Այսօր Հարավային Օսետիայի հանրապետության մայրաքաղաք Ցխինվալում տեղի է ունեցել 28-ամյա Ինալ Ջաբիևի հուղարկավորության արարողությունը։
Օգոստոսի 17-ին Ցխինվալում կրակել էին Ներքին գործերի նախարար Իգոր Նանիևի ծառայողական մեքենայի ուղղությամբ։ Ոչ ոք չէր տուժել։ Օգոստոսի 26-ին հարձակման կասկածանքով բերման էին ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնցից մեկը՝ Ինալ Ջաբիևը, ձերբակալությունից հետո մահացել է։
Ջաբիևի հարազատները կարծում են, որ նրան տանջել են։ Նրանք հավաքվել էին Հանրապետական հիվանդանոցի դիմաց ու պահանջում էին տեսնել երիտասարդի մարմինը։ ՆԳՆ աշխատակիցները շրջապատել էին շենքը։ Ինալի հարազատներին հրապարակում միացել էին նաև այլ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ և պետական պաշտոնյաներ։
Հարավային Օսետիայի կառավարության ղեկավար Էրիկ Պուխաևը օգոստոսի 29-ին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին՝ նախօրեին Օսետիայի մայրաքաղաքում կազմակերպված մարդաշատ ցույցի պատճառով։
«Այսօր ես եղել եմ հրապարակում։ Լսել եմ մարդկանց, ովքեր կառավարության հրաժարականն էին պահանջում։ Ես կայացնում եմ այդ որոշումը։ Ամեն ինչ մտածել եմ, կարծում եմ, այդպես ճիշտ կլինի», – մամուլի ծառայության միջոցով ժողովրդին դիմել է Պուխաևը։
Ուրբաթ օրը հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ցխինվալի Թատերական հրապարակում։ Ցուցարարներն իրենց վրդովմունքն էին արտահայտում Ներքին գործերի նախարարի վրա մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող երիտասարդի մահվան կապակցությամբ։
Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում որոշում է կայացվել դեպքի հետ կապված հատուկ հետաքննություն սկսել, իսկ Նանիևին՝ քննչական միջոցարումների ընթացքում, ազատել պաշտոնից
Բիբիլովն այնուհետև դուրս է եկել ցուցարարների հետ հանդիպման։ Խոստացել է անաչառ քննություն իրականացնել երիտասարդի մահվան գործով։ Նախագահի հեռանալուց հետո ցուցարարները չեն ցրվել։