Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 5-րդ (հոկտեմբերի 1)

Պատերազմ Ղարաբաղում, օր 5-րդ (հոկտեմբերի 1)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam ։

Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում

01:58 _ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում կողմ չի ընդունում՝ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Հակամարտությունը մեզ մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Ո՛չ թե որովհետև այն մոտ է մեր սահմաններին, այլ որովհետև և Հայաստանը, և Ադրբեջանը մեզ համար օտար պետություններ չեն։ Մեզ օտար ժողովուրդներ չեն», – դիպլոմատի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը․ «Երկու երկրների հետ էլ մենք հատուկ հարաբերություններ ունենք»։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի ձգտում բարիկադի մյուս կողմում հայտնվել․ «Այո, Թուրքիան միանշանակորեն աջակցում է Ադրբեջանին։ Մենք դա գիտենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք մյուս կողմում ենք, և աջակցում ենք Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։ Այդպես չէ։ Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը, մարտական գործողությունների դադարեցմանը․․․», – նշել է Նեբենզյան։

01:24_ Հայաստանի տարածքում խոցված բոլոր չորս օդաչուները եղել են հետախուզական:

«Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։

ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու», – գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

01:02_ Պաշտոնական և պետականամետ իրանական լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Իրանի մի շարք քաղաքներում կազմակերպվող՝ ադրբեջանամետ ազգայնականների հակահայկական ցույցերը․ «Սա նշանակում է, որ իշխանություններն այս բողոքի ակցիաները չեն դիտարկում որպես ընդդիմադիր գործողություններ», թվիթերում գրում է OC-media-ի թղթակից Cavid Aga-ն՝ հղվելով իր աղբյուրին։

Չնայած բախումների մասին համացանցում շրջանառվող տեսանյութերի, Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում, հայտնում է աղբյուրը։

հ․գ․ Սա առնվազն հարցերի տեղիք է տալիս․ համացանցում շրջանառվող տեսանյութերում ցուցարարները ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական, հակաքրդական և հակաիրանական (հակապարսկական) կարգախոսներ էին վանկարկում։ Իրանական իշխանությունների լոյալությունը, որի մասին գրում է լրագրողը, այս տեսանկյունից է՛լ ավելի հակասական է թվում։

00։18_ Հայաստանի արտգործնախարարությունը վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը:

Այս մասին ԱԳՆ-ից հայտնել են պետական «Արմենպրես» լրատվականին՝ ի պատասխան «Արդյո՞ք Հայաստանի նկատմամբ այս բացահայտ ոտնձգությունից հետո Հայաստանը պատրաստվում է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)» հարցին։

00։08_ Չորրորդ ԱԹՍ-ն էլ ոչնչացվեց, հայտնում է Նիկոլ Փաշինյանը։

00։00_ «Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը», – գրում է Նիկոլ Փաշինյանը։

23:44_ «ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք», – հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

22։29_ Ամփոփ ներկայացնում ենք Ղարաբաղի ՄԻՊ-ի՝ երեկոյան հրավիրված ասուլիսը՝
քաղաքացիական զոհերի և վիրավորների, բնակավայրերում տեղի ունեցած ռազմական գործողությունների, արգելված զինատեսակների, քաղաքներ և գյուղեր նետված չպայթած պայթուցիկների և այն մարդասիրական աղետի մասին, որ իր հետ բերում է այս պատերազմը:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

22։50_ Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա։

Հարձակման արդյունքում զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։

ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

21։45_ Հայաստանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին։

«Մեզ համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից զենքի մատակարարումը, հատկապես հիմա՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիայի պայմաններում։ ․․․Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱԳՆ-ն որոշել է հետ կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցության նպատակով», – հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

20։49_ Ըստ Իրանից եկող հակասական տեղեկությունների, Թեհրան, Թավրիզ, Արդաբիլ, Մեշգին Շահր և Ուրմիա բնկավայրերում տեղացի ադրբեջանցիները ցույցեր են անում։ Հնչում են ծայրահեղ ազգայնական, հիմնականում հակահայկական (նաև հակառուսական, հակաքրդական և հակապարսկական) կոչեր։

Տեղ-տեղ դրանք վերածվում են բախումների․ կան տեղեկություններ հարյուրավոր ձերբակալվածների մասին։

Որոշ տեսանյութեր՝ այստեղ։

20:00_ Լուսանկարիչ Արեգ Բալայանը պատմում է՝ երբ Մարտունու հրետանակոծությունը սկսվեց, ռուս և իսպանացի գործընկերների հետ զրուցում էին տեղի բնակչի հետ․ արկերից մեկը ընկել է իրենցից հինգ մետր հեռավորության վրա, փոխանցում է BBC-ն։

Բալայանի խոսքերով՝ հարվածի կիզակետը քաղաքի կենտրոնում գտնվող վարչական շենքն էր։ Ձայներից հասկացել է, որ հարվածում են «Գրադ» հրթիռային համակարգից։ Հարվածից տուժել են հարևան երկու թաղամասերը։ Հենց այդտեղ է Բալայանը հանդիպել ֆրանսիական Le Monde-ի վիրավորված երկու լրագրողներին, որոնցից մեկը, պատմել է Բալայանը, նստած էր գետնին, նա թեթև վիրավորում էր ստացել, իսկ մյուսը՝ աջ ոտքի, ձախ ձեռքի և աճուկի շրջանում բեկորային վիրավորումներով պառկած էր գետնին։

Ֆրանսիացի լրագրողներին ուղեկցող 20-ամյա մարտունեցին մահացել է։

19։31_ Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ, հայտնում է Ղարաբաղի ՄԻՊ-ը։

Վիրավորներից շատերը լրագրողներ են։

«Պաշտպանը այցելել է վիրավոր լրագրողներին, որոնցից մեկի [խոսքը ֆրանսիական Le Monde պարբերականի թղթակից Ալան Կավալի մասին է] վիճակը գնահատվում է ծանր և այժմ գտնվում է հրատապ վիրահատության ընթացքում»։

Ըստ Ղարաբաղի ՄԻՊ-ի՝ Ադրբեջանը «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով դիտավորյալ ու հասցեական կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները :

ՄԻՊ-ը խստագույնս դատապարտել է քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, և լրագրողների թիրախավորումը և կոչ արել «միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հրատապ այց կազմակերպել Արցախ՝ տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու և Արցախի ժողովրդի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու համար»:

19:25_ «Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին, Իվանյանի (Խոջալու) հրետակոծության հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Արկը ծակել է տանիքը, առաստաղն ու հատակը, բայց չի պայթել։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան, այդ պահին սենյակում քնած հղի կինն ու նրա 1 տարեկան երեխան միայն հրաշքով են փրկվել», – գրել է «Արցախի տեղեկատվական շտաբը»՝ կից լուսանկարներով։

 

19:03_ Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, հայտնում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

18:00_ Ղարաբաղում ռոումինգի սակագները իջեցվել են

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ: Հոկտեմբերի 1-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար:

«Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցից ՀՀ օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր զանգահարելու և SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ», – տեղեկացնում էին Հայաստանի շարժական կապի օպերատորներները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական օպերատորները հայտարարություն էին տարածել, թե ռոումինգի զրոյացում չի լինի․ ի թիվս այլ փաստարկների, հիշատակվում էր նաև Ղարաբաղ Տելեկոմի գերծանրաբեռնվածությունը և սակագնի զրոյացման հետևանքով կապի խափանման վտանգը։ Նշենք, որ Ղարաբաղ Տելեկոմը միակ (մոնոպոլ) կապի օպերատորն է Ղարաբաղում։ #Ղարաբաղ_Տելեկոմ։

17:47_ Իրանում վիրավորվել է Ղարաբաղին սահմանամերձ գյուղի՝ 6 տարեկան բնակիչը

«Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։

Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա», – գրում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

17:41_ Հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանիսական Le Monde պարբերականի լրագրողներին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, հայտնում է Հետք առցանց թերթը։

 

17։32_ Մի քանի լուր Ֆրանսիայի նախագահից․

Էմանուել Մակրոնն ուղիղ եթերում հայտարարել է, որ Ղարաբաղում վիրավորված ֆրանսիացի լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան, գրում է Սպուտնիկը։

Հայաստանի միասնական տեղեկատվական հարթակը գրել էր, որ Մարտունիում վիրավորված՝ Le Monde ֆրանսիական պարբերականի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում:

Մակրոնը հայտարարել էր նաև, որ Ֆրանսիան «ճշտված տեղեկություններ» ունի Թուրքիայից ժամանած սիրիացի վարձկանների՝ Ղարաբաղյան պատերազմին մասնակցության մասին։

«Մենք ճշտված տեղեկություններ ունենք, որ սիրիացի վարձկանները լքել են Գազիանթեփի (նահանգ Թուրքիայի հարավում, խմբ․) մարտի դաշտը՝ Ղարաբաղի ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Սա չափազանց լուրջ է։ Շուտով մենք այս հարցը կքննարկենք գագաթնաժողովի ժամանակ», – Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովից առաջ ասել է Մակրոնը։

17։25_ Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ, հայտնում է ԱԺ խոսնակ Արայիկ Միրզոյանը։

17:12_ Սխալ տվյալներ են նշվել Ադրբեջանի քաղաքացիական զոհերի մասին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների ընդհանուր թիվը 17 է (նախորդ գրառման մեջ նշվել էր 13)։

16:23_ Պատերազմի  հինգերորդ օրն է։
Մինսկի խմբի՝ ղարաբաղյան բանակցային պրոցեսի միակ միջնորդի, համանախագահ պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Դոնալդ Տրամպը հանդես էլ եկել համատեղ հայտարարությամբ․․․կոչ անելով «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև» և առանց նախապայմանների վերադառնալ բանակցություններին։

Կոչը ուղղված էր Ադրբեջանին և Հայաստանին։ Կոչի մասին իմանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

15:25_ Hetq.am-ը գրում է․ «Առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: 4 հրթիռներից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը: Դատելով լուսանկարներից՝ կարող ենք ասել, որ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են»։

լուսանկարները՝ հետք-ից

 

15:50_ 24News-ի՝ վիրավորում ստացած լրագրողը Սևակ Վարդումյանն է։ Նրա վիրավորումը մեջքի շրջանում է․ այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։

15:34_ Մարտունիում վրավորվել է նաև 24news.am կայքի լրագրողը, հայտնում է Հայաստանի Միասնական տեղեկատվական շտաբը։

Թիրախավորել է նաև Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան: Կան ծանր վիրավորներ, զոհեր չկան, գրում է Արցախ տեղեկատվական շտաբը։

15։26_ Le Monde ֆրանսիական պարբերականի` Մարտունիում վիրավորված 2 լրագրողների առողջական վիճակը «կարծես թե ծանր է»։

Թվիթերի իր էջում այս մասին գրել է BBC-ի թղթակից Գրիգոր Աթանեսյանը։ Տեղեկությունը նրան փոխանցել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» -ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Ֆրանսիացի լրագրողներն ու Արմենիա հեռուստաընկերության օպերատորը հոսպիտակացվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց։

14։22_ Վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, տեղեկցանում է Արցախ տեղեկատվական շտաբը։

14։16_ Հրետանիով հարվածել են նաև Հադրութին, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

14:02_ Մարտունի քաղաքը «Գրադ»-ից հրետակոծության է ենթարկվել, հայտնում է Սիվիլնեթի նկարահանող խումբը։

Հակառակորդը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին։

14։00_ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde ֆրանսիական պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական շտաբը։

13։47_ Ադրբեջանական կողմը հայտնում է քաղաքացիական բնակչության շրջանում ևս 3 զոհերի և 55 վիրավորների մասին։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սպանվել է 13 քաղաքացիական անձ։ Ռազմական զոհերի մասին ադրբեջանական կողմը մինչ այժմ տեղեկություններ չի հրապարակել․ պաշտոնական տվյալներ չկան։

12։14_ ԱԱԾ-ն հայտնում է, որ անդրբեջանական շպիոն է բացահայտել․

«Հայաստանի քաղաքացին՝ ծառայության անցնելով Հայաստանի Զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:

Քաղաքացին կալանավորվել է։

12:09_ Րոպեներ առաջ ստացա տեղեկություն, որ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ, հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

12:06_ Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, հայտնում է Ղարաբաղի ՊԲ-ն։

«ԱՀ ՊՆ-ն հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»:

11:58_ «Մենք՝ Ադրբեջանի ձախական ակտիվիստներս, ոչ մի պարագայում չենք սատարում այս անիմաստ պատերազմում երկրի երիտասարդության հետագա մոբիլիզացումը և երկխոսության վերականգնումը համարում ենք մեր հիմնական նպատակը: ․․․Մենք մերժում ենք ցանկացած ազգայնական և պատերազմական պատում, որ բացառում է այս հողի վրա կրկին միասին ապրելու հնարավորությունը»:

Ադրբեջանցի մի խումբ երիտասարդների հակապատերազմական հանրագիրը հայերեն թարգմանությամբ` այստեղ։

10։52_ ՊՆ-ն հիշեցնում է՝ կամավորագրումն և զորակոչը համակարգվում և իրականացվում են բացառապես իր կողմից։ ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ինքնակազմակերպ առաջնագիծ գնալուց, առաջնորդվել կանոնակարգով, ցուցակագրվելու, առաջնագիծ մեկնելու և մնացած բոլոր գործողությունները համաձայնեցնել տարածքային զինկոմիսարիատների հետ։

10։50_ Սեպտեմբերի 27-ից ի վեր անցյալ գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների:

«Ընդհանուր առմամբ իրավիճակն այս պահին կարող ենք գնահատել հարաբերական հանգիստ։ Պատերազմը շարունակվում է», –  հայտնել է Ղարաբաղի նախագահի խոսնակը։

— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։ Հարձակման տակ է նաև Ստեփանակերտը։
— Ղարաբաղում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն է հայտարարվել նաև Ադրբեջանում․ մի շարք քաղաքներում սահմանվել է պարետային ժամ։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 103 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև յոթ խաղաղ բնակիչների մահը։ Մեկ քաղաքացի մահացել է Վարդենիսի հրետանակոծության արդյունքում։
— Կան հարյուրավոր վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
— Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունումը։ Կիրականացվեն բացառապես «վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում»:
— Ըստ պաշտոնական Բաքվի, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր 10 քաղաքացիական անձ:
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ավելի մանրամասն՝
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում