«Նաիրիտի» աշխատողներն աշխատում են նիսյայով․ նոյեմբերից սկսած նրանք աշխատավարձ չեն ստանում, երբ են ստանալու՝ չգիտեն, աշխատանքի չգնալ էլ չեն կարող․ հազարավոր տոննաների թունավոր նյութերը ամենօրյա հսկողություն են պահանջում, գործադուլն այստեղ աղետալի հետևանքներ կարող է ունենալ։
«Նաիրիտի» մի քանի տասնյակ աշխատողներն այսօր կրկին Կառավարության մոտ էին։ Նրանք այստեղ էին նաև նախորդ հինգշաբթի։
Խորհրդային միության փլուզումից, Հայաստանի շրջափակումից, երկաթգծի փաստացի փակվելուց հետո հսկա գործարանը կանգնել էր փակուղու առաջ։ 2010 թվականից «Նաիրիտը», որը մինչ այդ էլ շեշտակի կրճատել էր իր աշխատանքի ծավալները, վերջնականապես դադարեց արտադրանք թողարկել։ Նաիրիտցիների մեծ մասը պաշտոնապես գործազուրկ դարձավ 2015-ին․ շուրջ 1700 աշխատող կրճատվեց։ Երկարատև բողոքի ակցիաներից հետո միայն նրանք կարողացան ստանալ իրենց մի քանի տարվա չվճարված աշխատավարձերը: Մեկ տարի անց էլ՝ 2016-ին, գործարանը ճանաչվեց սնանկ։ «Նաիրիտը», ընդհանուր առմամբ, մոտ 100 միլիոն դոլարի պարտք էր կուտակել 292 ընկերության ու անձի հանդեպ:
Գործարանի անվտանգության մոտ 100 գործող աշխատակիցներն այսօր էլ պայքարում են իրենց 5 ամսվա աշխատավարձը ստանալու համար: «Նաիրիտում» սա, թերևս, մշտական խնդիր է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ աշխատակիցների, անգործության է մատնված․ աշխատավարձերի հարցը ոչ մի կերպ չի լուծվում։
— Նոյեմբերից աշխատավարձ չեն ստացել։ Մարդիկ փող չունեն՝ գործի գալու, պերեռիվ անելու․․․
— 25 հազար տոննա թունավոր, պայթյունավտանգ, հրդեհավտանգ նյութեր ունենք։ Անվտանգությունը մենք ենք ապահովում։ Որ չգանք աշխատանքի՝ ի՞նչ է լինելու։
— Նախանցած օրը խոսել եմ Կառավարության բողոքների բաժնի պետի Սիմոնյանի հետ, որին հանձնել էինք մեր նամակները։ Ասեց՝ հանձնարարական է տրվել ԱԻՆ-ին։ ԱԻ նախարարին տեսանք այսօր, ասեց՝ ինքը տեղյակ չի։ Հանձնարարություն, այսինքն, չի եղել։
— Աշխատավարձ ստանալու համար ամեն անգամ ստիպված ենք դուրս գալ հրապարակ․․․
— Տնօրինությունն ի՞նչ անի, եթե ինքն էլ փող չունի, ինքն էլ աշխատավարձ չի ստանում, մեզ հետ գալիս է պահանջելու․․․
— Հզոր Նաիրիտից մնացել է այս խայտառակ վիճակը։
— Նաիրիտի նյութերը եթե պայթեն, երևի Երևանի կեսն էլ տանեն։ Մեզ ինչի՞ համար են պահում։ Որ հսկենք։ Ո՛չ արտադրանք ենք տալիս, ոչ մի բան․․․
— Ես վարկ եմ վերցրել։ Քանի անգամ գնացել եմ հարևանից եմ փող ուզել։ Տուգանք ա գալիս։
— Հիմա եղանակը տաքանում է: Մենք ունենք ինքնաբռնկվող նյութեր։ Օրինակ՝ լաքէթինոլ։ Եթե հսկողություն չլինի, կարող է ինքնաբռնկվի։ Երևի, հիշում եք՝ 3-4 տարի առաջ Նաիրիտում հրդեհ եղավ։ Քանի՞ օր տևեց, մինչև հանգցնեն։
— Մի ամիս չի, երկու ամիս չի․․․ Արդեն հինգ ամիս է աշխատավարձ չեն տալիս, էն էլ՝ էս թանկուկրակ երկրում։ Ճամփեն ենք փակելու, վե՛րջ։ Ամենաճիշտը դա ա։
Զառա Հարությունյան
լուսանկաները՝ Էլիզա Մխիթարյանի