Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
01:19_ Իրանը առաջարկում է Մինսկի խմբի մեխանիզմը լրացնել «Իրան-Թուրքիա-Ռուսաստան» տարածաշրջանային նախաձեռնությամբ
Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորմանը աջակցելու պատրաստակամություն է հայտնել’ «Իրան-Թուրքիա-Ռուսաստան» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում։
00:21_ Ղարաբաղի արտգործնախարարը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի «հույսը».
Մայք Պոմպեոն այսօր ավելի վաղ հայտարարել էր. «Հույս ունենք’ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»:
Մասիս Մայիլյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի այս հույսը և նշել, որ պաշտոնական Ստեփանակերտը ակնկալում է, որ միջազգային հանրությունը [հույս հայտնելուց բացի] նաև ակտիվ ու կառուցողական դեր կստանձնի’ ադրբեջանաթուրքաահաբեկչական եռյակի հանցագործությունները կասեցնելու համար և կճանաչի Արցախի անկախությունը։
23:54_ «Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է», –
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն:
23:11_ Հայաստանի ԱԱԾ անհեթեթություն է որակել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունը, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները ադրբեջանական խոշոր քաղաքների մարդաշատ վայրերում ահաբեկչական գործողություններ են նախապատրաստում։
«Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: ․․․համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին», – ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
22:43_ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից (աղբյուր` Արցախ տեղեկատվական շտաբ)
– Այսօր՝ վաղ առավոտյան, նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ երկու-երեք ուղղություններով։
– Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում։
– Երկուստեք կան կորուստներ։ Որոշ բնագծերում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել։
– Իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։
– Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է լինում, սակայն առավոտները նորից վերսկսվում են հարձակումները:
21։53_ Ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր շրջանառվում, որում ցուցադրվում է՝ ինչպես են Ադրբեջանի զինվորականները գնդակահարում երկու հայ գերիների։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ առնչություն չունի այդ տեսանյութի հետ, ինչից հետո ադրբեջանական աղբյուրները տեսանյութը սկսել են հերթով ջնջել։
Պատերազմական այս հանցագործության առթիվ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է հրապարակել։
Դեպքին անդրադարձել է նաև Ղարաբաղի ՄԻՊ-ը։
Միջազգային կառույցներից արձագանք դեռևս չկա։
Ավելի վաղ Հայաստանի օմբուդսմենը BBC-ի հետ զրույցում նշել էր, որ Ղարաբաղի և Հայաստանի ՄԻՊ-երը կապնվում են ենթադրաբար գնդակահարված տղամարդկանց հարազատների հետ։
Սպանվածները – մեկը՝ երիտասարդ, մյուսը՝ տարեց – ամենայն հավանականությամբ գերևարվել են Հադրութի մոտակայքում, որտեղ վերջին գրեթե մեկ շաբաթվա ընթացքում դաժան մարտեր են ընթանում։ Գերևարման պահը ևս նկարահանվել էր և հայտնվել համացանցում։
Ադրբեջանի ՊՆ-ն BBC-ին, նախ, հայտնել է, որ հետազոտում է տեսանյութերը, հետո՝ որ տեսանյութերը սադրանք են և որևէ կապ ադրբեջանցի զինվորականների գործողությունների հետ չունեն։ Ավելի ուշ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որով կասկածի տակ էր դրել տեսանյութերի իսկությունը և խոսք էր տվել ընթացող հետաքննության մասին հանրությանը տեղյակ պահել։
Հայաստանի ՄԻՊ-ը նշել է, որ տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին:
20:43_ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն կրկին հեռախոսազրույց են ունեցել։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ-ն և Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել են, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների՝ մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:
Նշվել է կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման, նաև՝ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով:
20։11_ «Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ», — Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն։
19:04_ Գլխավոր դատախազությունը մերժել է ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի առաջարկը։
Մարուքյանն առաջարկում էր “Բարգավաճ Հայաստան” խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանվարումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։
18:52_ «Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը․․․ Մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը», — Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյան։
18։47_ ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու [վերիֆիկացիոն] մեխանիզմի համաձայնեցման շուրջ առայժմ աշխատանքներ չեն տարվում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել ռազմական գծի ողջ երկայնքով, համաձայնեցնել հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմը: Մենք հուսով ենք, որ այս մեխանիզմը կգործարկվի հնարավորինս շուտ»,- ասել է Զախարովան։
Վերիֆիկացիոն մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին ավելի վաղ խոսել էին նաև Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը և Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
18։14_ ― Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանը Armeniasputnik.am կայքում հոդված է հրապարակել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ իր պաշտոնավարման ժամանակ ձեռնարկված քայլերի մասին։
― Հավանաբար՝ ի պատասխան Փաշինյանի ուղերձին, որում նա նշում էր, թե ժառանգել է մի իրավիճակ, որը ենթադրում է․ «անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում»:
― Հաշվի առնելով բանակցվող փաստաթղթի (Մադրիդյան սկբունքների) բովանդակությունը, Փաշինյանի հայտարարության վերջին մասը թվում է բացահայտ խեղաթյուրված․ տասնամյակներ շարունակ բանակցվող լուծմումը չի ենթադրում «ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում», այլ ենթադրում է միջանկյալ կարգավիճակ և հանրաքվե՝ տեղահանվածների վերադարձից հետո, որի ընթացքում պետք է որոշվի ԼՂ վերջնական կարգավիճակը (ադրբեջանական կողմի անհամաձայնությունը, թերևս, հենց այստեղ է․ հաշվի առնելով, որ ԼՂ բնակչության մեծ մասը մինչև պատերազմը հայեր են եղել, փախստականների վերադարձից հետո իրականացվելիք հանրաքվեի արդյունքները թվում են Ադրբեջանի համար կանխատեսելիորեն ոչ ցանկալի)։
Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնավարծ Նալբանդյանը ծավալուն հոդված է հրապարակել (ռուսերեն լեզվով), որը ներկայացնում է բանակցային այս իրողությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
17։06_ «Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։
Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան», — ԱՀ Արտակարգ իրավիճակների պետծառայություն։
17:05_ Ռազմական դրության պայմաններում գործող թեժ գծերը և տեղեկատուները․
✔️ Սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114
✔️ Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա կամ զանգահարել թեժ գիծ՝ 8003
✔️ Զինծառայողների կամ կամավորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ՊՆ թեժ գիծ` 1-28, 8501, 8503
✔️ Մարտական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքներին, նաև տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար զանգարարեկ թեժ գիծ` 060 834 777
✔️ Ղարաբաում հաշվառվածների կանխիկ վճարվող կենսաթոշակները և նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Այցելել «Հայփոստ»-ի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Տեղեկություններ ստանալու համար զանգահարել 114 թեժ գիծ կամ «Հայփոստ»՝ 010 514514
✔️ Հայաստան-Արցախ ելումուտի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար զանգահարել՝ +37447 95 42 29, +37447 94 45 29
✔️ Արցախից ժամանած քաղաքացիները փաստաթուղթ ստանալու համար կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող Տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային և վիզաների վարչություն (ՕՎԻՐ)
16:03_ ՀԱՊԿ-ը ակտիվորեն քննարկում է Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հարցը։
➖ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կազմակերպությունում ակտիվ քննարկում են Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հարցը։
➖ ՀԱՊԿ մամուլի քարտուղարը երեկ նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների ներգրավվումը հնարավոր է միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատը ստանալու և հակամարտող կողմերի համաձայնության դեպքում, գրել է ՏԱՍՍ-ը։
15:58_ Հայկական կողմը ադրբեջանական ևս մեկ ՍՈՒ-25 է խոցել:
Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնել է ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:
15։44_ Հունաստանի արտգործնախարարը գալիս է Հայաստան․
Հոկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումից հետո՝ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև երկարատև լարվածությունը կրկին սրվեց այս տարվա օգոստոսին՝ Միջերկրական ծովի վիճելի հատվածներում Թուրքիայի կողմից սկսված սեյսմիկ հետազոտությունների պատճառով։
15:16_ Թուրքիան փակում է օդային տարածքը դեպի Հայաստան եկող հումանիտար բեռների համար. ավելի մանրամասն՝ այստեղ։
15:10_ «Հարավում ծանր ու համառ մարտեր են», – Արծրուն Հովհաննիսյան։
14։56_ Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում Հայաստանի տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել Հայաստանի տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված 11 զինծառայողներ, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:
Ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանը հայտնել է առնվազն 2 քաղաքացիական զոհերի մասին (Վարդենիսի շրջանում և Գեղարքունիքի Շատվան գյուղում )։
14։02_ ՊԲ֊ն հրապարակել է ռազմական գործողությունների արդյոնքում զոհված 49 զինծառայողների անունները․
Դադոյան Ալբերտ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2002թ.
Քաղաքացիական Գրիգորյան Էդուարդ Ալիկի, ծնվ. 1996թ.
Նալբանդյան Արմեն Մխիթարի, ծնվ. 1990թ.
Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ.
Ավագիմյան Արշակ Վազգենի, ծնվ. 1990թ.
Սարգսյան Լևոն Գարեգինի, ծնվ. 1986թ.
Ռուստամյան Սաշիկ Արմենի, ծնվ. 1994թ.
Գրիգորյան Կամո Սանասարի, ծնվ. 2000թ.
Վերանյան Վոլոդյա Վարդանի, ծնվ. 2001թ.
Վարդանյան Վահե Էդիկի, ծնվ. 2000թ.
Շամյան Գևորգ Հայկի, ծնվ. 2000թ.
Բաղդասարյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.
Սահակյան Սամվել Սուրենի, ծնվ. 1986թ.
Կարապետյան Մանվել Արծրունի, ծնվ. 1988թ.
Գրիգորյան Հովհաննես Համլետի, ծնվ. 1991թ.
Մինասյան Վարդգես Վահագնի, ծնվ. 1994թ.
Աղաբաբյան Հայկ Ռաֆայելի, ծնվ. 1985թ.
Ասատուրյան Անդրանիկ Ալեքսանդրի, ծնվ. 1988թ.
Գևորգյան Աշոտ Գառնիկի, ծնվ. 1996թ.
Մամիկոնյան Մելիք Արամայիսի, ծնվ. 1997թ.
Պողոսյան Ալեքս Վարդանի, ծնվ. 2001թ.
Լալայան Հայկ Գագիկի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Դավիթ Մհերի, ծնվ. 2002թ.
Սիմոնյան Արծրուն Ժիրայրի, ծնվ. 1994թ.
Սևոյան Լևոն Մեխակի, ծնվ. 1994թ.
Ավետիսյան Ավետիս Խաչիկի, ծնվ. 1997թ.
Սողոմոնյան Հենրիկ Ռաֆիկի, ծնվ. 2001թ.
Բոցինյան Գոռ Սերժիկի, ծնվ. 1991թ.
Բարխուդարյան Ջոն Հրաչիկի, ծնվ. 1985թ.
Կարախանյան Կարապետ Ալեքսանդրի, ծնվ. 1989թ.
Դավթյան Ենոք Ալեքսանդրի, ծնվ. 1988թ.
Լազարյան Ղևոնդ Սոսիկի, ծնվ. 1972թ.
Անտոնյան Անտոն Բագրատի, ծնվ. 1984թ.
Բոցինյան Խաչիկ Պարույրի, ծնվ. 1989թ.
Մկրտումյան Բաբկեն Արարատի, ծնվ. 1990թ.
Ջանիբեկյան Արտաշես Կորյունի, ծնվ. 1985թ.
Պողոսյան Վարդան Դերենիկի, ծնվ. 1987թ.
Թորոսյան Արամո Կարենի, ծնվ. 1999թ.
Պողոսյան Խաչիկ Մարտիրոսի, ծնվ. 2000թ.
Սիմոնյան Կարեն Աշոտի, ծնվ. 1985թ.
Խաչատուրյան Խաչատուր Հովհաննեսի, ծնվ. 1990թ.
Դրմեյան Արման Էդվարդի, ծնվ. 1980թ.
Գրիգորյան Անդրանիկ Կարենի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Կարապետյան Էդիկ Արմենի, ծնվ. 1964թ.
Պահեստազորային Միսակյան Արթուր Թորգոմի, ծնվ. 1973թ.
Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ.
Մյասնիկյան Մյասնիկ Պարգևի, ծնվ. 1990թ.
13։53_ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր հայտնել է 43 զոհված և 218 վիրավոր խաղաղ բնակիչների մասին։ Վթարային վիճակում են հայտնվել 1592 բնակելի տներ, 79 բազմաբնակարան շենքեր և քաղաքացիական նշանակության 290 օբյեկտներ։
Զոհված զինվորականների մասին տեղեկություններ ադրբեջանական կողմը դեռևս չի հայտնում։
12։01_ Այսօր վաղ առավոտյան հրապարակվել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «Ռազմական դրության պայմաններում սահմանափակումները խստացնելու մասին» նոր հրամանագիրը։
― Ղարաբաղի ներսում ազատ տեղաշարժը սահմանափակվում է,
― խստացվում են Արցախից դուրս գալու պայմանները (Ղարաբաղը կարող են լքել բացառապես կանայք և երեխաները, նաև՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղամարդիկ, որոնք անհետաձգելի միջամտության կարիք ունեն)։
― ստեղծվում է պարետատուն, որը պետք է հայտնաբերի զորահավաքային զորակոչից խուսափող անձանց, ստուգի մեքենաները, բնակարանները, փաստաթղթերը։
11։53_ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը քննում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության հանգամանքները։
“Մեզ անհրաժեշտ է հետաքննել այդ հարցը։ Մենք վստահ չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել։ Կասկածներ ունենք, որ դա կարող էին անել հայերը՝ մեզ մեղադրելու համար։ Եթե դա իրապես արվել է ադրբեջանցի զինվորականների կողմից, ապա դա սխալմունք է եղել։ Պատմական և կրոնական օբյեկտները մեր նպատակների/թիրախների մեջ չեն մտնում», – France 24-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հայտարարել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերի շարքերում վարձկաններ չկան և նշել, որ Ֆրանսիայի նախագահը հակամարտության գոտում օտարերկրյա գրոհայինների ներկայությունը փաստող որևէ համոզիչ ապացույց այդպես էլ չի ներկայացրել։ Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին տեղեկություններն էլ որակել է որպես «ֆեյք-նյուզ»։
11:43_ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման պատճառով։
Ռուսաստանցի 6 պաշտոնյաների, այդ թվում Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարի մուտքը Եվրամիության տարածք հոկտեմբերի 15-ից կարգելվի, հայտնում է New York Times-ը։
10:48_ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը անդրադարձել է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրին, խորը ցավակցություններ հայտնել բոլոր տուժածներին և և կրկնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որ պետք է «հումանիտար իրավունքի պահպանմամբ և կրակի դադարեցմամբ պաշտպանենք խաղաղ բնակչությանը»։
Երեկ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը նույնաբովանդակ գրառմամբ անդրադարձել էր Գյանջայի ողբերգական դեպքերին, ինչին ի պատասխան Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը պահանջել էր «մարդու իրավունքների ունիվերսալություն»․
«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար հաղորդագրություն են տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում են ադրբեջանական ագրեսիայից: Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից մարդու իրավունքների իրական ունիվերսալություն», – գրել էր Բեգլարյանը։
08:55_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը», –Արծրուն Հովհաննիսյան:
――――――――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27