Պաշտոնական Բաքուն հերթական անգամ մեղադրել է Երևանին՝ ականազերծման աշխատանքների հարցում չհամագործակցելու մեջ։
«Հայաստանը հրաժարվում է տրամադրել մեզ ականապատման քարտեզները, ինչը վկայում է, որ հայկական կողմը մտադիր է առաջիկայում էլ շարունակել ռազմական հանցագործությունները», – երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ»: Նաղդալյանը նշել էր, որ հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով։
«․․Ավելին` [Ադրբեջանը] ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով», – նշել էր Նաղդալյանը և կրկին Ադրբեջանին կոչ արել վերադարձնել հայ գերիներին։
Բայրամովը նաև կրկին հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չեն տարածվում այժմ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների վրա․
«Դա [զինծառայողների գերեվարումը] տեղի է ունեցել սադրանքների և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում հայ զինծառայողների տեղակայելուց հետո, որի հետևանքով զոհվել է 4 ադրբեջանցի զինծառայող, քաղաքացիական մեկ անձ էլ՝ վիրավորվել», – երեկ հայտարարել է նա:
Պաշտոնյան պնդել է, որ «Հայաստանը փորձում է իր զորքերը տեղակայել ադրբեջանական հողերում» և ընդգծում, որ անհրաժեշտ է այս հարցում երկրի վրա ճնշում գործադրել։
«Մենք տեսնում ենք, որ այսօր էլ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է սադրիչ, ապակառուցողական և ռևանշիստական հայտարարություններ անել, դա նշանակում է, որ այդ երկիրը մինչ օրս չի գիտակցել նոր իրողությունները», – ասել է պաշտոնյան և հավելել՝ «որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի հայկական կողմի համար»։
Հիշեցենք՝ երեկ ուշ երեկոյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից հաստատվել էր, որ առաջիկա ժամերին Բաքվից հայ ռազմագերիների նոր խումբ պետք է ժամանի։ Գերիների և անհետ կորածների ծնողները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում։ Օդանավը, սակայն, ժամանեց առանց ռազմագերիների։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում պահվում էր 72 հայ գերի։ Ըստ պաշտոնական Երևանի՝ գերիների թիվն ավելին է. մինչ այս Հայաստանը 250 մարդու տվյալներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են (ռազմագերիների) փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է (պատճառների մասին՝ այստեղ, այստեղ և այստեղ)։
Առ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ 15 ադրբեջանցի էլ վերադարձվել է Բաքու։