Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 4-րդ (սեպտեմբերի 30)

Պատերազմ Ղարաբաղում, օր 4-րդ (սեպտեմբերի 30)

Թարմացումներին կարող եք հետևել նաև մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam ։

Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում

00։58_ Ադրբեջանի զինուժի կողմից [Ղարաբաղում] սպանվել է ընդհանուր 7 խաղաղ բնակիչ [ևս մեկ քաղաքացի սպանվել է Հայաստանում՝ Վարդենիսի շրջանում], որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք:

Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում:

Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են: Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից

00:38_ Հայաստանյան օգտատերերը ահազանգում է՝ ՏիկՏոկ սոցցանցը Հայաստանի տարածքից չի բացվում։ Ինչով է պայմանավորված հավելվածի անհասանելիությունը՝ դեռևս հայտնի չէ։

Վերջին օրերին պարբերաբար քննարկվում էր ՏիկՏոկը (երիտասարդների շրջանում ամենպոպուլյար վիդեո-հարթակներից մեկը) արգելափակելու անհրաժեշտությունը։ ՏիկՏոկում պատերազմի մեկնարկից ի վեր ակտիվորեն շրջանառվում էին ռազմական տեխնիկան պատկերող տեսանյութեր՝ հրապարակվող առանձին օգտատերերի կողմից, նաև՝ կեղծ և պրոպագանդիստական հոլովակներ։ ԿԳՄՍ կոչ էր արել՝ հետևել, որ երեխաները հավելվածից ժամանակավորապես չօգտվեն։ Արդյոք հարթակի անհասանելիությունը պայմանավորված է այս քննարկումներով՝ հայտնի չէ։

00:10_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը, ում «անձը և կերպարը» պատերազմից առաջ իսկապես որոշակի «բացասական ֆոն» է ունեցել, հիմնակնում՝ կոռուպցիոն մի շարք սկանդալների պատճառով (ի վերջո՝ 2020 թվականին, համավարակի օրոք, Հարությունյանը իշխանության է եկել նախևառաջ իր ահռելի ֆինանսական կարողությունների և կասկածելի «բարեգործության» շնորհիվ), պատերազմական գործողություններին նվիրված նույն ասուլիսի ընթացքում հարմարեցրել է հայտարարել, թե «հայկական որոշ լրատվամիջոցներ իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփումից հետո քաղաքական պատվերով փորձել են իր անձի, իր կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել»։ Ըստ նրա՝ որովհետև ինքը «ամենաշատը կարևորում էր մեր անվտանգությունը»։ Այս ամենը Արայիկ Հարությունյանն ասել է՝ ի վերջո հայտարարելու համար․ «Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին, և՛ նպատակը։ Ազգը կիմանա իրական դավաճաններին»։

00:03_ Մի քանի մեջբերում Ղարաբաղի նախագահի՝ քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսից

➖ Լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ՝ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։

➖ Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը։ Ռուսն ի վիճակի էր համոզելու Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն որքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ։

➖ Ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է․ այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ։ Մենք գիտենք՝ տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ կան՝ կապված մանավանդ Հյուսիսային Իրանի հետ։

➖ Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի։

22:19_ Ղարաբաղի ՊԲ-ն քիչ առաջ հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 23 զինծառայողների անունները.

Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ.

Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ.

Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ.

Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ.

Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ.

Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ.

Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ.

Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ.

Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ.

Գալստյան Իշխան Ռուստամի, ծնվ. 2002թ.

Ջիլավյան Էրիկ Ֆուրմանի, ծնվ. 2001թ.

Ասլիյան Դավիթ Տիգրանի, ծնվ. 2001թ.

Մկրտչյան Հովհաննես Մասիսի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Վարդանի, ծնվ. 1998թ.

Փանոսյան Սերյոժա Հայրապետի, ծնվ. 2002թ.

Թորոսյան Մանուկ Սոսի, ծնվ. 2002թ.

Մադոյան Արսեն Վարուժանի, ծնվ. 1986թ.

Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 2000թ.

Սիմոնյան Տիգրան Աշոտի, ծնվ. 2000թ.

Ղազարյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Հրանտ Մյասնիկի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Մկրտչյան Հենրիկ Սոսի, ծնվ. 1985թ.

Կամավորական Մուրադյան Շավարշ Մարտունի, ծնվ. 1996թ.

21:20 _ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել, որում անդրադառնում է Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղ ուղարկված վարձկանների մասին «ստացվող տվյալներին»։

Տեքստում չի նշվում՝ խոսքը լրատվամիջոցների հրապարակումների մասին է, թե՞ ԱԳՆ-ն սեփական տեղեկություններն ունի։

«Խորապես մտահոգված ենք այս պրոցեսներով, որոնք ոչ միայն հակամարտության գոտում էլ ավելի մեծ լարման են տանում, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար», – ասված է հայտարարության տեքստում։

Ռուսական արտգործնախարարությունը «շահագրգիռ պետությունների ղեկավարություններին» կոչ է արել վարձկաններին հեռացնել տարածաշրջանից։

18:33_ ՊՆ հաղորդագրություն է տարածել․

— ․․․Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել ԱՀ Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ՝ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը:

Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը։

18։27_ «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին», – թվիթերում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

17։32_ Ղարաբաղից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մարդիկ ամբուլատոր բուժօգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, հաղոդել է Առողջապահության նախարարությունը։

– Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
– Մանկական բաժանմունքի հեռախոսահամարը՝ 010 կամ 011 63-58-21:
– Մեծահասակների բաժանմունքի հեռախոսահամարը՝ 010 կամ 011 64-59-20:
– Շուրջօրյա գործող հեռախոսահամարները` 011 890303 կամ 8903:
– Պոլիկլինիկան աշխատում է աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև 18։00-ը, իսկ շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին` 10:00-ից մինչև 16:00-ը:
– Ծննդատուն, գինեկոլոգիա բաժանմունք․ հասցե՝ Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:

Բժշկական ծառայությունները կլինեն անվճար։

16։40_ «Եթե Ադրբեջանն ուզում է մարտի դաշտում հարցը լուծել, մենք կլինենք Ադրբեջանի կողքին: Անհրաժեշտության դեպքում նաև աջակցություն կցուցաբերենք», – այսօրվա ասուլիսին ասել է Թուրքիայի ԱԳն Մևլութ Չավուշօղլուն՝ շեշտելով, որ դրա կարիքը դեռևս չկա:

Ըստ Չավուշօղլուի, Թուրքիան երկար տարիներ հարցը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է եղել․ «30 տարի է այս հարցը լուծում չի գտել: Մինսկի խումբը հստակ քայլեր չի ձեռնարկել: Ինչպես Սիրիայում՝ այստեղ էլ ուզում էինք Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհով երկկողմանի կամ բազմակողմանի լուծման հասնել․․․»։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը այսօր հայտարարել էր, որ Ռուսաստանը «չի աջակցում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ» և զսպվածության կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին։

16։35_ Քանի դեռ հայկական զորքերը ամբողջությամբ չեն լքել վիճելի տարածքները, Ադրբեջանը շարունակելու է ռազմական գործողությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

ԱԳՆ հայտարարությունը վկայակոչելով` BBC-ն գրում է` սա կարող է նշանակել, որ Բաքուն երկարատև հակամարտության է տրամադրված։

15։23_  «Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», – Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:

13:48 _ Hetq.am-ը գրում է․ ― Երեկ երեկոյան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից Բաքու է թռել «Boeing 737-800» տիպի մարդատար ինքնաթիռ (Buraq Air):

Տրիպոլիի և Բաքվի միջև կանոնավոր կապ չկա: Սա չարտերային չվերթ է եղել:

Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Լիբիայի արևմուտքում՝ Տրիպոլիում, իշխում է ազգային համաձայնության կառավարությունը, որը, ի թիվս այլ երկրների, վայելում է Թուրքիայի աջակցությունը: Թուրքիան Լիբիայում օգտագործում է սիրիացի վարձկանների, որոնք կռվում են Լիբիայի արևելքում իշխող գեներալ Հաֆթարի ուժերի դեմ:

Հիշեցնենք, որ հայկական կողմը, ինչպես նաև մի շարք հեղինակավոր արևմտյան լրատվականներ օրեր շարունակ ահազանգում են, որ տեղեկություններ ունեն Սիրիայից վարձկաններ ներգրավվելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի մտադրության մասին։

13։27_ «Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ՝ Բայրակթար և այլ ԱԹՍ-ներ։ Մենք գիտենք, լավ հասկանում ենք, որ F-16-ն օգնում է Բայրակթարին. զուգահեռ’ սահմանի մյուս կողմից, ռադիոտեխնիկական կապի և կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում։ Բորտերով, համարներով գիտենք, որ դրանք փոխկապակցված աշխատում են։

Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր տեսնել մեր ՍՈՒ 25-ին։ Ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող այդ պահին այդ տեղում նրան հայտնաբերել», – ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

F-16-երը, ըստ նրա, գտնվել և գործել են Գյանջայի օդանավակայի հատվածից, այսինքն՝ հիմնականում ՀՀ-ի եւ Ղարաբաղի հյուսիսային ուղղություններից։

13։20_ ԱԳՆ-ն քիչ առաջ նշել է երեկ Հայաստանի օդային տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված հայկական ՍՈւ-25 գրոհիչի՝ զոհված օդաչուի անունը՝ մայոր Վալերի Դանելին:

13։18 _ «Երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո Հայաստանի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել», – հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:

13:09_ Ինչո՞ւ է կարևոր Հայաստանի դիմումի հիման վրա կայացված՝ Եվրադատարանի երեկվա միջանկյալ որոշումը` կարդալ այստեղ։

10։39_«Մենք երբեք չենք թիրախավորի Ադրբեջանի բնակավայրերը։ Մեզ համար սա կարմիր գիծ է, սկզբունքային հարց։

… Չենք բացառում, որ քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական հրետանային կրակակետերը լռեցնելու ժամանակ իրենց քաղաքացիական օբյեկտները կարող են տուժել։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը», – քիչ առաջ հրավիրված ասուլիսի ասել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Ադրբեջանն առավոտյան հաղորդել էր Թարթառ քաղաքի ռմբակոծման մասին:

10։34_ «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Դիտարկում ենք նաև Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը», – ռուսական մի շարք լրատվականների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա, նշել է Փաշինյանը:

10:11_ «Գիշերը առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:

…Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:

Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով», – հայտնում է Ղարաբաղի պաշտպանության բանակը։

09:35_ «Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել», – հայտնել է ՊՆ խոսնակը։

09:25_ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դռնփակ նիստը’ «նվիրված» Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին, ավարտվեց… կոչով‼️

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․․․», – դռնփակ նիստից հետո լրագրողներին հայտնեց Անվտանգության խորհդում սեպտեմբերին նախագահող Աբդու Աբարին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

09:18_ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 29-ին բավարարել է Հայաստանի’ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ խնդրանքը:

«Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պետք է տեղեկատվություն ներկայացնեն Դատարանին [քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված] խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

…Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա: Դատարանը հարկ չի համարել մյուս կողմին’ Ադրբեջանին, հարցեր ուղղել։ Այսինքն, [Հայաստանի] կողմից ներկայացված փաստերն այնքան համոզիչ են եղել, որ պաշտոնական Բաքվից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն չի եղել:

Սա Դատարանի պատմության մեջ 3-րդ նման դեպքն է (նախորդ երկուսը վերաբերում են Ուկրաինային), երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշում է կայացնում` ըստ էության պատերազմական հանցագործություններ կանխելու վերաբերյալ», – գրում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը։

— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։ Հարձակման տակ է նաև Ստեփանակերտը։
— Ղարաբաղում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն է հայտարարվել նաև Ադրբեջանում․ մի շարք քաղաքներում սահմանվել է պարետային ժամ։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ սեպտեմբերի 29-ի երեկոյան ՊՆ-ն հայտնել է 81 զոհված զինծառայողների անունները։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև չորս խաղաղ բնակիչների մահը։ Մեկ քաղաքացի մահավել է Վարդենիսի հրետանակոծության արդյունքում։
— Կան հարյուրավոր վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
— Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունումը։ Կիրականացվեն բացառապես «վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում»:
— Ըստ պաշտոնական Բաքվի, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր 10 քաղաքացիական անձ:
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ավելի մանրամասն՝
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում