Համավարակային իրավիճակի հարաբերական կայունացման արդյունքում կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված մարզային հիվանդանոցներն ու բաժանմունքները, բացառությամբ Կապանի բժշկական կենտրոնի, վերադառնում են իրենց նախկին գործառույթներին։ Covid-ով հիվանդներն այսուհետ կբուժվեն ութ պրոֆիլավորված հիվանդանոցներում, որոնցից յոթը գտնվում են Երևանում։ Մարզերում բուժում ստացողները շտապօգնության մեքենաներով այժմ տեղափոխվում են մայրաքաղաք։
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, իրենց բնականոն աշխատանքին կվերադառնան Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնը, իսկ Մարտունու բժշկական կենտրոնի՝ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բաժանմունքը կփակվի։
Նշված հաստատություններում բուժում ստացող 67 պացիենտների բուժումը կշարունակվի Երևանում, նշել է ԱՆ խոսնակը՝ ընդգծելով, որ նրանց տեղափոխումը բուժման ավարտից հետո ևս իրականացնելու է առողջապահության նախարարությունը:
Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն, ըստ Նիկողոսյանի, անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (կընդունեն դեռևս չհաստատավծ հիվանդությամբ պացիենտներին, կթեստավորեն, դրական պատասխանի և համապատասխան սիմպտոմների առկայության դեպքում՝ կկազմակերպեն դեպի Երևան տեղափոխումը):
Ալինա Նիկողոսյանի պարզաբանմամբ՝ վերջին շրջանի հարաբերական անկման պատճառով մարզային վերապրոֆիլավորված հիվանդանոցները/բաժանմունքները գործում են թերբեռնված, մի ամբողջ բժշկական անձնակազմ աշխատում է ընդհամենը մի քանի հիվանդի համար, ինչը արդյունավետ չէ նաև ֆինանսական տեսանկյունից։ Հիվանդանոցները, ըստ նրա, չպետք է կանգ առնեն և կենտրոնանան մեկ հիվանդության բուժման վրա, եթե դրա անհրաժեշտությունը հստակ չէ։ Այսօրվա իրավիճակը մահճակալների նման ծավալում չի ենթադրում։ Եթե կարիք և ծավալման նոր անհրաժեշտություն լինի, մարզային բուժհաստատությունները կրկին կընդգրկվեն։
Վերոհիշյալ բուժհաստատությունները կորոնավիրուսի բուժման համար հավելյալ ֆինանսավորում էին ստանում։ Վաղվանից դրանք կվերադառնան նախկին ֆինանսավորման։
Նշենք, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով հիվանդ է 4 հազար 912 քաղաքացի, որոնցից շուրջ հազարը բուժվում են հիվանդանոցներում, մյուսները` տնային պայմաններում։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 43 781 դեպք, որոնցից 37 722՝ արդեն ապաքինված, 1 147-ը՝ մահվան ելքով․ 879 հոգի մահացել է covid-19-ից, կորոնավիրուսով վարակված ևս 268 մարդ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ կատարվել է 205 940 թեստավորում: