Վերմոնտ նահանգի 78-ամյա սենատոր, սոցիալիստ Բերնի Սանդերսը, ով հավակնում է դառնալ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուն, 1988 թվականին ամուսնական ճանապարհորդության համար ընտրել էր ԽՍՀՄ֊ը։
Այդ ընթացքում Սանդերսը պայմանավորվել էր եղբայրական հարաբերություններ հաստատել Յարոսլավլ և Բերլինգտոն (Վերմոնտ նահանգ) քաղաքների միջև։
Բի֊բի֊սի֊ն պատմում է ԱՄՆ նախագահի թեկնածուի խորհրդային արձակուրդների մասին։
Մեղրամիս պերեստրոյկայի թեժ պահին
1988-ի հունիսին 46֊ամյա Բերնի Սանդերսը Վերմոնտ նահանգի ամենամեծ քաղաքի՝ Բերլինգտոնի քաղաքապետն էր։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1981-1988 թվականներին, որից հետո երկու անգամ կոնգրես է ընտրվել։ 1991 թվականից Սանդերսը Ներկայացուցիչների պալատի անդամ է, իսկ 2007 թվականից սենատում ներկայացնում է Վերմոնտը։
1988 թվականին Սանդերսը տասը օրով ԽՍՀՄ֊ում էր։
1988-ի մայիսին նա երկրորդ անգամ ամուսնացել էր։ Հարսնացուն՝ Ջեյն Դրիսքոլը, ևս երկրորդ անգամ էր ամուսնանում։
Ամուսնությունից անմիջապես հետո նորապսակները ԽՍՀՄ են մեկնում՝ Բերլինգտոնի 12 բնակիչներից կազմված պատվիրակության կազմում։
Վերադառնալուց հետո Սանդերսը հիացմունքով էր խոսում խորհրդային պաշտոնյաների ու քաղաքացիների բացության ու ընկերական վերաբերմունքի մասին։
«Ինձ զարմացրել էր ամերիկացիների հանդեպ նման ջերմ վերաբերմունքն ու Ամերիկայի նկատմամբ այդպիսի հիացմունքը։ Խոսակցությունների արդյունքում իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդ վերաբերմունքը Երկրորդ համաշխարհայինի հետ է կապված։ Իրենց համար մեծ նշանակություն ունի այն, որ այդ պատերազմում մենք դաշնակիցներ էինք»։
Սանդերսն ընդգծում էր, որ Խորհրդային Միությունում հատուկ վերաբերմունք կա Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ։ Յարոսլավլ ժամանելուց հետո առաջին հերթին նա տեղական պաշտոնյաների հետ ծաղկեպսակ է դրել Հավերժական կրակի մոտ, իսկ Լենինգրադում բերլինգտոնցիներին նախևառաջ տարել են Հերոսների հիշատակի հուշահամալիր։
Ամերիկացիներին ամենաշատը հիացրել էր մոսկովյան մետրոն։ Սանդերսի խոսքով, դա ամենաարդյունավետ հասարակական տրանսպորտի համակարգն էր, որ իրեն երբևէ հանդիպել էր։
«Մետրոն օրական ավելի քան վեց մլն մարդ էր տեղափոխում։ Պիկ ժամերին գնացքների գալու միջև ինտերվալը հասնում էր 15 վայրկյանի։ Կայարանները շատ գեղեցիկ էին, զարդարված արվեստի գործերով ու աներևակայելի լուսամփոփներով»։
Քաղաքային դիվանագիտություն
Չնայած Բերլինգտոնի բնակչությունն այդ ժամանակ հազիվ հասնում էր 40 հազարի, քաղաքը փաստացի իր սեփական արտաքին քաղաքականությունն ուներ։
Սանդերսի նախաձեռնությամբ եղբայրական հարաբերություններ էին հաստատվել, օրինակ, Նիկարագուայի Պուերտո Կաբեզաս քաղաքի հետ, որում Սանդինիստական հեղափոխությունն էր եղել։
1988֊ին եկել էր Յարոսլավլի ժամանակը։ Սառը պատերազմն ավարտվում էր։ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն ակտիվորեն զարգանում էին։ ԽՍՀՄ֊ում Վերակառուցում էր սկսվել՝ ժողովրդավարության ու բացության կարգախոսներով։
1987֊ի դեկտեմբերին Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Միխաիլ Գորբաչովը պաշտոնական այցով ԱՄՆ էր մեկնել, իսկ 1988-ին պատասխան այցով Մոսկվայում էր Ռոնալդ Ռեյգանը։
Մինչ այդ նրանք երկու անգամ հանդիպել էին չեզոք տարածքներում՝ Ռեյկյավիկում ու Ժնևում։ Առաջնորդները պայմանավորվում էին զինավորման զգալի սահմանափակումների մասին։
Սանդերսի մասնակցությամբ պատվիրակությունը այցելել էր Յարոսլավլ, Լենինգրադ և Մոսկվա քաղաքները։ Յարոսլավլում նրանց դիմավորել էր քաղաքային գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ռյաբկովը (ամերիկացիները նրան պարզապես «քաղաքապետ Ռյաբկով» անվանեցին)։
Եթե եղբայրական հարաբերություններ հաստատելու համար Բերլինգտոնի կողմից բավարար էր քաղաքապետի ստորագրությունը, ապա Յարոսլավլի կողմը խնդրեց սպասել երկրի ղեկավարության համաձայնությանը։
«Խորհրդային Միությունում ընդունված կարգերի համաձայն, իրենց պետք է սպասել Մոսկվայի բյուրոկրատական պրոցեսներին», – Վերմոնտ վերադառնալուց հետո հայտարարում է Սանդերսը։
Մոսկվան հաստատում է «բարեկամության պայմանագիրը»։ Եղբայրական հարաբերությունները, որոնք արտահայտվում են Բերլինգտոնում ռուսական օրերի և Յարոսլավլում ամերիկյան օրերի կազմակերպմամբ ու մարդկանց խմբերի՝ սկսած երաժիշտներից մինչև փրկարարներ, փոխադարձ այցերով, շարունակվում են մինչև օրս։
Վերակառուցման քննադատությունը
Ամերիկացիները չէին սպասում, որ խորհրդային գործընկերները պատրաստ են ընդունել սոցիալիստական համակարգի ինչ որ թերություներ, և հաճելիորեն զարմացած էին, երբ ԽՍՀՄ֊ում սկսեցին խոսել երկրի սոցիալական խնդիրների ու ժողովրդավարության բացակայության մասին։
«Ինձ զարմացրեց խորհրդային պաշտոնյաների քննադատական կարծիքն իրենց իսկ հասարակության մասին։ Անկեղծ ասած, ես սպասում էի, որ նրանք ամեն ինչի մասին միայն դրականը կխոսեն։ Օրինակ, նրանք ամենևին չէին ամաչում ասել, որ ապրում են ոչ ժողովրդավարական հասարակությունում»։
Սանդերը, ով տարիներով Ամերիկայում անվճար բուժօգնության ներմուծման կոչեր էր անում, հետաքրքրվեց ԽՍՀՄ բժշկության ոլորտի իրավիճակով։
«Չնայած Խորհրդային Միությունը պարծենում է անվճար բուժօգնությամբ, իրենք էլ ընդունում են, որ տեխնոլոգիաների առումով 10-15 տարի զիջում են ԱՄՆ֊ին», – առողջապահության ոլորտի մասին իր դիտարկումներն ամփոփում էր Սանդերսը։
Յարոսլավլ այցելած ամերիկացիները պատմում էին, որ իրենց դուր եկավ մարդկանց սերը բնության հանդեպ ու կյանքի անշտապ ռիթմը՝ հենց դրանով է հայտնի Վերմոնտ նահանգը։
«Մենք հետազոտություններ չենք իրականացրել, բայց մարդիկ բավականին երջանիկ ու գոհ էին թվում», – պատմում է Սանդերսը։
Սանդերսին հիացնում էր Խորհրդային Միության մշակութային քաղաքականությունը։
«Մենք Յարոսլավլի թատրոն գնացինք։ Շատ գեղեցիկ էր։ Երեք տարբեր բեմ ուներ, երեքում էլ ներկայացում կար՝ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ։ Նաև տիկնիկային թատրոն կար։ Ամենաթանկ տոմսն ընդհամենը 1.5 դոլար էր»։
Գրառումների համաձայն, Սանդերսին ամենաշատը զաքրմացրել էր քաղաքացիների վերաբերմունքը Ռեյգանի նկատմամբ, ով կարճ ժամանակ առաջ ԽՍՀՄ֊ը «չարիքի կայսրություն» էր անվանել։
«Ես ապշած էի, թե ինչ հայտնի էր Ռեյգանը Խորհրդային միությունում։ Այնտեղ նա գուցե ավելի հայտնի էր քան մեզ մոտ», – պատմում էր Սանդերսը։