2020 թ․ դեկտեմբերին անհայտ կորած զինծառայողի մայրը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ Ջաբրայիլում, ապա Հադրութում պատերազմական գործողություններին մասնակցած իր որդին վերջին անգամ Հադրութից կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին։ Ծնողը խնդրել է ՀՔԱՎ-ի աջակցությունը՝ որդուց որևէ տեղեկություն ստանալու հարցում։ Իրավապաշտպանների հայտարարության մեջ գրված է․
– Չնայած արդեն 20 օրից ավելի է, ինչ զինծառայողը գտնվել է, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի պատասխան մեր հարցմանը, հայտնում և պնդում է, թե որոնողական աշխատանքները շարունակվում են, և անհայտ կորած զինծառայողին գտնել չի հաջողվել։ Գուցե սա եզակի դեպք է, բայց հարց է առաջանում, Պաշտպանության նախարարությունը համակարգու՞մ է արդյոք անհայտ կորած զինծառայողների տվյալները, հարազատներին անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրելու և հարազատներին հայտնելու, տեղեկացնելու` պետության պարտավորությունները կատարու՞մ է պատշաճ տեղեկատվական բազայի հիման վրա, թե՞ ոչ։
Զինծառայող Դ․ Ս․-ի մայրը ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ նույն հեռախոսահամարից օգտվել էին այլ զինծառայողներ ևս, իսկ հոկտեմբերի 16-ին արդեն հեռախոսահամարն անհասանելի էր դարձել, քանի որ մարտկոցը լիցքավորում չի ունեցել։ Ծնողները տեղեկություն էին ստացել, որ մի խումբ զինծառայողներ, այդ թվում՝ Դ․ Ս․-ը, հոկտեմբերի 16-ից թաքնված են եղել անտառներում, սակայն նրանց գտնելու ուղղությամբ պատասխանատու կառույցները որևէ գործողություն չեն ձեռնարկել։ Իսկ սեփական նախաձեռնությամբ էլ այդ տարածք մտնել չի հաջողվել, քանի որ հակառակորդը թույլ չի տվել։ Վերջին անգամ զինվորները Ղարաբաղ Տելեկոմի օպերատորի միջոցով են ծնողներին փոխանցել, որ իրենց շարքերում կան վիրավորներ, և օգնության կարիք ունեն։ Ծնողները դիմել են ՀՀ ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովին, սակայն գործողություններ ձեռնարկելու փոխարեն՝ Հանձնաժողովից խորհուրդ են տվել ԱԱԾ դիմել՝ պարզելու, թե որտեղից է եղել զանգը։
ՀՔԱՎ-ը այս տեղեկությունները գրությամբ փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարություն և տեղեկություններ հայցել՝ ինչ գործողություններ են ձեռնարկվել զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, արդյոք համագործակցում են Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների հետ։
[Անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ ամբողջական գրությունը չենք հրապարակում։]Պաշտպանության նախարարությունից ՀՔԱՎ-ի գրությանը պատասխանել են միայն հունվարի 12-ին և հայտնել, որ զինծառայողի տվյալները ներառվել են անհայտ կորածների ցուցակում, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մինչդեռ զինծառայողի մայրը, մինչ Պաշտպանության նախարարության պատասխանն ստանալը, արդեն հայտնել էր, որ զինծառայողը վաղուց արդեն գտնվել է և տանն է։
ՊՆ-ը գրությունը թվագրել է հունվարի 12, այն ՀՔԱՎ-ին է հասել հունվարի 19-ին։ Զինծառայողը գտնվել է գրությունը գրելուց 22 օր առաջ, բայց փաստորեն ՊՆ-ը դրա մասին չի իմացել։
2020 թ․ հոկտեմբերի 5-ից՝ պատերազմական գործողությունների սկսվելուց մեկ շաբաթ անց, ՀՔԱՎ-ը որոշեց հավաքագրել անհայտ կորած համարվող զինծառայողների մասին տեղեկությունները՝ հարազատների կողմից տրամադրած տվյալների հիման վրա։ Տեղեկությունների հավաքագրման աշխատանքներում ներգրավվեց ՀՔԱՎ 5 աշխատակից, որոնք, կարելի է ասել, աշխատում էին շուրջօրյա ռեժիմով։
Այդ տեղեկությունները պարբերաբար ճշտվել և շարունակվում են ճշտվել նոր ի հայտ եկած տվյալների հիման վրա, և ըստ նախօրոք ձեռք բերված համաձայնության՝ պարբերաբար ուղարկվել են ՊՆ համապատասխան ստորաբաժանմանը։ Այս ամենն արվել է՝ ելնելով այն ենթադրությունից, որ պատերազմական գործողությունների ժամանակաընթացքում հնարավոր անհայտ կորելու վերաբերյալ ՊՆ-ը, ըստ պետության պարտավորությունների, պետք է կազմի, կառավարի նման տեղեկատվական բազա, և մեր ներդրումն ենք ցանկացել ունենալ այդ գործում։ Ենթադրել ենք, որ պետական մարմինները անհայտ կորածների մասին տեղեկությունների փնտրման, վարման և հարազատներին իրենց անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկությունները հայտնելու աշխատանքները պետք է իրականացնեն միասնական տեղեկատվական բազայի հիման վրա։
Հիմա հարց է առաջանում՝ կա՞ նման տեղեկատվական բազա, և արդյո՞ք տարբեր պետական մարմիններ գործում են այդ միասնական տեղեկատվական բազայի հիման վրա, թե՞ ոչ։
Մի բան պարզ է՝ առանց նման տեղեկատվական բազայի՝ անհնար է պետության կողմից իր պարտավորությունների պատշաճ, արդյունավետ կատարումը՝ անհայտ կորածների փնտրման աշխատանքների ուղղությամբ և նման անթույլատրելի դեպքերը բացառելու համար։