Home / Ոստիկանություն / ԱՄՆ֊ում քաղաքական բախումները շարունակում են կյանքեր խլել

ԱՄՆ֊ում քաղաքական բախումները շարունակում են կյանքեր խլել

Օգոստոսի 23-ին Ամերիկյան Վիսկոնսին նահանգում ոստիկանների կողմից աֆրոամերիկացու ուղղությամբ կրակ բացելու միջադեպից հետո Միացյալ նահանգներում բողոքի ցույցերի ու անկարգությունների նոր ալիք է սկսվել։

Բացի այրվող խանութներից ու ոստիկանության հետ բախումներից, վերջերս փոխհրաձգություններ են տեղի ունենում տարբեր հայացքների զինված խմբավորումների միջև։

Երեքշաբթի օրը Կենոշա քաղաքում ոստիկանական ամենաթողությունների ու բռնության դեմ պայքարող ցուցարարներից երկուսը սպանվել են, ևս մեկը վիրավորվել է։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նախագահ Դոնալդ Թրամփի 17-ամյա հետևորդ, աջ հայացքների տեր մի երիտասարդ։

Շաբաթ օրը Պորտլենդում Թրամփի մոլի կողմնակից է սպանվել։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են նախագահին իրենց աջակցությունը ցույց տալու։ Բախումներ են տեղի ունեցել Թրամփի աջակիցների և հակառակորդների միջև։

Վերջին մեկ շաբաթվա դեպքերն Ամերիկայում քաղաքական բռնության մասին լուրջ քննարկումների պատճառ են դարձել։

Հրապարակախոսներն ընդգծում են, որ քաղաքացիական պատերազմի համար ամենևին էլ պարտադիր չէ ողջ հասարակության ներգրավվածությունը, ինչպես օրինակ 1861-65 թվականներին Հյուսիսի և Հարավի միջև պայքարում։ Հաճախ ոչ մեծաթիվ զինված խմբերի միջև սկսված բախումներն արդեն բավարար են։ Բրիտանական և ամերիկյան հեղինակները Միացյալ նահանգներում ստեղծված իրավիճակը համեմատում են Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության հետ։

Բևեռացումն ու արմատականացումը պայմանավորված են 2020 թվականի նախագահական ընտրությունների հետ, որոնց ընդհամենը երկու ամիս է մնացել։ Սոցհարցումների արդյունքների համաձայն, գործող նախագահ Դոնալդ Թրամփը զիջում է Ժողովրդավարական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին։ Դեմոկրատների ղեկավարած քաղաքներում սկսված բողոքի ցույցերն ու անկարգությունները Թրամփն օգտագործում է որպես իր քարոզարշավի կարևորագույն փաստարկ։