Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
22:46_ «Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։
Հրթիռակոծվում է նաև Շուշին», – ՊՆ Արծրուն Հովհաննիսյան։
22:36_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել
«Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն», – գրել է Հարությունյանը։
Համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար, գրել է Ղարաբաղի նախագահը․ «Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում»։
Սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ, եզրափակել է նա․ «Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»։
22:02_ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
— Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։
«Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:
Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց։
21:58_Հայկական կողմը պատրաստ է զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եթե զիջումների գնա նաև Ադրբեջանը։ Ֆրանս-պրեսս գործակալության հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների», – ասել է Փաշինյանը։ Այս մասին գրել են Տասս, Ռիա-Նովոստի և ԲԲՍ գործակալությունները՝ հղվելով Ֆրանս-պրեսի կողմից հրապարակված հարցազրույցի անոնսին։
20:20_ ՄԻԵԴ-ը բավարարեl է Հայաստանի կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Թուրքիայի նկատմամաբ, հայտնել է Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։
19:22_ Թուրքիան ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:
«Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, մենք ուզում ենք համագործակցել։
Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց հարցի լուծմամբ զբաղվել է համանախագահ եռյակը՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Այս 30 տարվա ընթացքում Մինսկի խումբը ոչ մի քայլ չի արել այս հակամարտության լուծման համար և ցույց է տվել իր չկայացվածությունը։
Թուրքիան ուզում է ակտիվացնել իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում և լինել Մինսկի խմբի համանագահ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի մասնակցությունն այս հարցի լուծմանը կարող է լինել կամ երկկողմ կամ էլ բազմակողմ ձևաչափով», – թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն, գրում է lragir.am-ը։
19:12_ «Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին», – հաղորդում է նախարարությունը։
Հիշատակված մարդիկ պահանջում և լուսանկարում են Ղարաբաղից ժամանած մարդկանց անձնագրերը և գումար են պահանւում մարդկանցից՝ իբր թե կացարանի և տրանսպորտային հարցերը լուծելու դիմաց։
Սոցապ նախարարությունը կոչ է անում զգոն լինել, որևէ մեկին թույլ չտալ նկարել անձը հաստատող փաստաթղթերը, պետկառույցների անունից հանդես եկողներից էլ պահանջել ներկայացնել համապատասխան վկայական:
Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:
17:32_ Ստեփանակերտն այսօր։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/802208173948445
17:31_ Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։
«Որ դրան կհետևի ՊԲ համաչափ պատասխանը՝ ընդամենը րոպեների հարց է, բայց որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով՝ թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է», – գրել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան։
17:12_ «Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց», – գրել է Հայաստանի ԱԳՆ՝ անդրադառնալով ռազմական գործողությունների նոր թեժացմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր Բաքվում էր․ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հանդիպումից հետո նա վերահաստատել էր՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ինչպես ռազմի, այնպես էլ դիվանագիտական դաշտում, գրում է BBC-ին՝ հղվելով Ազրետաջ գործակալությանը։
Ըստ աղբյուրի՝ Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ մերժել է այլ տերությունների՝ կրակի դադարեցման և բանակցություններին վերադառնալու կոչերը, և նշել, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տևել են 30 տարի և արդյունքի չեն բերել։
16:56_ «Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը», – հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
16:53_ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ
Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:
Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։
Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար:
Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
16։51_ Հայաստանի նախագահի աշխատակազմը 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար․ գումարի մի մասը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մյուս մասը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։
Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կապիտալ վերականգնման համար այսօր իր պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ է հայտակցեր նաև Երևան քաղաքը։
16։28_ «Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈՒ-ն, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:
Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ», – քիչ առաջ գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
16։13_ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի տեղակալ:
Այսօր ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը ստորագրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
16:11_ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Ղարաբաղը «ահաբեկչական խմբավորումների պլացդարմ» դառնալու ռիսկի տակ է։
Մեջբերելով ԱՀԾ ղեկավարին՝ գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Մեզ չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Անդրկովկասը կարող է միջազգային ահաբեկչական խմբավորումների նոր պլացդարմ դառնալ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են մտնել նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան», – ընդգծել է Նարիշկինը։
«ԱՀԾ ունեցած տվյալների համաձայն, հակամարտության գոտում ակտիվորեն հավաքվում են վարձկաններ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես՝ «Ջեբաթ ան-Նուսրա»-ից, «Ֆիրքաթ ալ-Համզա»-ից, «Սուլթան Մուրադ»-ից, նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից», – հայտարարել է ԱՀԾ ղեկավարը։ Նա ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր և անգամ հազարավոր արմատականների մասին է։
➖ Այսօր ղարաբաղյան մարտերին վարձկանների ներգրավվածության մասին խոսել էր նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Ասադը նշել էր, որ Ղարաբաղում հակամարտության հիմնական հրահրողը Թուրքիան է, և վստահեցրել՝ Դամասկոսը կարող է հաստատել, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից տարած ահաբեկիչներին։
➖ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին, Ֆրանսիայի նախագահն էր պնդել, թե Փարիզը հետախուզական ստույգ տվյալներ ունի, որ Անկարան Սիրիայի հյուսիսից՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից վարձու զինյալների է տեղափոխում Ադրբեջան։ Ադրբեջանն ու Թուրքիան հերքում են այդ մեղադրանքները։
15։56_ Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը թիրախավորվել է թուրք ազգայնականների կողմից հայ-ադրբեջանական խաղաղության կոչերի համար: Թուրքիայում ստորագրահավաք է մեկնարկել՝ ի պաշտպանություն Փայլանի. «Փայլանը մենակ չէ»։
<Երբ վերևի քաղաքականությունները փորձում են տարածաշրջանը բաժանել ազգային, կրոնական, քաղաքակրթական և այլ հիմունքներով, կարևոր է ներքևում դիմադրել դրան և ցույց տալ, որ բաժանարար գծերը անցնում են գաղափարակրության միջով», – գրել է պատմաբան Գայանե Այվազյանը:
Ստորագրահավաքին միացած մարդկանց անունները` այստեղ։
15։12_ Լևոն Տեր-Պետրոսյան’ի ֆեյսբուքյան էջը վերահրապարակել է 2016 թվականի մայսիսին լույս տեսած տեքստից մի հատված, որտեղ Տեր-Պետրոսյանն անդրադառնում է Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին։
«Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։
Ուստի Հայաստանն իր գործողություններով (խոսքը մասնավորապես Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելու գաղափարի մասին է) ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը, ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում եւ կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ գործընթացի օրակարգում քննարկվող փաստաթուղթը պարունակում է Ղարաբաղի անկախության ձեռքբերման անհրաժեշտ իրավական հիմքերը։
Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետեւանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու։ Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արեւելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա) տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։ Հետեւաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից։
Հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետեւյալն է։ Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել»։
06.05.2016թ.
Ամբողջական` այստեղ։
14։57_ Հոկտեմբերի 8-9-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։
Այս մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գրում է «Ազատությունը»։
Դա նախապես ծրագավորված այց էր և որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող իրավիճակի հետ, ասել է նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահական աշխատակազմին սպասարկող ինքնաթիռը։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նշել էր, որ Երևան են ժամանել ԵԱՏՄ նիստը նախապատրաստող խմբեր։
14։30_ Ղարաբաղյում հակամարտության գլխավոր հրահրողը Թուրքիայի նախագահն է, պնդել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
«Ռեջեփ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր», – ռուսական ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ասադը։
Դամասկոսը կարող է հաստատել, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից տարած ահաբեկիչներին, վստահեցրել է երկրի նախագահը․ «Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրանք մատնանշող փաստեր»։
14:11_ ԿԳՄՍ-ն ուսուցիչներ է հավաքագրում․
«Սիրելի մանկավարժներ, պատերազմական իրավիճակով պայմանավորված` Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։
Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):
Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար», – գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
13:54_ ՀԱՊԿ-ը հետաձգում է հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված 2 զորավարժությունները։
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
13:52_ ՊԲ-ն հրապարակել է մարտական գործողությունների արդյունքում զոհված ևս 21 զինծառայողների անունները․
Մարտիրոսյան Լեռնիկ Մակիչի, ծնվ. 1988թ.
Միսկարյան Սեյրան Սամվելի, ծնվ. 1986թ.
Պալաքյան Կարեն Կոնոյի, ծնվ. 1988թ.
Առաքելյան Գեղամ Հրաչիկի, ծնվ. 1977թ.
Մինասյան Կամո Մանվելի, ծնվ. 1984թ.
Անդրյան Վալերի Վաղինակի, ծնվ. 1981թ.
Վարդանյան Հարություն Վարդանի, ծնվ. 1995թ.
Կիրակոսյան Իվան Մարտիկի, ծնվ. 1991թ.
Հովհաննիսյան Արկադի Շիրակի, ծնվ. 1983թ.
Մխիթարյան Ազատ Վահագի, պահեստազորային, ծնվ. 1991թ.
Լևոնյան Սեդրակ Հենրիկի, պահեստազորային, ծնվ. 1976թ.
Ասատրյան Սիմոն Գեղամի, պահեստազորային, ծնվ. 1967թ.
Գասպարյան Էդուարդ Երվանդի, ծնվ. 1988թ.
Գալստյան Արամ Գալուստի, ծնվ. 2000թ.
Ղուլյան Հայկ Բաղդասարի, ծնվ. 2001թ.
Մովսիսյան Սասուն Սևակի, ծնվ. 2001թ.
Հակոբյան Գոռ Լյովայի, ծնվ. 2000թ.
Հարությունյան Արթուր Սամվելի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Վրեժ Արմենի, ծնվ. 2000թ.
Ենգիբարյան Արմեն Սամվելի, ծնվ. 1997թ.
Կարապետյան Իսրայել Գևորգի, ծնվ. 2000թ.
13:51_ Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի Հայաստան վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։ Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է ՀՀ պետական շահերին»։
13։08_ «Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են ՊՆ կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։
Հայաստանի ՊՆ-ն առևտրային որրևէ ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»», – հաղորդել է Հայաստանի ՊՆ-ն։
12:45_ Հայաստանը կարևորում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար, ասված է Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարությունում:
«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը, վճռականորեն կասեցվելու է», – գրել է ԱԳՆ-ն։
12։04_ Քաղաքացիական բնակչության շրջանում հոկտեմբերի 5-ի դրությամբ կա ընդհանուր 19 զոհ և 80 վիրավոր։
Այս մասին հայտնել էր Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը․ թվերը վերահաստատեց նաև ԱՆ Արսեն Թորոսյանը։
Բեգլարյանի նշած թվերը չեն ներառում Վարդենիսի շրջանում արձանագրված դեպքերը (Հայաստանի տարածքի թիրախավորման հետևանքով, ըստ ՊՆ-ի, երկու քաղաքացիական անձ է զոհվել)։
11:46_ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսից․
— Ունենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր թե՛ ռազմական անձնակազմի, թե՛ քաղաքացիական բնակչության շրջանում։
— Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր։
— Ռմբակոծությունների պատճառով տեղի բժշկական համայնքը և Հայաստանից մեկնած բժիշկները երբեմն զրկված են լինում փաստացի կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերելու հնարավորությունից․ նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին։
— Ականատես եմ եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին։ Շենքն պարզապես դղրդաց, և հավանականությունը մեծ է, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին, այլ ոչ դրա մոտ։
— Արգելված զինատեսակներով [կասետային ռումբեր] հարվածվում է գրեթե ամեն ինչ։
— Գորիսը հիմնական տարանցիկ կետն է՝ վիրավորների բուժման և տարհանման գործում։
— Պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են, որովհետեւ սա, փաստացի, օդային կամ հրետանային, կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։ Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ։
— Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով և արյան պաշարներով։ Մատակարարումներն արվում են անխափան։ Բժշկական անձնակազմի խնդիր ևս չունենք․․․։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են։
— Վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու խնդրին ծանոթ ենք։ Այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։ Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց գիտակցության մեջ գտնվող ծառայողները հիմնականում կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Հազվադեպ է լինում, որ վիրավորների ճանաչման պրոցեսը բարդ է լինում։ Այս հարցով էլ զբաղվում ենք։
— Հայաստան տեղափոխված բոլոր քաղաքացիներին տրամադրում է հնարավոր ամենամեծ առողջապահական փաթեթը։
10:58_ «ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել», – ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան։
— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
― Ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվում է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Տուժել են մեծ թվով շինություններ, կան զոհեր և վիրավորներ։ Ռմբակոծվում է նաև Շուշի քաղաքը։
― Ադրեբջանը հայտնել է մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, Մինգեչաուրի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Բաքվից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Խըզը և Աբշերոն շրջանների ռմբակոծության մասին։ Գյանջայի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, մնացածը հերքում է։ Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքում է նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե կրակը բացվել է ՀՀ տարածքից։
―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 4-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 228 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 21 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան զոհեր և վիրավորներ։ Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 24 քաղաքացիկան անձ, 121 հոգի վիրավոր է։
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:
Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում