Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել ռուսական մի շարք ռադիոկայանների ներկայացուցիչներին։ Հարցազրույցի ընթացքում Լավրովն անդրադարձել է Ղարաբաղում հումանիտար հրադադարի շուրջ (չպահպանվող) մոսկովյան համաձայնությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ հայտարարելով, որ Մինսկի խմբի կազմը և բանակցվող փաստաթուղթը (Մադրիդյան սկզբունքները) մնում են անփոփոխ, համաձայնությունները, «որ քննարկվել են վերջերս և լուրջ են ընդունվել կողմերի կողմից», ենթադրում են խնդրի փուլային լուծում։
https://www.youtube.com/watch?v=K0iLc-sfJxU
Որոշ մեջբերումներ Լավրովի հարցազրույցից․
— ․․․ Հրադադարի մասին [մոսկովյան] պայմանավորվածությունը, հավանաբար, այնքան էլ բավարար չէ, եթե չլինի կրակի դադարեցումը վերահսկող մեխանիզմ։ Համաձայնեցված փաստաթղթի երկրորդ կետը հենց այդ մասին է։
― Վերջին օրերին ես մի քանի անգամ հաղորդակցվել եմ Բաքվի ու Երևանի իմ գործընկերների հետ, նույնն արել են նաև Շոյգուն [Ռուսաստանի ՊՆ] և նախագահը [Վլադիմիր Պուտինը]։ Մեր գլխավոր ուղերձն այն է, որ պետք է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների գծով ու համաձայնեցնել հրադադարի վերահսկողության մեխանիզմը։ ․․․Կարծում եմ, այժմ կրակի կայուն դադարեցման բանալին դա է։
― … Քաղաքական արգավորումն, իհարկե, հնարավոր է։ Առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին [խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է]։
― Դրանց բովանդակությունը հայտնի է․ Ղարաբաղին հարակից շրջանների փուլային, աստիճանական ազատումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և Ղարաբաղի ու Հայաստանի միջև կապի ապահովմամբ, մինչև կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։
Այս սխեման լավ հայտնի է։ Կարծում եմ՝ չէր լինի երջանկություն, բայց դժբախտությունն օգնեց։ Այս ողբերգական իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացները՝ անվտանգության հարցերի լուծմանը զուգահեռ։
― … Բոլոր համաձայնությունները [Միսնկի խմբի շրջանակներում ձեռքբերված], որ քննարկվել են վերջերս և որոնք լուրջ են ընդունվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են Ղարաբաղին հարակից հինգ շրջանների ազատում [այսպես կոչված «անվտանգության գոտի»/«բուֆերային զոնա»]։ Երկու շրջանների [այդ թվում՝ Լաչինի միջանցքի] հարցը մնում է երկրորդ փուլին։
Երկրորդ փուլին է թողնվում նաև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը [հանրաքվե՝ բոլոր տեղահանվածների վերադարձից հետո]։ Առաջին փուլում՝ շրջանները ազատելուց բացի, վերականգվում է նաև հաղորդակցությունը՝ տնտեսական, տրանսպորտային։ Եվ խաղաղապահներ են մտցվում, որոնք կանխում են ռազմական գործողությունների վերսկսումը։
― լարգրող․ — Այսինքն, ամեն դեպքում՝ խաղաղապանե՞ր։
Լավրով․ — Հիմա [հրադադարի ժամանակ] զուտ ռազմական դիտորդներ են պետք, և մենք ճիշտ ենք համարում, որ դրանք հենց մեր [ռուսական] դիտորդները լինեն։ Դա կորոշվի կողմերի համաձայնությամբ։
― ․․․ Թուրքիայի դերը Ղարաբաղում. այո, մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել Է Թուրքիան, որը մի քանի անգամ նաև [Ադրբեջանի] նախագահ Ալիևն Է արտահայտել, այստեղ ոչ մի գաղտնիք չկա:
Լավրովի ելույթից հետո ուղերձով հանրությանն է դիմել նախ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը, ապա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց ուղերձներին զուգահեռ ուղիղ եթերով հարցազրույց էր տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Արտահայտվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ ավելի մանրամասն՝ այստեղ։