Home / Բանակ / Սերգեյ Լավրովը՝ հայ գերիների և Ղարաբաղի կարգավիճակի մասին

Սերգեյ Լավրովը՝ հայ գերիների և Ղարաբաղի կարգավիճակի մասին

Ռուսաստանի խաղաղապահները, գեներալ Ռուստամ Մուրադովը զբաղվում են հայ գերիների հարցով։ Քանի հայ գերի կա Ադրբեջանում և երբ են նրան վերադառնալու տուն, սակայն, հայտնի չէ։ Այսօր կայացած ամփոփիչ ասուլիսին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Գերիների հարցը ներառված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Հարցը քննարկվել է նախագահ Պուտինի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի հեռախոսազրույցներում, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-երի հետ իմ հեռախոսազրույցներում: Այդ հարցը լայնորեն քննարկվել է նաև հունվարի 11-ի հանդիպման ընթացքում, երբ Մոսկվա էին այցելել Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:

Եթե ընդհանրացնենք, այո, այս հարցով ավելի շատ խնդիրներ կային հայկական կողմում: Պետք էր առաջին հերթին կազմել և ներկայացնել գերիների և անհետ կորածների հստակ ցուցակները: Ադրբեջանը ներկայացրել էր փոքր ցուցակ, որը հաստատվել էր, և այդ ցուցակներում ընդգրկվածները բոլորն արդեն վերադարձվել են: Գերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված հարցեր Ադրբեջանի կողմից այլևս չեն ծագել:

Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից և ոչ ամբողջական: Որպես արդյունք՝ իրականացվել է բոլոր այն անձանց փոխանակումը, որոնք եղել են նոյեմբերի 9-ով ավարտված իրադարձությունների մասնակից:

Հիմա ծագել է հարց, որը բխում է դեկտեմբերի սկզբին Հադրութում ստեղծված իրավիճակից, երբ այնտեղ էր ուղարկվել հայկական մեծ խումբ, որքան հասկանում եմ՝ զինակոչիկների խումբ: Նրանք գերի են ընկել դեկտեմբերի սկզբին՝ մի քանի օր անց: 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ քանի որ այդ զինվորականներն այնտեղ էին ուղարկվել հրադադարի և բոլոր զինված գործողությունների մասին հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտակել այլ ընթացակարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում»։

Ես և նախագահ Վլադիմիր Պուտինը հակված ենք, այնուամենայնիվ, որ պետք է հարցը փակվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ասել է Լավրովը:

Լավրովը շեշտել է նաև, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել են վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները ԼՂ-ում, չի պարունակում որևէ գաղտնի հավելված։

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող՝ հայ լրագրողի հարցին, նա ընդգծել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցաբար․ «Սա ապագայում քննարկվելիք հարց է»։

Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքն այժմ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է։

«Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, խաղաղապահների մատակարարման և այնտեղ ապրող մարդկանց օգնության տրամադրման հետ կապված նրբություններն ու մանրամասները:

Մենք նաև հակված ենք, որ Կարմիր խաչից բացի՝ միջազգային մյուս կազմակերպությունները, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կառույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը, հումանիտար հարցերով կազմակերպությունը, ևս ներկա լինեն տարածաշրջանում:

Նրանք հիմա Բաքվի և Երևանի հետ քննարկում են առաքելության հարցերը: Քննարկումներն ընդգրկում են նաև կարգավիճակի հարցի վերաբերյալ հակասությունները: Հենց այն պատճառով, որ կարգավիճակը հակասություններ է առաջացնում Երևանի և Բաքվի դիրքորոշումներում, երեք առաջնորդները որոշեցին շրջանցել այդ հարցը և թողնել այն ապագային», – ասել է Լավրովը։

Կարգավիճակի հարցը, ըստ նրա, պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցություններում․ «Նրանք արդեն վերականգնել են կողմերի հետ շփումները, նախատեսում են ևս մեկ այց կատարել տարածաշրջան: Կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե իրականացվեն կողմերի ստանձնած բոլոր հայտարարությունները և պարտավորությունները, որոնք առնչվում են էթնիկ և կրոնական համայնքների բարիդրացիական և համակեցության ապահովմանը»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու «էկզոտիկ մտքին», Լավրովն ընդգծել է․ «Ղարաբաղը չի ճանաչվել ոչ ոքի կողմից, այդ թվում՝ Հայաստանի: Մենք նման միտք չունենք։ Մեր մոտեցումն այն է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ հայաստանցի պաշտոնյաների ԼՂ կատարած այցերի մասին հարցին, Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է՝ Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, և հայաստանցի պաշտոնյաները, որոնք ներգրավված են Ղարաբաղում հումանիտար գործընթացներում, Ղարաբաղ այցելելու իրավունք ունեն։ Այդ թվում դրա համար էլ գոյություն ունի Լաչինի միջանցքը։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ, հավանաբար, պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել Ղարաբաղում և վերհիշել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը։

https://www.youtube.com/watch?v=FyLB59IFZMY