Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել․ «Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայկական կողմը կրակ էր բացել իր՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Աշաղի Բուզգով բնակավայրում տեղակայված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցի զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել ուսի շրջանում։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Մայիսի 27 վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, պնդելով, որ նրանք առանց սահմանը հատելու կատարում էին ինժեներական աշխատանանքեր։
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր․«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի ետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈՒ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»։