Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ամերիկան 3-4 շաբաթից պատվաստանյութ կունենա, Հնդկաստանում իրավիճակը ծայրահեղ սրված է, Ֆրանսիայում տասնյակ դպրոցներ են փակվել, կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով երեխաներ մահացած են ծնվում։
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, վարակվածների թիվն ամբողջ աշխարհում մոտենում է 30 միլիոնի, մահացել է 935,8 հազար մարդ։
Իրավիճակը խիստ լարված է Հնդկաստանում, որտեղ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը գերազանցում է հինգ միլիոնը։ Սա Ամերիկայից հետո երկրորդ ամենածանր ցուցանիշն է։ Հնդկաստանում համավարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 82 հազար մարդ։ Այս ցուցանիշով Հնդկաստանին գերազանցում են Ամերիկան և Բրազիլիան։ Վերջին շաբաթների ընթացքում երկրում օրական գրանցվում է միջինում 100 հազար վարակման դեպք։
Վիրուսի տարածման տեմպերի արագացումը մեծանում է հակահամաճարակային միջոցառումների թուլացմանը զուգընթաց։ Իշխանությունները պնդում են, որ նախկին ռեժիմով շարունակելու դեպքում ծանր տնտեսական ճգնաժամն անխուսափելի կլիներ։ Այժմ երկրում չեն գործում միայն դպրոցները, քոլեջներն ու կինոթատրոնները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն իրավիճակն աշխարհում սարսափելի է գնահատում և ընդգծում, որ սա դեռ միայն սկիզբն է։ Նրա խոսքով, հատկապես վտանգավոր է այն, որ վիրուսի տարածման տեմպերն արագանում են մոլորակի ամենախիտ բնակեցված հատվածներում։ Հնդկաստանում գրանցված 5 միլիոն դեպքերից 1 միլիոնը հաստատվել է վերջին 11 օրերի ընթացքում։
Իրավիճակը Եվրոպայում
ԱՀԿ արտակարգ իրավիճակների բաժանմունքի ղեկավար Մայքլ Ռայանի հայտարարության համաձայն, ժամանակն է, որ եվրոպական առաջնորդները դադարեն հույսով ապրել և կոշտ որոշումներ կայացնեն հասարակության խոցելի խմբերին աջակցելու համար՝ հատկապես մոտալուտ ձմռան հետ կապված դժվարությունները հաշվի առնելով։
Վատթարացած համավարակային պայմանները հաշվի առնելով, Դանիայում նոր սահմանափակումներ են մտցվել։ Մասնավորապես՝ կրճատվել է բարերի և ռեստորանների թույլատրելի աշխատաժամանակը։
Ֆրանսիայում փակվել են 81 դպրոցներ։ Ուսումնական տարվա սկզբից սկսած երկրի 28 ուսումնական հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել երեխաների շրջանում։ Չեղարկվել են երկու հազարից ավելի արտադասարանային և անհատական պարապմունքներ, ֆակուլտատիվներ և խմբակներ։
Ֆրանսիայիում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 433.9 հազար դեպք, 31 հազար մարդ մահացել է։ Սա Եվրոպայի երկրորդ ամենավատ ցուցանիշն է։
Մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով մարդիկ են վարակվել Չեխիայում՝ 1677 դեպք վերջին 24 ժամվա ընթացքում։ Կտրուկ մեծանում է հոսպիտալացման և ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը։ Իշխանությունները մտահոգված են մահացության ցուցանիշի աճով։ Ընդհանուր գնահատմամբ, իրավիճակը Չեխիայում մոտենում է մարտ֊ապրիլ ամիսներին։
Եվրամիության 27 երկրների դեսպանները որոշում են կայացրել անփոփոխ թողնել այն 10 երկրների ցանկը, որոնց հետ արտաքին սահմանները կարելի ա բացել։ ԱՄՆ֊ն ու Ռուսաստանն այդ ցանկում ներառված չեն։
Իրավիճակն աշխարհում
Վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում Լատինական Ամերիկայում։ Շրջանի միայն մի քանի երկրներում է վերջերս հաջողվել կայունացնել դրությունը։
Մայրցամաքի հինգ երկրներ ներառված են ամենամեծ թվով վարակման դեպքեր արձանագրած երկրների տասնյակում․ Բրազիլիա (4,3 մլն), Պերու (738 հազար), Կոլումբիա (728,5 հազար), Մեքսիկա (676,4 հազար), Արգենտինա (577,3 հազար)։
Մյանմայի իշխանությունները մայրաքաղաք Յանգոնայում նոր ժամանակավոր հիվանդանոց են կառուցում։ Յանգոնա քաղաքը պաշտոնապես փակված է։ Երկրի ներսում ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված է։
Ավստրալիայի մի շարք շրջաններում, մասնավորապես՝ Վիկտորիա նահանգում, կարանտինային սահմանափակումների զգալի մասը չեղարկվել է։ Վիկտորիա նահանգի կենտրոն հանդիսացող Մելբուրն քաղաքը երկրում համավարակի գլխավոր կիզակետն էր։ Վերջին 14 օրերի ընթացքում, սակայն, օրական գրանցված դեպքերի քանակը չէր գերազանցում հիսունը։