Home / Բանակ / Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսը՝ ամփոփ սղագրությամբ

Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսը՝ ամփոփ սղագրությամբ

Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այսօր երեկոյան հրավիրված ասուլիսին խոսել է ՄԻՊ փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների մասին, որոնք ամփոփ տեսքով ներկայացնում ենք ստորև․

— Սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 1-ը Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Ղարաբաղում զոհվել է 11 քաղաքացիական անձ (ներառյալ այսօրվա Մարտունու դեպքերը), կա 60-ից ավել վիրավոր, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածնքերով։

Եվս մեկ հոգի, հիշեցնենք, զոհվել է Հայաստանում՝ Վարդենիսի շրջանում։ Բեգլարյանի ասուլիսից հետո Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանական կողմի հետանակոծման հետևանքով այսօր երեկոյան Հայաստանի Գեղարքունիքի մարզում զոհվել ևս մեկ քաղաքացիական անձ։ Հայկական կողմի խաղաղ զոհերի ընդհանուր թիվը հասել է 13-ի։

— Չորս հոգի սպանվել է սեպտեմբերի 27-ին (Մարտունի, Հադրութ, Մեծ Շեն), 3 հոգի՝ սեպտեմբերի 30-ին (Մարտունու օդային ռմբակոծության ժամանակ), 4 հոգի՝ հոկտեմբերի 1-ին (Մարտունու այսօրվա հրետանակոծության հետևանքով)։

— Դեպքերը տարբեր աշխարհագրություն և խորություն ունեն։ Օրինակ՝ Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավորման դեպք է արձանագրվել խաղաղ բնակիչների շրջանում։ Հադրութը, որտեղ զոհեր և վիրավորներ կան, ևս սահմանաեզրին չէ։

— Ադրբեջանի ԶՈՒ-ն նախաձգուշական միջոցներ չի կիրառել, հարվածները եղել են անակնկալ։

— Վիրավորների գերակշիռ մասը տղամարդիկ են։ Տուժածների մեջ կան երեխենր՝ երեք հոգի։ Ամենափոքրը 2 տարեկան է՝ վիրավոր։ Նրա 9-ամյա քույրը մահացել է, մայրը վիրավոր է։

Այսօրվա տվյալները դեռևս չեն ամփոփվել, նախորդ օրերի ամփոփված տվյալների գծապատկերները՝ այստեղ։

— Հրետանակոծության հետևանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիական օբյեկտները (տվյալները դեռ ամփոփվում են), այդ թվում՝ մի քանի դպրոցներ։

— Արձանագրվել են կասետային բնույթի զինատեսակների կիրառման դեպքեր․ այս զինատեսակների կիրառումը, հատկապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ, միջազգային իրավունքով արգելված են։ Կան կասետային զենքերից վիրավորման արձանագրված դեպքեր։

— Կան բազմաթիվ չպայթած հրթիռներ, որոնց մի մասը հետագայում լուրջ վտանգ է ներկայացնում բնակչության համար։ 90-ականներից հետո մեծ աշխատանք է տարվել՝ Ղարաբաղը չպայթած պայթուցիկներից ու հրթիռներից մաքրելու ուղղությամբ։

«Տարիների ընթացքում հարյուրավոր միջադեպեր են արձանագրվել դրանց հետ կապված։ Կյանքեր են տուժել։ Իմ օրինակն էլ նշեմ․ հենց 1995 թվականին պատերազմից մնացած ականի պայթյունի հետևանքով ես ինքս կորցրել եմ տեսողությունս՝ 6 տարեկանում։ Ես իմ անձնական օրինակով էլ եմ շատ լավ հասկանում՝ ինչ են նշանակում այսպիսի չպայթած զենքերը քաղաքացիական բնակչության համար։ Սա մարդասիրական աղետի կարող է հանգեցնել», – նշում է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

— Կան հայազգի զինծառայողների մարմիններ, որոնք գտնվում են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո։ 

— Ռազմական ագրեսիան մեկնարկել է և շարունակվում է Covid-19 համավարակի պայմաններում, երբ ամբողջ միջազգային հանրությունը, ներառյալ ՄԱԿ-ը, հորդորել էին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և պայքարել համավարակի դեմ․ «Համավարակի դեմ պայքարի պայմաններում մենք ստիպված ենք պայքարել ավելի մեծ վտանգի դեմ»։

— Բազմաթիվ քաղաքացիական անձինք այս օրերի ընթացքում ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և տեղափոխվել առավել ապահով բնակավայրեր։ Արդյունքում հազարավոր մարդիկ արդեն բախվել են իրենց տունը լքելու ռիսկին կամ փաստին և դարձել են ներքին տեղահանված կամ փախստական։ Այս տեսանկյունից ևս Ղարաբաղը մարդասիրական ճգնաժամի առջև է կագնած։

— Հայտարարությունը ՄԻՊ-ի անունից․ Միջազգային քաղաքական և իրավապաշտպան հանրությունը չպե՛տք է լռի, այլ պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները՝ պաշտպանելու համար Արցախի բնակչության իրավունքները․ «Օր առաջ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարտավորություն ունեն այցելելու Արցախ, իրականացնելու փաստահավաք գործունեություն, արձանագրելու խախտումները և համապատասխան զեկույցներ ներկայացնելու միջազգային հանրությանը»։

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/1236638683365625