Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 15-րդ (հոկտեմբերի 11)

Պատերազմ Ղարաբաղում, օր 15-րդ (հոկտեմբերի 11)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

23:17_ «Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ», – գրում է Արցախ տեղեկատվական շտաբը։

22:44_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի օրը ափոփող ասուլիսից

― Հոկտեմբերի 11-ին որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմի պահպանում չի իրականացվել։

― ՊՆ-ն հստակ հայտարարել է, որ մինչեւ հրադադարի լիարժեք պահպանում չլինի, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, չեն կարող լիովին դուրս բերվել դիակները։

― Ստեփանակերտը երեկ գիշերը հրթիռակոծվել է նույն տրամաչափի կրակային միջոցներով՝ հեռահար համազարկային կայանքներով, ինպես հրադադարից առաջ։

― Այսօր եղել են նաև ադրբեջանական կողմից կեղծ հայտարարություններ, թե հայկական զինված ուժերը ևս խախտում են հրադադարը և կիրառում են մեծ տրամաչափի զինատեսակներ՝ հարվածելով ադրբեջանական կողմին։ Այդ լուրերը կեղծ են, պաշտոնապես հերքվել են։ Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել իր հետագա գործողությունների համար։

―Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։

21:58_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:

Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը:

21։32_  Հոկտեմբերի 10-ի դիվերսիոն ներթափանցման ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հադրութում սպանվել է 5 խաղաղ բնակիչ․

«Հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են:

[Խաղաղ բնակաբայրերի ռմբակոծման] հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին», – ասված է Ղարաբաղի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

21:18_ Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ասուլիսից

— Մինչև այս գիշերը ներառյալ Արցախի խաղաղ բնակչության շրջանում արձանագրվել է առնվազն 25 զոհ։

— Զոհերից 5-ը արձանագրվել են հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո՝ հոկտեմբերի 10-ին։

— Զոհեր և վիրավորներ կան գրեթե բոլոր ուղղություններով՝ Արցախի հյուսիսից մինչև հարավ։

— Ունենք ապացույցներ, որ Ստեփանակերտում և մի շարք այլ բնակավայրերում կիրառվել են բարձր ճշգրտությամբ հեռահար և բալիստիկ հրթիռներ հենց բնակելի շենքերի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ ենք ունեցել, նաև՝ ենթակառուցվածքային ու մասնավոր գույքի մեծաթիվ վնասվածքներ։ Կիրառվել են նաև կասետային զենքեր՝ ռումբեր, հրթիռներ։

— Ե՛վ Ստեփանակերտում, և՛ մնացյալ բազմաթիվ բնակավայրերում ունենք հազարավոր չպայթած պայթուցիկներ, որոնք երկար տարիների համար վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների համար։

— Նախնական ուսումնասիրությամբ՝ Ղարաբաղում ավելի քան 5 800 մասնավոր անշարժ գույք է վնասվել, այդ թվում՝ տներ, բնակարաններ, խանութներ և այլն։ Ավելի քան 520 շարժական գույք է վնասվել, հիմնականում՝ մեքենաներ։ Եվ ավելի քան 960 ենթակառուցվածքներ, արտադրական կամ հանրային նշանակության օբյեկտներ են ոչնչացվել կամ վնասվել, այդ թվում՝ -ճանապարհներ, կամուրջներ, գազատար և ջրատար խողովակներ, էլցանցեր և այլն․ դրա մեծ մասը արդեն վերականգնվել է։

— Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել ավելի ապահով վայր։

19։49_ ԵԱՀԿ Միսնկի խումբը մոտ ժամանակներում կհնչեցնի Ղարաբաղի համակարտության շուրջ իր առաջարկը։

Այս մասին հայտարարել է խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին։

Վերջինս այսօր հեռախոսով զրուցել է Ադրբեջանի ԱԳՆ֊ի հետ։ Վաղը Հայաստանի ԱԳՆ-ն կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման։

19։10_ «Արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ․ զենք, որն այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասն է կազմում:

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը․․․», – ասված է իսրայելացի 15 մտավորականների անունից հրապարակված հայտարարությունում։

Իսրայելացի մտավորականների հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

18:47_ Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, ինչի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

18:14_ Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը։

Նշենք, որ Ադրբեջանը քիչ առաջ հայտարարել էր Ադրբեջանի Թարթառի, Ագդամի, Ֆիզուլիի և Աղջաբեդիի շրջանների թիրախավորման (հրետանակոծման) մասին։

18:12_ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը, որպես միջնորդ, պետք է զբաղվեր հումանիտար հրադադարի ընթացում զոհվածների դիերի և գերիների փոխանակման պրոցեսով, նման իրավիճակում մտադիր չէ ներգրավվել որևէ տեսակի մարդասիրական գործողության մեջ։

«Հումանիտար հրադադարը պետք է պահպանվի ամբողջությամբ, ինչն էլ, իր հերթին, կապահովի նաև այնտեղ աշխատող մեր թիմերի անվտանգությունը: Մենք տեսնում ենք հրետակոծությունների մասին հրապարակումներ երկու կողմերից էլ»,- ասել է կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ ըդգծելով, որ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս գործողություններ սկսել, նման պայմանները բավարար չեն:

17:26_ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կիրակնօրյա աղոթի վերջում դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության և եկեղեցիների թիրախավորումը։

Պապը կոչ է արել կողմերին պահպանել փխրուն հրադադարը:

17:20_ «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:
Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ», – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

15:17_ Ղարաբաղի Ազգային ժողովը կոչ է անում ստեղծել տարածաշրջանային Հակաահաբեկչական կոալիցիա․

«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.
1. Դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում
2. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար
3. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար»

ԱՀ ԱԺ հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

15:07_ Պաշտոնական Բաքուն հայտնում է Գյանջայի ռմբակոծության հետևանքով բնակելի շենքի փլուզման, 9 քաղաքացիական զոհերի և ավելի քան 30 վիրավորների մասին։

Ըստ Ադրբեջանի դատախազության, Գյանջան թիրախավորվել է այսօր գիշերը՝ Հայաստանի ԶՈւ-ի կողմից։

Պաշտոնական Երևանը մոտ 11 ժամ առաջ հերքել է Գյանջան ռմբագոծելու մասին հայտարարությունը։ Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները Գյանջա քաղաքը չեն թիրախավորել, նշել է ՀՀ ՊՆ-ն։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրեր։

12:40_ ՊԲ-ն հայտնել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 25 զինծառայողների անունները․

Նիկողոսյան Տարոն Թադևոսի, ծնվ. 1992թ.
Շահնազարյան Ասատուր Սուրենի, ծնվ. 1996թ.
Մկրտչյան Հայկ Արամի, ծնվ. 1997թ.
Մահտեսյան Հրաչ Վարուժանի, ծնվ. 2001թ.
Սահակյան Պավել Միրանի, ծնվ. 2000թ.
Ըռքոյան Մանվել Դարվինի, ծնվ. 2000թ.
Խաչատրյան Արթուր Միսակի, ծնվ. 2001թ.
Ղուզանյան Գևորգ Յուրայի, ծնվ. 2001թ.
Տիգրանյան Արթուր Սերոբի, ծնվ. 2000թ.
Ղազարյան Փայլակ Դավիթի, ծնվ. 2001թ.
Կիրակոսյան Արեն Կարենի, ծնվ. 2000թ.
Օհանյան Արման Հարությունի, ծնվ. 2001թ.
Առաքելյան Արծրուն Մերուժանի, ծնվ. 2001թ.
Հայրապետյան Էդգար Վահեի, ծնվ. 2000թ.
Ազարյան Սլավիկ Արարատի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Զավեն Ստեփանի, ծնվ. 2001թ.
Հովակիմյան Արման Արամի, ծնվ. 2000թ.
Խալաթյան Արտաշես Հակոբի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Նարեկ Վաղարշակի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Ավագով Սուրեն Սլավիկի, ծնվ. 1974թ.
Կարապետյան Աբրահամ Հովսեփի, ծնվ. 2001թ.
Կարապետյան Արմեն Դավիթի, ծնվ. 2001թ.
Թումանյան Գրիշա Նորայրի, ծնվ. 1999թ.
Պողոսյան Սարգիս Սամվելի, ծնվ. 1990թ.
Ֆարմանյան Ալեքսանդր Նաիրիի, ծնվ. 1996թ.

11։36_ «Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեմ Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ», — Արծրուն Հովհաննիսյան։

11:31 _ Ղարաբաղի_նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսից՝

— Առավոտվա դրությամբ ավելի հանգիստ է իրավիճակը․ բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում որոշ դեպքերում հրաձգություններով փոքր պայքար է ընթանում։ Իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել, երեկ – մենք դա փաստել ենք – հրադադար չի եղել։

— Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի մաս։

— Չեմ կարող ասել՝ ինչպիսին է լինելու Ադրբեջանի, այսինքն արդեն ձևավորված’ ահաբեկիչների, Թուրքիայի և Ադրբեջանի կոալիցիայի պահվածքը, որքանո՞վ են հարգելու Ռուսաստանի միջնորդությունը, միջազգային կառույցների հայտարարությունները և գնալու կրակի դադարեցման՝ հումանիտար խնդիրների լուծման, և հետո՝ բանակցությունների համար։

— Այստեղ ոչ թե Ղարաբաղա-Ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի և ինչ-որ տեղ նաև Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված են շատ ավելի ծանր՝ մարդկությանը վտնագը սպառնացող ծրագրեր։

— Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի՝ խաղաղ ճանապարհով հարցը լուծելու պատրաստակամությունը, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա՝ միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին։

— Եվ այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին։ Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ Պետք է նրանց ցուցակագրել։

— Բոլորը պատասխան են տալու մարդկության և Աստծո առաջ։

— Հարց․ ի՞նչ է եղել Հադրութում, խայտաբղետ տեղեկատվություններ ենք ստանում։

Պատասխան․ Քանի որ Ալիևը հայտարարել էր, իբր գրավել է #Հադրութ քաղաքը, հրադադարից առաջ վերջին հարվածի համար ընտրել են  Հադրութը։ Հաստատ ունեն պատրաստված վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ ձևավորել են խումբ, որի նպատակը ոչ թե դիվերսիան է եղել, այլ հրադադարից առաջ Հադրութը գրավելը։ Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ իրականացնել, բայց մեզ հաջողվել է վերադասավորվել, և Հադրութի վարչակազմի ղեկավարն այսօր գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում։

— Հարց․ Հադրութում երկու քաղաքացիական զոհի մասին էր հայտարարվել․․․

Պատասխան․ Խնդրում եմ՝ բավարարվեք իմ պատասխանով։ Չունեմ այլ տվյալներ։

— Հարց․ Մենք գիտենք, որ ադրբեջանցիները օգտագործել են գրոհային անօդաչու թռչող սարքեր, որոնք գնվել են Իսրայելից պայմանով, որ օգտագործվելու են միայն պաշտպանական նպատակներով։ Իսրայելի կառավարությունը, ձեր կարծիքով, տեղյա՞կ է, որ դրանք օգտագործվել են գրոհելու նպատակով․․․

Պատասխան․ «Ապրիլյան պատերազմի» ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ իսրայելական զենքերը օգտագործվում են ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում։ Եթե Իսրայելի իշխանությունն ասի՝ տեղյակ չենք, հերթական ծաղրանքն է մարդկության հանդեպ։ Տեղյա՛կ են, և այսօր էլ շարունակում են մատակարարել։ Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը․․․

— Հարց․ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ այսօր գիշերը հրադադարը խախտվել է և իբր ռմբակոծվել է Գյանջա քաղաքը։ Կարո՞ղ եք մեկնաբանել։

Պատասխան․ Ո՛չ։

———
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 10 (չստացված հրադադարի առաջին օրը)
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27