Պետությունից 2018-2019 թվականներին 255.824.768 դրամ է հափշտակվել, հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ 2018 թվականին «Ուկռինվեստ» ընկերության և Հայաստանի ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների և նշանների ու լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման վերաբերյալ 1.589.864.000 դրամ արժողությամբ երեք պայմանագիր։
«Ուկռինվեստ»-ի տնօրեն Հակոբ Ստեփանյանը 2018-2019 թվականներին մատուցել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ, ինչպես նաև պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու հարկային հաշիվներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։
Ճանապարհային ոստիկանության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը ի պաշտոնե պարտավոր է եղել վերահսկել աշխատանքների պատշաճ կատարումը և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները։ Կոստանյանը, սակայն հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց հանձնման-ընդունման արձանագրությունները։ Այս փաստաթղթերի հիման վրա էլ Ոստիկանությունից «Ուկռինվեստ»-ին անհիմն փոխանցվել է 255.824.768 դրամ։
Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերի խարդախությունը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Կոստանտին Կոստանյանին`315-րդ հոդվածի2-րդ մասով (Պաշտոնեական անփութությունը) :
Հափշտակված 255.824.768 դրամն ամբողջությամբ փոխանցվել է ՀՔԾ դեպոզիտային հաշվին:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: