Երկրի վիճակն արդեն չի հետաքրքրում, 7 ամիս ա՝ գիշեր-ցերեկս խառնած։
Վասիլ Ոսկանյանի հետ մոտ մեկ շաբաթ առաջ հեռակա ծանոթացանք` հեռախոսով։ Նախապես ծրագրված հանդիպումը մի քանի անգամ հետաձգվեց․ երկու օր առաջ պետք է Վանաձոր մեկներ՝ պատերազմի մասնակցի հերթական հոգեհանգստի արարողությանը, այսօր՝ Արթիկ՝ նույն նպատակով, այլ դեպքերում Հերացի հիվանդանոցում աշխատող կնոջ հերթափոխության օրերն էին պատճառը։
Վայքի զորամասից 1 տարի 2 ամիս ծառայած 20-ամյա Վահե Ոսկանյանին գումարտակի իր ծառայակիցների հետ միասին Ջաբրայիլ էին տեղափոխել անցած տարվա հոկտեմբերի սկզբին, ինչի մասին որդին ծնողներին չէր հայտնել։ Իմացել էին այլ զինծառայողների բարեկամներից։ Իսկ արդեն հոկտեմբերի 10-ից Վահեն անհետ կորածների ցուցակում էր։ Նրանցից 26-ն այլևս չէին վերադարձել։
«Չկա ոչ մի տեղ, որ մտած չլինենք։ Ոչ մեկը ոչ մի պատասխան չունի։ Ոչ էլ գերիների ցուցակի ճշտում ենք կարողանում անել․․․», – ասում է Վասիլ Ոսկանյանը։
Օրերս նա Կոմիտասի՝ որդու ամենամոտ ընկերոջ, հուղարկավորությանն էր մասնակցել։ Նրա աճյունը ևս ծնողներն են գտել։
Տղաներից 18 զոհվել են․ նրանց ինքնությունն արդեն պարզվել է։
Մնացածների ծնողները շարունակում են պատասխաններ փնտրել։
«Ծնողների հետ արդեն հարազատացել ենք։ 7 ամիս ա՝ իրար հետ փողոցներում, նախարարություններում։ 26 հոգի․․․»։
Ընդհանուր երկրի վիճակը տղամարդուն քիչ է հետաքրքրում․ «Պետք ա կարողանամ մեր երեխեքին ճարեմ․․․ գոնե նրանցը ճարենք։ Ղարաբաղ, ստեղ-ընդեղ, միշտ ման ենք եկել ընդհանուր, սաղի երեխեքին՝ ցուցակները ձեռքներս․․․
Էսօր նայում ենք թուրքի ձեռը։ 90-ականներին մենք էինք թելադրող կողմ, հիմա մեզ են թելադրում»։
15 տարի առաջ ամուսինները հողակտոր են գնել Երևանի Նուբարաշեն համայնքում։ Ծնունդով ալավերդցի, շինարարական աշխատանքներով զբաղվող տղամարդն ասում է՝ միշտ էլ կարողացել են երեխաներին ամեն բանով ապահովել, «գլխներիս ճարը տեսել ենք»։
Վահեն 12 տարի անընդմեջ պարի խմբակ էր հաճախում, որի ծախսը հոգալու համար դեռևս դպրոցական հասակում աշխատանքի էր անցել սուպերմարկետներից մեկում։ Նրա 16-ամյա քույրը բժշկական ակադեմիայի ուսանող է։ Ավելի ուշ՝ սուրճ պատրաստած ու սեղան գցած մայրը պատմեց, որ եղբոր «դեպքից հետո» աղջիկը մեկուսացել է, ոչ-ոքի հետ չի շփվում, դասերից հետո գալիս, փակվում է սենյակում։ Անահիտը սպասում է, թե երբ են պատասխանատվության կանչվելու երիտասարդ տղաներին «շրջափակման մեջ թողած, ռազմի դաշտից փախչած հրամանատարները»։
«Յոթերրորդ ամիսն ա՝ գիշեր-ցերեկը խառնած․․․», – ասում է Վասիլը։ Ինչի՞ց խոսել լրագրողների հետ՝ չգիտի։ Անհետ կորած զինծառայողների այլ հարազատներից է խորհուրդ ստացել պատմել իրավիճակի մասին։ Ավելի ուշ ինձ ուղեկցող գործընկերս համաձայնում է՝ նկարահանում անելն անհարմար է թվում, հարցուփորձ անելը ևս․ պետք է անջատել բոլոր սարքերը ու շփվել այս ընտանիքների հետ, ամեն օր։
Առավել հանգիստ անհետ կորած զինծառայողների ծնողները միմյանց հետ են շփվում՝ «նույն լեզվով են խոսում»։ Ճանապարհ փակելուց մինչև տարբեր գերատեսչությունների մոտ հավաքվելը, հնարավոր է, կոնկրետ նպատակին հասնելու արդյունավետ միջոց չէ։ Բայց այլընտրանք, կարծես, գոյություն չունի։ Գործողությունների դադարեցում տարբերակը բացակայում է։
Պաշտպանության նախարարութունն ու, առավել ևս, կառավարությունը չեն խոսափում շփումներից, «քաշքշուկը քիչ ա, ընդունելն ընդունում են, մեր հանդեպ նորմալ են, բայց ասելու բան չունեն»։
«Հասկանում եմ, – ասում է հայրը, – հայկական կողմից քիչ բան ա կախված, ադրբեջանցիներն էլ խաղացնում են։ Ստիպված ենք ադրբեջանցիների ձեռքին նայել»։
Հայացքս ընկավ կատվի վրա։ «Վահեի կատուն ա», – ասաց տանտիրուհին։ Մինչ այս պահը երիտասարդ կինը լուռ էր, կանգնած էր որպես խոհանոց օգտագործվող անկյունում։
Ամուսնու կողմից նախապես գնված քաղցրավենիքը փնտրելիս, Անահիտը կցկտուր պատմում է պատերազմի օրերին Ղարաբաղից սարսափելի վիճակում բերված վիրավորների մասին։ Վասիլի խոսքով՝ կինը, տղաների լուսանկարները ձեռքին, հարցնում էր՝ արդյոք որևէ մեկը նրանց տեսե՞լ է։
«Հավաքին երեխեքին, նենց շաղ տվեցին, ոչ մի տեղից չենք կարում ճարենք»։
Տղամարդիկ դուրս եկան ծխելու։ Պատվիրված տաքսին արդեն տեղում էր՝ ապրելու համար մի կերպ հարմարեցված տնակի մոտ։
Որևէ օգնություն խնդրելուց ընտանիքը խուսափում է։ Սոցիալական վիճակի, ապրուստի բարելավման մասին հարցերիս պատասխանելուց Վասիլ Ոսկանյանը խոսափում է․ «Էս վշտի մեջ ես ո՞նց, ի՞նչ պիտի խնդրեմ աշխարհից»։
Ալլա Մանվելյան