Home / Բանակ / Երևան վերադարձող գերիների թիվը դեռ հայտնի չէ (լրացված)

Երևան վերադարձող գերիների թիվը դեռ հայտնի չէ (լրացված)

Լրացում 11:54․ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից ավելի ուշ հաղորդել են, որ գերիների վերադարձը հետաձգվում է։

Նախատեսվում է, որ քիչ անց Բաքվից Երևան կժամանի հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնող ռուսական ինքնաթիռը։

Տեղեկությունը, որ այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձը, Factor TV-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Ինչպես և նախորդ անգամները՝ գերիների վերադարձն, ըստ հաղորդումների, իրականացվում է ռուսական կողմի միջնորդությամբ։ Քանի հոգի է վերադառնում՝ դեռևս հայտնի չէ։ Անուններ ևս չեն հրապարակվում։

Էրեբունի օդանավակայանում հավաքված, հիմնականում՝ Խծաբերդի ուղղությամբ գերևարված պահեստազորայինների հարազատները մինչ այժմ չգիտեն՝ իրենց երեխաները վերադարձողների շարքերում են, թե ոչ։ Հույս ունեն, որ այս անգամ բոլորն են վերադարձվում։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում պահվում էր 72 հայ գերի։ Ըստ պաշտոնական Երևանի՝ գերիների թիվն ավելին է. մինչ այս Հայաստանը 250 մարդու տվյալներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Առ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ 15 ադրբեջանցի էլ վերադարձվել է Բաքու։