Գեորգի Վանյանի՝ ստամբուլյան «Բիրգուն» թերքին տված հարցազրույցը
— Վաղուց եք պայքարում հանուն տարածաշրջանում հակամարտությունների դադարեցման։ Ինչպե՞ս եք նման պատասխանատվություն զգացել։
— Պարզապես չեմ կարող անտարբեր մնալ։ 25 տարի առաջ ես հավատում էի, որ անգամ տեղական նշանակության ռազմական բախումներից հետո հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել ու վերադառնալ խաղաղ համակեցության։ Սկզբում կարծում էի, որ միայն ժամանակավոր եմ թողնում սիրելի աշխատանքս թատրոնում՝ հասարակական գործունեությամբ զբաղվելու համար։ Պարզվեց դա ընդմիշտ է։
— Արդյո՞ք չի կորցվել երկու երկրների ժողովուրդների հաշտեցման հնարավորությունը։
— Մենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները, 30 տարի շարունակ վատնել ենք հաշտության ռեսուրսները՝ տուրք տալով ռազմականացմանն ու ազգայնական պրոպագանդային։ Իսկ հիմա՝ լիամասշտաբ պատերազմի պայմաններում, երկու հասարակությունների դեգրադացիան շարունակվում է non stop ռեժիմով։ Այս մարտերում պատանիներ են զոհաբերվում, առանց աչք թարթելու մենք նրանց մահվան ենք ուղարկում, քաղաքական խաղադրույքներ ենք անում զոհերի վրա խաղաղ բնակչության շրջանում։
— Որո՞նք են այս խնդրի լուծման ձեր առաջարկները։
— 1994 թվականին Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ճակատագրերը հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մենք փաստացի Ռուսաստանին հանձնվեցինք, Ռուսաստանին տվեցինք մեր սուվերենությունը, գերտերությունների հետ Ռուսաստանի մրցակցային պայքարում մանրուն դրամ դարձանք նրա ազդեցության ընդլայնման գործընթացում։ Ելքն այս իրավիճակից հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, բանակցություններ առանց միջնորդների։ Բայց ներկայիս դրությունը մեզ անթափանց խավարի է մատնել, մենք կանգնել են ինքնաոչնչացման ճանապարհին։
Ես կոչ եմ անում երկու երկրների առաջնորդներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քաղաքական կամք դրսևորել և՝ առաջնորդվելով քաղաքացիների անվտանգության առաջնահերթությամբ, խոսակցություն սկսել միմյանց հետ, ոչ թե միմյանց մասին։ Հակամարտության կարգավորման շատ մոդելներ կան։ Հենց այդ խոսակցությունը սկսվի, մեր հասարակություննում ինքնապաշտպանության բնական զգացում կարթնանա։ Ագրեսիայից պաշտպանված մարդիկ կկարողանան բարձացնել իրենց ձայնն ու գործընթացի մասնակիցը դառնալ։ Խաղաղության ներուժը թերագնահատվում է, ծածկվում է պրոպագանդայով։
— Ինչպիսի՞ն են հակամարտությունների հասարակական հետևանքները ձեր երկրում։
— Ինքնիշխանության կորուստ, քաղաքական գործընթացների բացակայություն, ֆիզիկական ոչնչացման սպառնալիք։ Ի՞նչ հասարակության մասին կարող է խոսք գնալ։
— Ի՞նչ դեր են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան հայ֊ադրբեջանական հակամարտության մեջ։
— Իմ կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը, որն իրեն Խորհրդային կայսրության իրավահաջորդն է համարում, այս հակամարտության ճարտարապետն ու օպերատորն է և նպատակ ունի իր խաղաղապահներին տեղակայել շփման գծի երկայնքով։ Դա նրան չհաջողվեց 1994-ին․ Ադրբեջանը դեմ էր։ Հիմա երկրորդ փորձը կլինի։ Եվ դրա համար որպես ետնանկար կծառայեն Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական խաղերը։ Նման աղետալի դրությունը կարող է շտկել միայն երկու մարդկանց կամքը, ովքեր հիմա լիազորված են բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների անունից։