Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 12-րդ (հոկտեմբերի 8)

Պատերազմ Ղարաբաղում, օր 12-րդ (հոկտեմբերի 8)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

01։49_ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով:

Ռուսաստանի ԱԳՆ-ի միջնորդությամբ այս հարցով խորհրդակցություն իրականացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները», — գրված է Կրեմլի պաշտոնական կայքում։

23:24_ «Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ», — Շուշան Ստեփանյան։

23:13_ «Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այցելել է հիվանդանոց՝ ճշտելու համար ադրբեջանական ԶՈՒ կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցրած հարվածից տուժած երեք օտարերկրյա լրագրողների առողջական վիճակը և դեպքի հանգամանքները:

Հիվանդանոցի ղեկավարությունը Պաշտպանին տեղեկացրել է, որ դեպքից տուժել են երեք ՌԴ քաղաքացի լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր», — ԱՀ ՄԻՊ։

22:21_ «Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ», — Արծրուն Հովհաննիսյան։

22:10_ «Գերի ընկած զինծառայողի մասին հստակ տեղեկություններ չունեմ։
Բավականին ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում, երբ մեծաքանակ զորախմբեր են ընկնում շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ և այլն, գերի ունենալու հավանականությունը բացառված չէ», — Արծրուն Հովհաննիսյան։

22:01_ «Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հիմնականում հարձակման են ենթարկվում համազարկային կայանքներ «Սմերչ», «Կասիրգա», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով։

Սրանց հեռահարությունն օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ այս քաղաքները հրթիռակոծելու համար», – Արծրուն Հովհաննիսյան։

21:49_ Ռազմական դրություն սահմանելու մասին կառավարության որոշման մեջ այսօր արված փոփոխություններով արգելվում է նաև

9.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ
այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

9.3. Սույն հավելվածի 9-րդ, 9.1-ին և 9.2-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների
վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող
տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:

21։30_ Ռազմական դրություն սահմանելու մասին կառավարության որոշման մեջ այսօր արվել են փոփոխություններ։

Մասնավորապես, (9.2.) արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը
կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

21։10_ ԱԱԾ-ն հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման մեջ նշված քաղաքացին՝ Ն. Մ.-ն, նշանակված լինելով որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ, համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել հայաստանյան իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում, և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:

Արդյունքում, ինչպես փոխանցում են ԱԱԾ-ից, «իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում ոմանք՝ տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները»:

Ն. Մ.-ի նկատմամբ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով․ պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։

Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

19:15_ Ռուսաստանում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Մոսկվայում բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը, հայատարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք առաջարկել ենք մոսկովյան հարթակ տրամադրել, որպեսզի կազմակերպենք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ», – ասել է Զախարովան:

18:43_ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները», – հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

18:40_ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ։

Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք չունեն ժամանակավոր բնակության վայր, կարող են այցելել կայանման կետ (Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1), որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։

18:32_ Ժնևում մեկնարկել են Ղարաբաղում ռազմական էսկալացիայի շուրջ բանակցությունները։

Ի՞նչ է հայտնի բանակցությունների մասին․

— Բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Միսկի խմբի հովանու ներքո
Մասնակցում են Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները
Մասնակցում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչները
— Հայաստանը բանակցություններին չի մասնակցում

Հանդիպումը անց է կացվում ՄԱԿ-ի սահմաններից դուրս, գաղտնի վայրում, փակ ձևաչափով։

18:15_ Երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին։

Արգեսիան կամ ռազմական հարձակումը ՀԱՊԿ անդամ պետության նկտամամբ դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության անդամ բոլոր պետությունների դեմ, և այդ դեպքում նույնպես ագրեսիայի օբյեկտ երկրի դիմումի հիման վրա անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական: «Այդպիսի դեպքերում գործադրվում է ՀԱՊԿ արձագանքման ռեժիմը»,- «Արմենպրեսսի» փոխանցմամբ՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

17:59_ «Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս՝ ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում», – գրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

17։44_ ՀԱՊԿ-ը հաստատում է Սիրիայից Լեռնային Ղարաբաղ ջիհադական վարձկանների փոխադրումը:

«Ես դժվարանում եմ խոսել ղարաբաղյան համակարտության գոտի այդ գրոհայիններին փոխադրելու ծավալների մասին, բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում։ Այնտեղ հայտնվում են վարձկանները, և դա չի նպաստում հարաբերությունների բարելավմանը: Դա որոշակի մարտահրավեր է ՀԱՊԿ-ի համար»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

16:12_ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Ժնևի քաղաքային խորհրդի հոկտեմբերի 7-ի որոշմանը

«Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում։ …Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում:

․․․Ավելորդ համարելով մտնելու մանրամասների մեջ, որոնք արտացոլված են 2016թ. մայիսի 6-ին հրապարակված իմ հոդվածում, հարկ եմ համարում ընդգծել միայն հետևյալը. այս դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»։

Տեր-Պետրոսյանի հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

15:11_ «Ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է», – գրում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

15:07_ New York Times-ն Ադրբեջանում F-16 է գտել:

Թերթի վիզուալ հետազոտությունների թիմն ուսումնասիրել է Գյանջաի օդանավակայանի արբանյակային լուսանկարներն և հոկտեմբերի 3-ի կադրերում հայտնաբերել է նվազագույնը երկու F-16 կործանիչ, որոնք, լրագրողների ենթադրությամբ, պատկանում և կառավարվում են Թուրքական ռազմաօդային պաշտպանության կողմից։

Սեպտեմբերի 29-ին հայկական կողմը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Ադրբեջանական կողմը թուրքական երկու F-16 կործանիչներ է հանել երկինք, որոնցից մեկը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական ՍՈՒ-25-ը գրոհիչը․ օդաչուն զոհվել է։

14:25_ Եվրախորհուրդը հոկտեմբերի 12-ին Բրյուսելում քննարկելու է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները:

Կքննարկվի Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործը, Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունները, Եվրամիություն-Ուկրաինա գագաթնաժղովի արդյունքները և մարդու իրավունքները, Բելառուսի իրավիճակը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

13:52_ [ուշացումով]. Փաշինյանը հայտնել է դավաճաններ փնտրելու և մեկին գտնելու մասին։

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում», – գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին համանման տեղեկություններ ունենալու դեպքում դիմել ԱԱԾ․ «դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»։

13։31_ «Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է»:

«Բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է։ Փոխզիջումներ պետք է լինեն, բայց մեր անվտանգության գոտու կարևորությունը չի կարող հաշվի չառնվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինիս պնդմամբ, խաղաղություն լինել չի կարող, քանի դեռ Արցախը բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես հակամարտության կողմ։ Քոչարյանը խնդրահարույց է համարում Մինսկի խմբի կազմում Թուրքիայի ներգրավվածության շուրջ քննարկումները, քանի որ Թուրքիան ներկայումս հանդես է գալիս որպես հակամարտության կողմ։

12:43_ Պաշտպանության բանակը հայտնել է ռազմական գործողությունների արդյունքում զոհված 30 զինծառայողների անունները․

Սանոսյան Արտյոմ Սարգիսի, ծնվ. 2001թ.
Ղարիբյան Վազգեն Վիգենի, ծնվ. 2002թ.
Սարգսյան Աբրահամ Աշոտի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Սերժիկ Արտակի, ծնվ. 2000թ.
Խեմչյան Արտակ Նորիկի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Սարգսյան Էդգար Ռոբերտի, ծնվ. 1988թ.
Հայրապետյան Ալեքսանդր Սամվելի, ծնվ. 1991թ.
Միտիչյան Գոռ Սամվելի, ծնվ. 1991թ.
Մկրտչյան Մարտուն Մկրտչի, ծնվ. 1982թ.
Սիմոնյան Մյասնիկ Կարապետի, ծնվ. 1984թ.
Պետրոսյան Ալիկ Իշխանի, ծնվ. 1982թ.
Աղաջանյան Սարգիս Հենրիկի, ծնվ. 1978թ.
Համբարյան Լևոն Խորոնի, ծնվ. 1992թ.
Մկրտչյան Սերգեյ Հարությունի, ծնվ. 1991թ.
Սարգսյան Հովհաննես Վարդգեսի, ծնվ. 1990թ.
Սահակյան Խաչիկ Հովհաննեսի, ծնվ. 2001թ.
Այվազյան Սարմեն Սամվելի, ծնվ. 2001թ.
Գասպարյան Կարեն Վռամի, ծնվ. 2001թ.
Ալավերդյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.
Օսիպյան Դավիթ Վլադիմիրի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Արթուր Դավիթի, ծնվ. 1983թ.
Աբրահամյան Նաիրի Արայիկի, ծնվ. 1998թ.
Մուրադյան Արսեն Վանիկի, ծնվ. 2001թ.
Բաբայան Դավիթ Ալբերտի, ծնվ. 1998թ.
Սահրադյան Սուրեն Հայկի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Կարապետյան Էդո Արմենի, ծնվ. 1964թ.
Պահեստազորային Սիրեկանյան Գագիկ Վահանի, ծնվ. 1959թ.
Պահեստազորային Գրիգորյան Գագիկ Ֆրիդոնի, ծնվ. 1961թ.
Պահեստազորային Սարգսյան Համլետ Ռուզվելտի, ծնվ. 1973թ.
Պահեստազորային Մնոյան Մուշեղ Լավրենտի, ծնվ. 1966թ.

Սեպտեմբերի 27-ից ի վեր զոհվել է 359 զինծառայող։

12։15_ Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը՝ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով:

10։07_ Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը», – գրում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

______________

— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
― Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ հոկտեմբերի 8-ին, և Մոսկվայում` հոկտեմբերի 12-ին։

— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
― Ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվում է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Տուժել են մեծ թվով շինություններ, կան զոհեր և վիրավորներ։ Ռմբակոծվում է նաև Շուշի քաղաքը։
― Ադրեբջանը հայտնել է մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, Մինգեչաուրի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Բաքվից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Խըզը և Աբշերոն շրջանների ռմբակոծության մասին։ Գյանջայի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, մնացածը հերքում է։ Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքում է նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե կրակը բացվել է ՀՀ տարածքից։

―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 7-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 329 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 21 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան զոհեր և վիրավորներ։ Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 24 քաղաքացիկան անձ, 121 հոգի վիրավոր է։
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ավելի մանրամասն՝
հեկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում