Ներկա դրությամբ Հայաստանի տարածքում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի մինչև 1000 զինծառայող, հայտարարել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։
«Նշված զինծառայողները մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունեն։ Եթե հարցին լուծում տանք ռազմական ճանապարհով, ապա այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող՝ մենք կոչնչացնենք բոլորին անխտիր կերպով»,- նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, պնդելով, որ նրանք առանց սահմանը հատելու կատարում էին ինժեներական աշխատանանքեր։
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր․«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի ետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈՒ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։