Home / Բանակ / Ալիևին դիմելուց հետո իրավապաշտպանին տուգանում են Փաշինյանին նամակ գրելու համար

Ալիևին դիմելուց հետո իրավապաշտպանին տուգանում են Փաշինյանին նամակ գրելու համար

Երեկ Տավուշի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Ծաղկավան գյուղի բնակիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանին սպառնում են ունեցվածքի կալանքով և, այնուհետև, բռնագրավմամբ։ Պատճառը անցյալ տարվա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակն է, որ հրապարակվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին։ Սպառնալիքների մասին ծանուցումը, նշենք, իրավապաշտպանը ստացել է Իլհամ Ալիևին ուղղված դիմումը հրապարակելուց հետո, որում խնդրում էր վերադարձնել հայ ռազմագերիներին։ 

Ֆեյսբուքյան իր էջում Վանյանը, ի թիվս այլի, գրել է․ 

«Երեկ տասնամյա համագյուղացիս երկու նամակ բերեց։ Երկուսում էլ՝ ծանուցում տուգանքի մասին։ Մեկը՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին վարչապետ Փաշինյանին ուղարկածս բաց նամակի հրապարակման, մյուսը՝ ֆեյսբուքից այդ տեքստը ջնջել հրաժարվելուս համար։ Դեպքից յոթ ամիս անց ոստիկանությունը պահանջում է վճարել՝ հակառակ դեպքում ունեցվածքիս վրա կալանք կդրվի, հետո էլ՝ կբռնագրավվի․․․Ես համաձայն չեմ, որ խախտել եմ ՀՀ կառավարության ռազմական դրության մասին որոշումը, որին հղվում է Իջևանի ոստիկանությունը։ Այդ մասին դեռ նոյեմբերին եմ հրապարակավ հայտարարել՝ գրավոր բացատրություն պահանջելով։ Բայց իմ տուն եկած ոստիկանները միայն բանավոր էին առևտուր անում, որպեսզի հրապարակումը ջնջվի։ Անգամ խոստանում էին, որ եթե գրառումը հանեմ, ոչ մի տուգանք չի լինի։ Չնայած 1 000 000 դրամն իմ կարողություններից դուրս է, ես այդ գործարքին չեմ համաձայնել, քանի որ կարծում եմ՝ իմ բաց նամակում իշխանության քննադատություն չկար (տուգանքը հենց դրա համար էր դրվել)։ Հակառակը՝ այդ նամակով ես, որպես քաղաքացի աջակցություն եմ հայտնել Փաշինյանին պատերազմը կանգնեցնելու հարցում․․․Բոլոր դեպքերում՝ մտադիր եմ դիմել Իջևանի փաստաբանական գրասենյակ՝ դատավարություն սկսելու համար։ Հիմա հերթական բաց նամակն եմ գրում Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով, որ իր կարծիքը հայտնի՝ արդյոք իմ նոյեմբերի 6֊ի նամակում իր նկատմամբ քննադատություն տեսնում է, որքան ճշգրիտ է ոստիկանությունն իմ դեպքում մեկնաբանում ռազմական դրության պայմանների կատարումը։ 

Ունեմ բոլոր հիմքերը ենթադրելու, որ տուգանքի նշանակումը մաս է քաղաքական բռնաճնշումների, որոնք վերսկսվել են, Գերմանիայում ժամանակավոր աքսորիցս վերադառնալուց, հրապարակումներ անելուց և հարցազրույցներ տալուց հետո․․․»

Վանյանի՝ մեկ միլիոն դրամ գնահատված նամակի տեքստը․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Հայաստանի Հանրապետությունը վաղուց անցել է իր իսկ քաղաքացիների նկատմամբ հանցագործության շեմը: Դադարեցրեք հաղթելու այս հանցավոր ֆարսը` հարևանին չեն հաղթում, հարևանին չեն տրորում, հարևանին չեն ոչնչացնում. հարևանի հետ խոսում են, խոսում են, խոսում են, այնքան, մինչև մեկ լեզվով խոսելու ունակության դրսևորումը, մինչև փոխհասկացվածությունը:

Հարևանների՝ մեկը մյուսին փոխադարձաբար ոչնչացնելու իներցիան կողմերի՝ առանձին-առանձին ինքնաոչնչանալու ճանապարհն է:

Մոռացեք, մի կողմ թողեք «ստրատեգիական դաշնակցի»՝ փրկչարարության հանցավոր խաբկանքը: Անխափան գործող այս սպանդանոցի պայմաններում մոռացեք, մի կողմ թողեք դաշնակիցների անհեթեթ փնտրտուքը, «ցեղասպանվելու»՝ միջազգային հանրությունից ակնկալվող ողորմության խայտառակությունը։

Հաղթահարեք անգործությունը, հաղթահարեք ազգայնական տաբուների հանցագործ իներցիան:

Անցած 30 տարիների ընթացքում մենք կարող էինք ունենալ, հատկապես այսօր մենք կարող ենք ունենալ և ունե՛նք մեկ դաշնակից և, Ձեր իսկ բնորոշմամբ, այդ մեկ դաշնակիցը մեր հարևան Ադրբեջանն է։

Խոսեք, առանց վախի առերեսվեք Ձեր կոլեգայի հետ։

Գեորգի Վանյան
գյուղ Ներքին Ծաղկավան, Տավուշի մարզ
6 նոյեմբեր, 2020