Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև էսկալացիաների վերջին շրջանը կրկին ցույց է տալիս որքան հնացած է ազգային պետության հենքը ներկայիս իրողությունների համար: Անհնարինությունը՝ անցնել մտքի այն գիծը, որը մարդկանց Մարդ և Ոչ-մարդ կատեգորիաների է բաժանում՝ հիմնվելով բացառապես նրանց ծննդավայրի վրա, այնուհետև սկսում հաստատել «մարդկանց» գերազանցությունը ապամարդկայնացված «Ուրիշների» նկատմամբ՝ որպես որոշակի տարածքային սահմաններում կյանքի միակ հնարավոր սցենար. սա միակ զավթիչն է, որի դեմ մենք պետք է պայքարենք:
Սա կողոպտիչ ազգայնական կառավարությունների կողմից մեզ պարտադրված պատումներից ու կյանքը երևակայելու ձևերից անդին մտածելու մեր ունակությունների զավթիչն է։ Մտքի այն գիծն է, որ մեզ մոռացկոտ է դարձնում․ հենց որ «ազգը»՝ իրեն «թշնամուց» պաշտպանելու կոչով է հանդես գալիս, մենք մոռանում ենք մե՛ր երկրներում մե՛ր գոյատևման շահագործող պայմանների մասին։
Մեր թշնամին, սակայն, պատահական հայը չէ, որին մենք կյանքում չենք հանդիպել և, հավանաբար, երբեք էլ չենք հանդիպի: Մեր թշնամին իշխանություն ունեցող մարդիկ են՝ հատուկ անուններով ու կոչումներով, դեմքի շատ հստակ դիմագծերով, որոնք ավելի քան երկու տասնամյակ աղքատացնում և շահագործում են սովորական մարդկանց, հարստահարում երկրի ռեսուրսները՝ ի շահ իրենց:
Նրանք անհանդուրժող են եղել ցանկացած քաղաքական այլակարծության նկատմամբ, անվտանգության հսկայական ապարատի միջոցով խստորեն ճնշել են այլախոհներին։ Նրանք իրենց սեփական հաճույքի և սպառման համար զավթել են բնական տարածքները, ծովափերը, հանքային ռեսուրսները՝ սահմանափակելով դրանց հասանելիությունը սովորական քաղաքացիների համար: Նրանք ոչնչացնում են մեր շրջակա միջավայրը, հատում ծառերը, աղտոտում ջրերը և իրականացնում լայնամասշտաբ «կուտակում ունեզրկման միջոցով»: Նրա՛նք են մեղավոր երկրի ողջ տարածքում պատմական և մշակութային վայրերի և առարկաների անհետացման համար։ Նրա՛նք են տեղափոխում ռեսուրսները այնպիսի կարևոր ոլորտներից, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և սոցիալական բարեկեցությունը, դեպի ռազմական ոլորտ՝ շահույթ ապահովելով կայսերական նկրտումներ ունեցող մեր կապիտալիստ հարևանների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար:
Տարօրինակորեն, յուրաքանչյուրը գիտի սա, բայց հենց առաջին գնդակը կրակվում է Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում՝ ամնեզիայի հանկարծակի ալիքը հարվածում է բոլորին։ Կուրացած՝ (ճիշտ այնպես, ինչպես Սարամագոյի համանուն վեպի հերոսները) նրանք անմիջապես դառնում են ինքնա-ոչնչացնող — և տոնում մեր երիտասարդ մահերը՝ որպես «նահատակություն» հանուն «սուրբ» նպատակի։
Սա ոչ ավելին է, քան գոյության հարթակ, որը ապահովագրում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կառավարություններին և ծառայում որպես արդարացում՝ հասարակությունների անվերջ ռազմականացման և ավելի շատ բռնություններ ու մահեր հետամտելու համար:
Այդով հանդերձ, մենք մարդկանց չենք մեղադրում. երբ չկան պատերազմի և հակամարտության այլընտրանքային մեկնաբանություններ, ազգայնական գաղափարախոսությունն անառարկելի է մնում: Եթե կա մի բան, որը լավ են անում մեր թերֆինանսավորվող ուսումնական հաստատությունները, դա ատելություն և ազգայնական քարոզչություն տարածել սովորեցնելն է:
Ատելությունը երբեք անհատական հոգեկերտվածքի արդյունք չէ։ Այն կառուցվում և արտադրվում է որոշակի ուժային հարաբերությունների շրջանակներում: Երբ «ատողի» և «ատելիի» միջև ուղղակի շփում չկա, որքան շատ է «ատող» հանդիսատեսը զբաղվում իր առօրյա գոյատևման տնտեսական հարցերով՝ մի համակարգի ներսում, որը մերժում է ռեսուրսների և ծառայությունների հավասար վերաբաշխումն ու անընդմեջ խորացնում ամենօրյա թշվառությունը, այնքան մեծանում է անհրաժեշտությունը՝ հիշեցնել «ատող» հանդիսատեսին ատել «ատելիին» և վերարտադրել այդ ատելությունը:
Ատելությունն իրացվելու կարիք ունի: Նրանք գողացել են «մեր» հողերը, ուրեմն մենք ասում ենք, որ ատում ենք նրանց: Հոգ չէ, որ այդ հողերը բնակեցնելու անթիվ ձևեր կան՝ առանց պնդելու, որ դրանք որպես անվիճելի սեփականություն պատկանում են որևէ խմբի։
Մեզնից մեկի դեռահաս եղբայրը զարմացել էր, երբ իմացել էր արտասահմանում հայ գործընկերների հետ սպասվող աշխատանքային հանդիպման մասին․ «Իսկական հա՞յ եք տեսնելու»: Սերունդներ են մեծացել վակուումի մեջ՝ առանց շփվելու նրանց հետ, ում հետ դարեր շարունակ գոյակցել ենք նույն տարածքում․ եկեք մտածե՛նք դրա մասին։
Գոյության այսպիսի մեկուսացումը ի՞նչ տեսակի բռնություն է մեր մտքի և ստեղծագործական կարողությունների դեմ : Կարիք չկա նշելու, որ դա նաև «Ուրիշի» ապամարդկայնացման կատարյալ բաղադրատոմս է: Ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել, քան բոլոր բացասական հատկությունները վերագրելը մարդկանց, որոնց հետ երբեք չես շփվել:
Հրադադարի մասին Բիշքեկի համաձայնագրից (1994) տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները մեծ թվով մահացու զենք են կուտակել, որն այժմ պատրաստվում են օգտագործել միմյանց դեմ: Վերջին անգամ երկրները խաղաղության բանաձևի ընդունմանը մոտեցել են 2001 թվականին՝ Քի Ուեսթի բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ: Գերիշխող ազգայնական տրամադրությունների և այն պատճառով, որ երկու կողմերի առաջնորդները պատրաստ չէին փոխզիջումների գնալ, խաղաղ բանակցությունները, այնուամենայնիվ, ձախողվեցին: Եվ դրանք այլևս երբեք չշոշափվեցին նույնքան առարկայական և վճռականորեն, որքան 21-րդ դարի նախաշեմին:
Տարածաշրջանային հերթական պատերազմից խուսափելու ուղիներ որոնելը ստեղծված իրավիճակում մենք համարում ենք չափազանց մարտահրավերային: Նկատում ենք ատելության խոսքի աճն ու տարածումը․ այն գերակշռում է երկու կողմերի պատումներում, հատկապես երբ հերթը հասնում է հեռուստաալիքներին, պաշտոնական հայտարարություններին կամ սոցիալական մեդիաների հաղորդագրություններին, որոնք շրջանառվում են մտահոգիչ ուժգնությամբ: Երկու կողմից էլ ներկայացվում են պնդումներ, որոնք դժվար է ստուգել`այդպիսով, վախի, փոխադարձ ատելության և անվստահության մթնոլորտ ստեղծելով:
Երկու կողմից էլ մարդիկ տառապել և դիմացել են համավարակին և տնտեսական անկմանը՝ փորձելով դիմագրավել մարտահրավերներին, որ ճգնաժամերը բերել են իրենց հետ, և այժմ նրանց տանում են ռազմական բախման, որը հետաձգում է Ղարաբաղյան հակամարտության ցանկացած կառուցողական լուծում: Հակամարտությունը կլանում է է մեծ տնտեսական և մարդկային ռեսուրսներ, որից օգտվում են երկու կողմերի էլիտաները: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2020 թվականին հասել է 2,3 միլիարդ դոլարի, մինչդեռ Հայաստանի համար այս ցուցանիշը կազմում է 634 միլիոն դոլար, ինչը, ըստ էության, երկու երկրներում էլ ՀՆԱ-ի շուրջ 5% տոկոսն է:
Վաղուց ժամանակն է, որ մենք՝ ադրբեջանցի և հայ երիտասարդներս, մեր ձեռքը վերցնենք այս հնացած հակամարտության լուծումը: Դա այլևս չպետք է լինի կոստյումավոր տղամարդկանց լիազորությունը, որոնց նպատակը կապիտալի կուտակումն է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, և ո՛չ հակամարտության լուծումը: Մենք պետք է մի կողմ շպրտենք ազգային պետության այս տգեղ թիկնոցը, որի տեղը պատմության աղբանոցն է, և պատկերացնենք ու ստեղծենք ընդհանուր և խաղաղ համակեցության նոր ուղիներ: Շատ կարևոր է վերականգնել քաղաքական, ներքևից վերև նախաձեռնությունները՝ բաղկացած հիմնականում տեղի շարքային քաղաքացիներից, որոնք կվերականգնեն խաղաղ բանակցությունները և համագործակցությունը:
Մենք՝ Ադրբեջանի ձախական ակտիվիստներս, ոչ մի պարագայում չենք սատարում այս անիմաստ պատերազմում երկրի երիտասարդության հետագա մոբիլիզացումը և երկխոսության վերականգնումը համարում ենք մեր հիմնական նպատակը: Մենք չենք տեսնում մեր ապագան կամ հակամարտության լուծումը հետագա ռազմական սրացումների և փոխադարձ ատելության տարածման մեջ:
Վերջին ռազմական բախումները Ղարաբաղում ոչ մի օգուտ չեն տալիս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նույնիսկ չենք ուզում պատկերացնել լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվելու ռիսկերը, որովհետև հասկանում ենք՝ ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ մեր հասարակությունների և ապագա սերունդների համար:
Մենք խստորեն դատապարտում ենք երկու ժողովուրդների միջև հակամարտությունը երկարացնելու և ատելությունը խորացնելու յուրաքանչյուր քայլ: Մենք ուզում ենք հետադարձ հայացք նետել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մեր հասարակությունների և երիտասարդությունների միջև վստահությունը վերականգնելու համար: Մենք մերժում ենք ցանկացած ազգայնական և պատերազմական պատում, որ բացառում է այս հողի վրա կրկին միասին ապրելու հնարավորությունը: Մենք կոչ ենք անում հասնել խաղաղության և համերաշխության: Մենք հավատում ենք, որ այս փակուղուց դուրս գալու այլընտրանքային տարբերակը փոխադարձ հարգանքը, խաղաղ վերաբերմունքը և համագործակցությունն է։
Վուսալ Խալիլով
Լեյլա Ջաֆարովա
Կառլ Լեբտ
Բահրուզ Սամեդով
Գիյաս Իբրահիմ
Սամիրա Ալակբարիլի
Թողրուլ Աբասով
Ջավիդ Աղա
Լեյլա Հասանովա
Հանրագիրը հրապարակվել է criticatac.ro կայքում՝ անգլերեն լեզվով, 2020 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոյան