Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Ադրբեջանի պատերազմական հարձակումից կարճ ժամանակ առաջ գրեթե 1 միլիոն դոլարի անվտանգության սարքավորումներ է գնել։
«Օկտագոն» տեղեկատվական-վերլուծական ռեսուրսը ամերիկյան տարբեր գերատեսչությունների մոտ ոչ պարբերական և անսովոր ծախսեր է նկատել՝ ուղղված Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը [գնումների քաղվածքները՝ այստեղ]։
2020 թվականի օգոստոսից սեպտեմբեր ժամանակահատվածում ամերիկյան գերատեսչություններն ավելի քան 937 հազար դոլար գումար են ծախսել դեսպանատան համար տարբեր տեսակի գնումների համար։ Օգոստոսին առաջին հերթին պատվիրել են փրկարարական և վերանորոգման գործիքներ՝ 47 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։ Մեկ ամիս անց ևս մեկ կազմակերպության հետ պայմանագիր է կնքվել 51 հազար դոլարի գործիքների գնման վերաբերյալ։
Դեսպանատունը նաև պատվիրել է ստուգման սարքավորումներ, ազդանշանային ժիլետներ և գավազաններ, փշերով ճանապարհագոտիներ, օդի աղտոտվածության սենսորներ, փրկարարական մանեկեն ուսումնական ապարատներ, բժշկական սարքավորումներ, անվտանգության համակարգեր, հավաքված թվային ապացույցների փորձագիտական հետազոտության սարքավորումներ։ Սեպտեմբերի վերջում գերատեսչությունը ևս մի քանի խոշոր պատվեր է գրանցել․ անվտանգության գոտիներ՝ 325 հազար դոլար ընդհանուր արժողությամբ և Glock-19 ատրճանակներ՝ ավելի քան 100 հազար դոլար արժողության։
Երևանի դեսպանատան հետ կապված գնումներում «պաշտպանական» այսպիսի ակտիվությունը սկսվել է հենց 2020 թվականի օգոստոսին։ Առնվազն 2015-2019 թվականների ընթացքում Միացյալ Նահանգների դեսպանությունն արտակարգ իրավիճակներում կիրառելի հատուկ միջոցների գնումներ չի իրականացրել։
Սեպտեմբերին երկարաձգվել են բժշկական ապահովագրությունները, ձեռք են բերվել բժշկական միջոցներ։ Այսպիսի գնումները պարբերական բնույթ ունեն։
Գնումները սկսվել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած ռազմական էսկալացիայից հետո, որին, ինչպես հիշում ենք, հաջորդել էին լայնածավալ զորավարժությունները․ հուլիսի 23-ին Հայաստանը համատեղ զորավարժություններ էր սկսել Ռուսաստանի հետ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն էլ վարժանքների շարք էր սկսվել Ադրբեջանում, որին սեպտեմբերի սկզբից միացել նաև Թուրքիան։
Սեպտեմբերի 26-ին՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումից մեկ օր առաջ, Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ դեսպանությունները հայտարարություն էին արել՝ հորդորելով իրենց քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից։