ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր դժգոհությունն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մի շարք գործընկերների դիրքորոշմամբ: Այս մասին ասված է Սարգսյանի և ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման մասին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, սակայն թե կոնկրետ որ գործընկերոջ/գործընկերների մասին է խոսքը, չի նշվում:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ «ցավոք, ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ամեն կերպ սպառնալիքի տակ են դնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ձևավորված անվտանգության փխրուն համակարգը»:
Նա նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որոնք դրսևորվում են տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին:
«Իլհամ Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները», – ասված է հաղորդագրության մեջ:
Նիկոլայ Բորդյուժան, իր հերթին, նշել է, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստման շրջանակներում ինքն այսօր զբաղվում է անվտանգության տեսանկյունից ՀԱՊԿ անդամ պետությունների առջև ծառացած առավել սուր խնդիրների ուսումնասիրմամբ, որոնք, նրա խոսքով, մի քանիսն են, այդ թվում՝ ամռանը լարվածության շիկացման հետ կապված իրավիճակը:
Բորդյուժան կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում անհրաժեշտ է զեկուցել և քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են լրջորեն ազդել Կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա: