Ինգուշիայում քրեական գործ է հարուցվել օպերատիվ նկարահանման հրապարակման գործով․ ինստագրամում հայտնված տեսանյութում իր քրոջը տեսնելուց հետո, տղամարդը սպանել է քրոջը՝ «ընտանիքի պատիվը փրկելու համար»։ Գործի մասին պատմում է Մեդիազոնան։
Հունվարի 24-ին Ինգուշիայում Նազրանովի շրջանային դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Հասան Ալտեմիրովին՝ մի խումբ անձանց կողմից, նախնական պայմանավորվածությամբ շորթման մեղադրանքով։ Ալտեմիրովն ու ընկերները 2012-2017 թվականների ընթացքում կնոջից գումար էին պահանջում՝ սպառնալով, որ «խայտառակ լուսանկարներ ու տեսանյութեր կհրապարակեն»։ Այդ տարիների ընթացքում կինը շուրջ 800 հազար ռուբլի է վճարել։ Դատարանի որոշման մեջ խոսվում է մեկ զոհի մասին, բայց տուժածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։
2019-ի մարտ․ լուսանկարներ թմրավաճառի հեռախոսում
Ինգուշիայում ապրող կանանց շանտաժի ենթարկող խմբի մասին սկսեցին խոսել անցյալ ամառ, երբ տուժածներից մեկի ամուսինը գտել էր հանցագործին։ Շորթումների մասին առաջին անգամ 2019-ի մարտին գրել էր Mash տելեգրամ ալիքը։ Նրանց տվյալներով, ուժայինները հանցավոր խմբի մասին իմացել են պատահաբար, երբ թմռավաճառի հեռախոսում մերկ կանանց նկարներ ու տեսանյութեր են գտել։
Այդ ձայնագրություններում կանայք «տարբեր տղամարդկանց հետ սեքսով են զբաղվում՝ ոչ ինքնակամ․ որոշ լուսանկարներում երևում է, որ կանայք լացում են», գրում էր Mash-ը։ Հանցավոր խումբն աշխատում էր հետևյալ սխեմայով․ ծանոթանում էին ամուսնացած կանանց հետ, դրդում էին սեքսի, որը ձայնագրվում էր ու օգտագործվում շանտաժի համար։ Պարբերաբար չվճարելու դեպքում տեսանյութը սպառնում էին ցույց տալ կանանց ամուսիններին։ Տելեգրամ ալիքի տվյալներով, կանանց նաև ստիպում էին «այլ տղամարդկանց գայթակղել՝ շանտաժի կամ գումարներ շորթելու նպատակով»։Mash-ը գրել էր չորս տուժածների մասին ու հրապարակել մեղադրյալների անունները՝ Սուլթան և Իսսա Ալտեմիրովներ, Ումար Կարտոև, Շամիլ Բուլգուչև։ Տելեգրամ ալիքի տվյալներով, նրանք բոլորը «Բաթալ Հաջիի հզոր ինգուշական կլանի անդամներ են»։
Ովքե՞ր են բաթալհաջիականները
Բաթալհաջիականներ Ինգուշիայում անվանում են Բաթալ Հաջի Բելխորոևի հետևորդներին։ Բաթալ Հաջին 19-20-րդ դարերի կրոնական գործիչ է, տեղական սուֆիստական վիրդի հեղինակը։ «Կավկազսկիյ ուզելը» գրում էր, որ 2019֊ին այդ եղբայրությունում ավելի քան հինգ հազար մարդ կար, «վիրդի կորիզը համարվում էին շեյխի ուղիղ սերունդները, ընտանիքն աչքի էր ընկնում մեծ միասնականությամբ»։ Կլանը երկրում մեծ քաղաքական ու ֆինանսական ազդեցություն ունի։
2019-ի հունիս. փախուստ հիվանդանոցից
Baza-ն անցյալ տարվա հունիսի 18֊ին գրում էր, որ շանտաժի զոհերից մեկի ամուսինն իր «սեփական հետաքննությունն է սկսել» ու պարզել, որ շորթողներից մեկը Էկաժևո գյուղի 47-ամյա բնակիչ Հասան Ալտեմիրովն է։ Տղամարդը հետևում է Ալտեմիրովին, ծեծում ու ոտքին կրակում։ Ալտեմիրովը հիվանդանոցում է հայտնվում։ Հիվանդասենյակը ոստիկանության հսկողության տակ էր, բայց հարազատներին հաջողվում է ոստիկանների հետ բախումների արդյունքում փախցնել նրան։
Մի քանի օր անց Էկաժևո գյուղի և Նազրանի քաղաքի 4 բնակիչներ բերման են ենթարկվում՝ ոստիկանության ներկայացուցիչների վրա հարձակման մեղադրանքով։
2019-ի հոյկտեմբեր․ փախուստ ոստիկանական մեքենայից
2019-ի օգոստոսի 8-ին ոստիկանությունը բերման է ենթարկում Հասանի հարազատ եղբորը՝ 38-ամյա Իսսա Ալտեմիրովին։ Քննության կարծիքով, նա ևս հանցավոր խմբավորման անդամ է։
Հոկտեմբերի 2-ին Իսսան դատարանից դեպի մեկուսարան ճանապարհին փախչում է ոստիկանության մեքենայից, նստում սպիտակ Ford Focus֊ը, որն արդեն իրեն էր սպասում։
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվում։ Ոստիկաններին հաջողվում է գտնել մեքենայի տիրոջը՝ Սուլեյման Ալտեմիրովին, ով Հասանի ու Իսսայի հարազատ եղբայրն էր։ Նա ձերբակալվում է եղբոր փախուստը կազմակերպելու մեղադրանքով։
2020-ի փետրվար․ ցատկ պատուհանից ու սպանություն «հանուն պատվի»
Փետրվարի 6-ին՝ Հասան Ալտեմիրովի մեղադրական վճռից երկու շաբաթ անց, Նազրանիում գտնվեց նրա եղբայրը՝ Իսսան։ Հակաթմրանյութային ռեյդի ժամանակ ոստիկանները մեքենա էին նկատել, որում կարող էր գտնվել Իսսան։ Ոստիկանները սպասել էին, մինչև մեքենայի վարորդն ու ուղևորները կբարձրանան հինգերորդ հարկում գտնվող բնակարան, հետո բարձրացել էին նրանց հետևից։ Փորձելով փախչել, Իսսա Ալտեմիրովն իրավապահների ուղղությամբ նռնակ է նետել ու դուրս ցատկել պատուհանից։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացել է։
Բնակարանում նաև կանայք կային՝ 36 և 33 տարեկան։ Նրանք ևս բերման են ենթարկվել։ «Ինտերֆաքսի» տվյալներով, բնակարանից «մեծ քանակության հերոին» է հայտնաբերվել։
Ձերբակալությունների ժամանակ ոստիկանությունն օպերատիվ նկարահանում էր իրականացնում։ Տեսանյութերն արդյունքում հայտնվել էին «ЧП Ингушетия» ինստագրամ էջում։ Հոլովակում երևում է տղամարդ, ով թևերը կապած վիճակում ընկած է գետնին, հետո օպերատորը մյուս սենյակ է գնում ու նկարում անկյունում կանգնած կնոջը։ Կնոջ դեմքին կապտուկանման հետքեր են։ Տեսնելով, որ իրեն ուզում են նկարել, կինը դեմքը ծածկում է գլխաշորով, իսկ օպերատորը գլխաշորը մի կողմ է տանում ու շարունակում նկարել։ Կինը ներկայանում է՝ Լիզա Եվլոևա։ Ինչ էր անում նա այդ բնակարանում և ինչ կապ ուներ Իսսա Ալտեմիրովի հետ՝ պարզ չէ։
Օպերատիվ նկարահանման տեսանյութը արագ տարածվում է սոցիալական ցանցերում։ Եվլոևայի եղբայրը՝ Մահոմեդբաշիր Մոգուշկովը ևս այն տեսնում է։ Փետրվարի 7-ի երեկոյան Լիզա Եվլոևային գտնում են իր տանը՝ սպանված։ Նրա եղբայրը նույն օրը ոստիկանություն է ներկայանում ու խոստովանում, որ սպանել է քրոջը՝ «ընտանիքի պատիվը փրկելու համար»
«Կավկազ․ ռեալիի» նախագծի տվյալներով, շանտաժիստների պատժառով «պատվի սպանությունների» թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել։
Փետրվարի 21-ին «Իրավական նախաձեռնությունը» դիմել է Քննչական կոմիտե, պահանջելով բացատրել, թե ինչպես է օպերատիվ տեսանյութը հայտնվել սոցիալական ցանցերում։ Պարզվել է, որ դեռ փետրվարի 10-ին այդ հոլովակի հրապարակման գործով քրեական գործ է հարուցվել։