Երևի լսել եք ՀԱՊԿ-ի մասին։
Մի շատ կարևոր կազմակերպություն է, որը հետսովետական 6 երկրների է միավորում և որում գլխավորը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ-ը կոչված է այդ պետությունների անվտանգությունն ապահովելու։ Թե ինչպես է այն դա անում, հերթական անգամ մենք իմացանք մեկ ամիս առաջ, երբ արյունալի հակամարտություն սկսվեց Կազմակերպության, կներեք, դաշնակից անդամների՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև, որը հիսունից ավել մարդու կյանք խլեց։
ՀԱՊԿ-ն այն ժամանակ չմիջամտեց, քանի որ անվտանգության համար պատասխանատու գեներալները զբաղված էին և չնկատեցին նույնիսկ, որ դաշնակիցներն իրար են կրակում։ Հակամարտության մեկնարկի օրը նրանք նիստ ունեին Տաջիկստանի մայրաքաղաքում և քննարկում էին, թե ինչպես են միասնաբար արձագանքելու Աֆղանստանից եկող սպառնալիքներին, որտեղից հավաքական Արևմուտքը զորքեր էր հանում։
Հետո ՀԱՊԿ-ում վայ-վայ ասեցին՝ իբր ինչ կարող ենք անել, մեր հիմնադիր հայրերը չէին պատկերացնում, որ մեր հիանալի Կազմակերպության անդամ երկրները կսկսեն պատերազմել միմյանց դեմ։ Հայրերը մեզ չեն թողել մի մեխանիզմ, որը կստիպի հարևաններին խաղաղ ապրել։
Նախորդ աշնանը ՀԱՊԿ-ում այլ կերպ բացատրեցին, թե ինչու չեն կարող օգնել իր կազմի մեջ մտնող Հայաստանին, երբ վերջինս Ղարաբաղի համար պատերազմում դիմադրում էր Ադրբեջանին։ Փաստարկները երկաթ-բետոնյա էին․ Բաքուն իր տարածքներն է փորձում հետ բերել, ոչ թե ոտնձգում Հայաստանի տարածքների դեմ։
Կես տարի անցավ այն պատերազմից, որը, բոլոր պատերազմների պես, խաղաղությամբ ավարտվեց շնորհիվ Պուտինի, իհարկե։ Այժմ անկարգություն է տիրում արդեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Ադրբեջանցիք, որոնք իրենց հաղթող են հռչակել, երկու շաբաթ առաջ սկսեցին նոր սահման զատել պարտվածների հետ այնպես, ինչպես իրենց է արդար թվում։ Համոզիչ երևալու համար նույնիսկ մի քանի հարյուր զինվորականներ են տեղափոխել այն տարածքներ, որոնք իրենք հետ բերած են համարում։ Հայերին դա դուր չեկավ, և նրանք սկսեցին մինապատել այն հատվածները, որոնց հարևանը կարող է հավակնել։
Ադրբեջանը գերեվարեց վեց հայ զինվորականների։
Եվ այստեղ Երևանը՝ երկու շաբաթվա ընթացքում հերթական անգամ, օգնության համար դիմեց ուղիղ ՀԱՊԿ՝ չէ՞ որ ագրեսիան Կազմակերպության անդամի հանդեպ ակնառու է։ Նույնիսկ դժգոհություն հայտնեց, թե ՀԱՊԿ-ը չի շտապում արձագանքել դաշնակցի կոչերին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անձամբ էմոցիաները չէր թաքցնում․․․
Այս անգամ սպառիչ պատասխանը չուշացավ։ ՀԱՊԿ մամլո-քարտուղար Զայնետդինովը զուսպ էր․ «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունը ընդունվել է ի գիտություն։ Աշխատանքը շարունակվում է՝ համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարության»։
Պետք է ասել՝ մեր ռազմաքաղաքական բյուրոկրատներից ավելի ծիծաղելի բան շուտվանից չէի լսել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ճշտի ու մեղավորի որոշման գլխավոր պատասխանատու են նշանակել ղեկավարներից մեկին, որը պատասխանատու է ՀԱՊԿ այլ անդամների՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև հակամարտության համար։
Սա նման է նրան, որ մի հրդեհը մարելու համար կանչեն նրանց, ովքեր չէին խանգարում հարևանությամբ մեկ այլ հրդեհ բռնկվելուն․․․
Էլ ինչի զարմանալ, որ Երևանը Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին է խնդրում, որպեսզի շտապ միջամտեն հակամարտությանը։ Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, հիվանդագին են ընդունում սա․ իրենց խաղաղարարությունը Ղարաբաղում այլևս ունակ չէ պաշտպանել ՀԱՊԿ-ի հայ դաշնակիցներին թշնամական հարևանի հաղթական ամբիցիաներից։
Կրեմլում, կարծես, դրա ժամանակը չունեն հիմա, բոլոր ուժերը ուղղել են են մեկ այլ դաշնակցի՝ Լուկաշենկոյի պաշտպանությանը, որն, ի դեպ, ՀԱՊԿ հենասյուներից մեկն է։
Պետք է նաև Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվել։
Ու ճիշտ է՝ Մոսկվան դատարկ տեղը ուշադրությունը շեղելու ժամանակ չունի, դրա համար կա Ռահմոնը, իզո՞ւր են, ինչ է, նրան Հաղթանակի զորահանդեսին կանչել։ Թող հիմա խաղաղություն փնտրի Կովկասում, նա հայտնի խաղաղասեր է․․․
Արկադի Դուբնով
աղբյուր