2020-ի աշնանը Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված ռեփեր Քանյե Ուեսթն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում թերահավատորեն է խոսում Covid-19-ի դեմ ապագա պատվաստանյութի մասին, խոստանում է դպրոցներում վերադարձնել աղոթքն ու դեմ է արտահայտվում աբորտներին, գրում է Forbes ամսագիրը։
«Մեր երեխաներից շատերը պատվաստվում և պարալիզացվում են․․․ Երբ ասում են, որ պատրաստվում են Covid-ի հարցերը լուծել պատվաստանյութով՝ ծայրահեղ զգուշավոր եմ վերաբերվում դրան։ Դա գազանության նշան է․․․ Նրանք ցանկանում են չիպեր տեղադրել մեր մեջ, անել այնպիսի բաներ, որ մենք չկարողանանք հատել դրախտի դարպասները», – բացատրում է Ուեսթը, ով կորոնավիրուսը որպես Աստծո զայրույթ է մեկնաբանում։
Որոշ նահանգներում Ուեսթը որպես նախագահի թեկնածու չի հասցրել գրանցվել, սակայն կարծում է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, կկարողանա գրանցվել ուշացումով։
Քարոզարշավի ժամանակ Քանյե Ուեսթի խորհրդականներն են լինելու կինը՝ Քիմ Քարդաշյանը, և գործարար Իլոն Մասկը։
Հիշեցնենք, որ նախկինում Քանյե Ուեսթը բազմիցս լուսանկարներ է հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոս «Make America Grate again» («Հետ բերենք Մեծ Ամերիկան») գրառմամբ գլխարկներով կամ շապիկներով։ TMZ-ի հարցին, թե որն էր նման լուսանկարներ հանրայնացնելու պատճառը, ռեփերը պատասխանում է․ «Եթե Ֆաշիստական սվաստիկան Հնդկաստանում պատկերենք՝ լրիվ այլ բան կստացվի։ Ես կրում եմ «Հետ բերենք Մեծ Ամերիկան» գրառմամբ գլխարկ, ես էլ իմ ձևով եմ ուզում հետ բերել այդ Ամերիկան, ուրիշ ոչինչ»։
Այդ նկարներով Դոնալդ Թրամփին աջակցություն հայտնելու մասին հարցին ի պատասխան Ուեսթը հիշեցրեց, որ ինքն արվեստագետ է։ Նույն հարցազրույցի ընթացքում Քանյե Ուեսթը հայտարարում է, որ
«Ստրկությունն ընտրություն էր»։
Այս տարվա հունվարին Քանյե Ուեսթը մասնակցել է Արիզոնայում կազմակերպվող 10-ժամյա աղոթքի երթին, որին մասնակցում և աջակցում էին նախկինում բազմիցս հոմոֆոբ հայտարարություններով հանդես եկած բարձրաստիճան հոգևորականներ։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2020-ի աշնանը, հայտնի է, որ թեկնածություն են առաջադրելու Դոնալդ Թրամփը, Ջո Բայդենը, Քայնե Ուեսթը։