Home / Հայաստան / Բաքվում ու Երևանում հյուպատոսություններ բացել, ապահովել ազատ տեղաշարժը

Բաքվում ու Երևանում հյուպատոսություններ բացել, ապահովել ազատ տեղաշարժը

«Խաղաղաշինական նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար, Թեքալիի գործընթացի համակարգող, իրավապաշտպան Գեորգի Վանյանը դիմել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով սեղմ ժամկետներում ապահովել երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ Բաքվում և Երևանում համապատասխան հյուպատոսություններ բացելու միջոցով։

— Հարգելի Նախագահ Իլհամ Ալիև և վարչապետ Նիկոլ Փաշինյան,

Ի իրագործում Ձեր՝ ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի հետ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, 

Խնդրում եմ սեղմ ժամկետներում ապահովել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժման ազատությունը՝ Երևանում և Բաքվում բացելով համապատասխան հյուպատոսություններ։

Ադրբեջանի և Հայաստանի այն քաղաքացիների և ամբողջ աշխարհում բարի կամքի տեր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են միանալ իմ պահանջին, անհրաժեշտ եմ համարում փարատել անվտանգության հետ կապված որոշ մտահոգությունները․

1․ Չնայած երկարամյա տեղեկատվական պատերազմին, որի բովանդակության մեջ առկա են ռասիզմի տարրեր, Ադրբեջանում ապրող հայերի և Հայաստանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ չեն իրականացվել կենցաղային բնույթի հանցագործություններ՝ էթնիկական հողի վրա։

2․ Պատերազմի հետևանքները թույլ են տալիս ենթադրել, որ բոլորովին վերջերս ռազմական հակառակորդ հանդիսացած պետություն այցելել ցանկացողների մեծ հոսք չի լինի, հետևաբար՝ անվտանգության ուժերը հեշտությամբ կկարողանան կանխարգելել անցանկալի միջադեպերը։

3․ Երկկողմ և բազմակողմ հանդիպումները մեր երկրների տարածք տեղափոխելը անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական լուծման գործընթացում վստահության մթնոլորտի ձևավորման համար։

ՆՇՈՒՄ․ Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքը ենթադրում է Ղազախի և Տավուշի միջև հաղորդակցություն։ Սահմանային անցակետը կարող է տեղակայվել ԽՍՀՄ շրջանում գործած մայրուղին միացնող ՃՈ նախկին պահակակետում։ Ընդամենը 35-50 մետր ասֆալտ է պետք վերանորոգել։ Վիզային ռեժիմի հաստատումը սահմանամերձ գոտում ապրող քաղաքացիներին միմյանց այցելելու հնարավորություն կտա (նրանք կարող են երկարաժամկետ վիզա ստանալ, օգտվել փաստաթղթերի ներկայացման առցանց կարգից)։ Տավուշի և Ղազախի ինքնակառավարման մարմինների միջև ուղիղ շփումները՝ միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, կառուցողական համագործակցության հնարավորություն կընձեռեն ինչպես պետական սահմանի սահմանազատման գործընթացում, այնպես էլ ականազերծման և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործում։

Հետաքրքրված բոլոր անձանց և կազմակերպություններին առաջարկում եմ տեղեկատվական արշավ սկսել, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դրական արձագանքին։

Հ․ Գ․ Լուսանկարում իմ հայկական անձնագրի էջն է՝ ադրբեջանական կնիքով։ Ես եղել եմ Ադրբեջանում 2018 թվականին։ Ժամանակն է ստեղծել փոխադարձ այցելությունների օրինական և բոլորին հասանելի մեխանիզմ՝ ամրագրված երկկողմ համաձայնագրով։ 

Գեորգի Վանյան
26․01․2021