Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ կամավորագրված, զորագրված անձանց աշխատատեղը պահպանվելու է, իսկ տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժ:
Իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ այն «միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որը առաջանում է աշխատողի և գործատուի միջև` կախված աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերի հետ»։ Առաջարկվում է սահմանել, որ զորակոչված քաղաքացիների աշխատատեղը պահպանվում է, այդ ժամանակահատվածի համար աշխատողը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրության հարաբերությունները կարգավորվում են կողմերի համաձայնությամբ: Առաջարկվում է նաև, որ զինվորագրված աշխատող անձանց համար այդ ժամանակահատվածը դիտարկվի որպես աշխատանքային ստաժ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` հարցին մյուս կողմից էլ պետք է նայել, քանի որ կամավորագրված կամ զորակոչված քաղաքացու աշխատատեղի պահպանումը կարող է խնդիր առաջացնել գործատուի համար` նրա աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Գործատուի համար, արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանը, չկա որևէ արգելք փոխարինող աշխատողի ընդունելու հետ կապված` մինչև իր հիմնական աշխատակցի վերադառնալը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց, թե զինվորագրված կամ կամավորագրված աշխատողի գործատուն արդյոք պարտավոր է վճարել վերջինիս այդ ժամանակահատվածի համար:
«Ուզում եմ հստակեցնել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են զինվորական վարժանքների և զորավարժությունների դեպքում վճարման պարտականությունները: Այս դեպքում մենք սահմանում ենք լրացուցիչ երաշխիք, եթե գործատուն կկամենա և աշխատողի հետ եթե կգան համաձայնության, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված կլինի, որ զորահավաքային զինծառայության կամ կամավորագրվելու դեպքում վճարում է գործատուն, ապա նա կվճարի, սա լրացուցիչ երաշխիք է», – պատասխանեց Տիգրանյանը: Նա կրկբեց` Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն` զորակոչված անձինք արդեն իսկ հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և պետությունից ստանում վարձատրություն:
Առաջարկվող հոդվածներում տեղ գտած փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ. դրույթները տարածվելու են սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Քաղաքական մեծամասնության պատգամավորը հայտնեց, որ Կառավարությունում քննարկվում է նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգին առնչվող փոփոխություններ` նոր երաշխիքների ավելացում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տարընթերցումներից խուսափելու համար իր ելույթում մանրամասնեց. «Մարդիկ կան, որոնք գնում են զինկոմիսարիատ, գրանցվում ու մեկնում առաջնագիծ, կամ էլ զինկոմիսարիատն է նրանց զորակոչում, երկու դեպքում էլ, եթե այդ մարդիկ համարվում են պահեստազորի ռեզերվ, համարվում են զինծառայող ու վարձատրվում են: Այսինքն՝ և՛ ծանուցագիր ստացածները, և՛ չստացածները, որոնք գնում են զինկոմիսարիատների միջոցով և համարվում են պահեստազորի անդամ, վարձատրվելու են»:
Ստացվում է, որ ռազմական դրության ժամանակ զորակոչված անձինք հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և նրանց վրա տարածվում են զինծառայողների ապահովագրության երաշխիքները:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։