացուցիչն ընթերցում է հարազատների անուն-ազգանունները, նրանք հերթով ներս են մտնում։ Ի սկզբանե ՊՆ-ից հաղորդվեց, որ հանդիպմանը կարող է մասնակցել 10 հոգի։ Հարազատներն այս պայմանը մերժեցին։ Հետագայում նշվեց, որ կարող է մտնել մինչև 50 հոգի։
Ծնողներից մեկի հաղորդմամբ՝ մասնակցելու են փաստացի բոլոր ներկաները։ Հանդիպմանն, ըստ ամենայնի, գալու է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
լրացում․ 02։00 — Մոտ հինգ ժամ տևած քննարկման արդյունքներով զինծառայողների հարազատների բավարարված չէին․ լրագրողների հետ շփումներից նրանք ընդհանուր առմամբ խուսափում են, կարճ նշվեց՝ հարցերին առարկայական պատասխաններ չեն տրվել, հիմնականում «վիճաբանում էին»։
Այնուամենայնիվ, հանդիպումից հետո գրեթե երկու օր՝ մոտ 30 ժամ տևած շրջափակումը ավարտվեց։ Ծնողները բացեցին ՊՆ մուտքերն ու ելքերը․ աշխատակիցները տուն գնալու հնարավորություն ստացան։