Կորոնավիրուսի պատճառով աշնանային դպրոցական արձակուրդները կմեկնարկեն ոչ թե նոյեմբերի 2-ից, այլ վաղվանից՝ հոկտեմբերի 15-ից, հայտնել է Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հիմք ընդունելով առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը,
հաշվի առնելով`
― կորոնավիրուսային հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%),
― առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը,
Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը:
Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը», – գրել է Հարությունյանը:
Նախարարը կոչ է արել ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։
Հայաստանի առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա մեջ քովիդ-19 գրանցվող դեպքերը գերազանցում են անգամ վարակի պիկ համարվող գարուն֊ամառ շրջանի թվերը։ Վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի քանակը՝ ըստ օրերի․ 718 (կամ իրականացված թեստերի 19.6%-ը), 614(18.5%), 649(23.7%), 715(21.3%), 370(29.2%) 745(35.2%), 1058(36.8%):
Պատերազմի բերումով առանց այն էլ գերծանրաբեռնված առողջապահական համակարգի համար սա կարող է վերածվել իրական կոլապսի։