Home / Բանակ / «Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը»․ Փաշինյանի ուղերձը

«Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը»․ Փաշինյանի ուղերձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ներկա իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ հետագա անելիքների և բանակցային կարգավորման վերաբերյալ։ Փաշինյանը ընդգծել է՝ հայկական կողմը «վերին աստիճանի կառուցողական է լինելու» իր դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար, և վճռական՝ հարվածով հակառակորդին կանգնեցնելու և ԼՂ հարցի վերջնական լուծմանը, այն է՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, հասնելու համար։

Վարչապետի ուղերձի տեքստն ամբողջությամբ՝ ստորև․

― Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն.

Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

Այդ պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:

Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ՝ դա անընդունելի էր:
Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում, եւ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը եւ հայատյաց քարոզը:

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բարեփոխումներ եւ վերազինումներ իրականացրեցինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար:

2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար:

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ եւ ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակն ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, եւ Թուրքիան որոշեց, որ այլեւս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ:

Տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար:

Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, եւ հետեւաբար՝ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել Ղարաբաղի հակամարտության համատեքստում եւ ըստ էության համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության Եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Եւ հիմա հարցը հետեւյալն է՝ արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձեւավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում:

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին:

Արցախի Պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու բազմապիսի թռչող սարքեր, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից եւ, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաեւ վարձկաններ եւ ահաբեկիչներ Սիրիայից:

Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման եւ մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը եւ Հայաստանը գործում էին ըստ էության շրջափակման պայմաններում: Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում:

Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը որ արդեն իսկ ունենք այս պահին: Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների եւ պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հարցը շուտափույթ ձեւով կարգավորելու տրամաբանությամբ:

Ադրբեջանը, սակայն, ըստ էության, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը եւ մինչեւ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միեւնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձեւավորմանը:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ:

Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան. թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները՝ ձախողվել է մեր բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ եւ ջանքերով:

Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ. այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան: Եւ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների եւ հատկապես մայրերի առաջ եւ նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը:

Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ
Սփյուռքի հպարտ հայություն.

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի:

Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը եւ մեր հաշվարկներով՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը:

Բայց այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է, եւ այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը:

Եւ ուրեմն, անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ:

Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ջանքեր են գործադրել եւ գործադրում հրադադարի հաստատման հասնելու ուղղությամբ: Ընդունվել է երեք երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը:
Ես ուզում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար:

Շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմին այս ընթացքում գործադրած եւ հետագա բոլոր ջանքերի համար:

Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի սանձազերծման հենց առաջին օրերից իրերն իրենց անունով կոչելու վճռականության եւ հետագա ջանքեր գործադրելու պատրաստակամության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել: Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, եւ համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ եւ աներկբա՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն:

Եւ մենք, հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ցանկանում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար:

Այս ջանքերը, սակայն, մինչեւ օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այդ խմբավորումն իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը:

Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետեւ սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար:

Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման:

Մեր հզոր նախնիների՝ Արտաշես Արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի մեր մյուս նահատակների եւ հերոսների հոգիները, ոգին եւ ուժը մեզ հետ են այսօր:

Այսօր հայությունը համախմբված է, քան երբեւէ. հարյուր հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եւ Արցախին:

Սփյուռքի հարյուրավոր համայնքներում այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում:

Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, եւ այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ:

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է Ազատ եւ Երջանիկ Արցախ, Ազատ եւ Երջանիկ Հայաստան:

Այսօր՝ հիմա, այս վճռական պահին, մեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք, պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում, թե Հայաստանում: Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության:

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը:

Եւ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե Հայոց բանակը,
Կեցցե Հայոց կամավորը,
Կեցցե Հայոց սփյուռքը,
Կեցցե Հայ ժողովուրդը:
Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, Ազատ եւ Երջանիկ Արցախում:
Փառք հերոսներին:


Փաշինյանի ուղերձից առաջ ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը, որին հաջորդել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը․

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/3458494714220124/

Հարությունյանը ուղերձը՝ ամփոփ․

– Պատերազմը շարունակվում է։

– ՊԲ-ն շարունակում է հերոսաբար դիմադրել։

– Տեսնում ենք Ռուսաստանի և միջազգային համագործակցության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

– Հակառակորդը խախտել է հրադադարի մոսկովյան պայմանավորվածությունը։

– Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։

– Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդհամենը մեկ ճանապարհ ունենք’ պարտադրել այն։

– Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար հրադադարի ստանձնած պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները։

– Մեզ պետք է համախմբել, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։