Home / Վերլուծություն / Ջուդիթ Բաթլերը՝ ամերիկյան ընտրությունների մասին

Ջուդիթ Բաթլերը՝ ամերիկյան ընտրությունների մասին

Ամերիկացի ձախ ընտրողներն այժմ իրենք իրենց երկու հարց են տալիս. ովքե՞ր են այն մարդիկ, որոնք քվեարկել են Թրամփի օգտին, և  ինչո՞ւ չէինք նախապատրաստվել նման ելքի։ Ծանոթներիս շրջանում այս պահին տիրող լայնատարած զգացումը կարելի է կոչել մեկ բառով՝ «ջախջախվածութուն»։

Մենք չգիտեինք, թե իրականում որքան տարածված է զայրույթը էլիտաների դեմ, որքան խորն է սպիտակ տղամարդկանց ատելությունը ֆեմինիզմի ու քաղաքացիական իրավունքների շարժման հանդեպ, որքան բարոյալքված են շատ մարդիկ տնտեսական սեփականազրկումից, որքան ոգևորված՝ կղզիացման, նոր պատերի հեռանկարից ու ազգայնական ռազմատենչությունից։ Արդյո՞ք սա ռասիզմի նոր արտահայտում էր։ Ինչո՞ւ մենք չէինք ակնկալում դա։

Ինչպես մեր բրիտանացի ընկերները Բրեքսիթից հետո, մենք էլ այժմ չենք վստահում հարցումներին․ ո՞ւմ են հարցնում և ում՝ ոչ։ Արդյո՞ք մարդիկ ճշմարտացիորեն են պատասխանում հարցերին։ Ճի՞շտ է արդյոք, որ ընտրողների մեծ մասը սպիտակ տղամարդիկ էին և որ բազմաթիվ ոչ սպիտակ մարդիկ քվեարկությանը չեն ներկայացել։ Այս ի՞նչ բարկացած ու չեզոքացնող հանրություն է, որ նախընտրում է ղեկավարվել խելագար տղամարդու կողմից, միայն թե ոչ՝ կնոջ։ Այս ի՞նչ բարկացած ու մերժողական հանրություն է, որ նեոլիբերալիզմի ու ազատականացված կապիտալիզմի թուլացման համար մեղադրում է Դեմոկրատական կուսակցության թեկնածուին։ Հիմա մենք պետք է մտածենք պոպուլիզմի մասին, ձախի ու աջի, ու կնատյացության, թե իրականում որքան խորն են դրա արմատները։

Լավ է, թե՝ վատ, Հիլարին նույնացվում է իստեբլիշմենտի քաղաքականության հետ։ Բայց պետք չէ թերագնահատել Հիլարիի դեմ արմատացած զայրույթն ու վրդովմունքը, որը, մասամբ, արդյունք է դասային կնատյացության ու Օբամայի հանդեպ ատելության՝ հրահրված մշտապես ծխացող ռասիզմով։ Թրամփը սանձազերծել է կուտակված զայրույթը ֆեմինիստների դեմ, նրանց որակելով որպես բարքերի ոստիկանություն, բազմամշակութայնության դեմ, որը դիտարկվում է որպես սպառնալիք սպիտակների արտոնություններին, և միգրանտների դեմ՝ իբրև սպառնալիք պետական անվտանգությանը։ Հնարավոր է, սակայն, որ այն, ինչին ներկայումս ականատես ենք լինում, առաջին սև նախագահի հանդեպ բազմաթիվ տղամարդկանց ու որոշ կանանց ատելությունն է՝ զուգորդված առաջին կին նախագահի հնարավորության վերաբերյալ վրդովմունքով։ Մենք այժմ տեսնում ենք, թե ինչպես են կնատյացությունն ու ռասիզմը բացառում առողջ դատողությունն ու հավատարմությունը ժողովրդավարական ու ներառական նպատակներին․ մեր երկիրն այսօր ղեկավարվում է սադիստական, չար ու քայքայիչ կրքերով։

Ովքե՞ր են նրա օգտին քվեարկած մարդիկ․ բայց, միևնույն ժամանակ, ովքե՞ր ենք մենք, որ չտեսանք նրանց ուժը, չկանխատեսեցինք նման ելքը։ Նույնիսկ չենթադրեցինք, որ մարդիկ կարող էին ընտրել ռասիստական ու քսենոֆոբ դիսկուրսի տեր, սեռական հանցագործությունների և աշխատավորների շահագործման մեջ մեղադրվող, սահմանադրության և միգրանտների հանդեպ անարգանք ցուցաբերող և միլիտարիստական նկռտումներով մարդու։ Հնարավո՞ր է արդյոք, որ մենք ինքներս ճշմարտությունից պատսպարված ենք մեկուսացման մեր սեփական՝ ձախ ու ազատական մտածողության ձևով։ Կամ, գուցե, մենք միամտորեն հավատում էինք մարդկային բնությանը։ Ի՞նչ պայմաններում են սանձազերծված ատելությունն ու անխոհեմ ռազմատենչությունն արժանանում ձայների մեծամասնությանը։

Իհարկե, մենք դեռևս չգիտենք, թե բնակչության որ մասն է իրականում քվեարկել։ Բայց հարց է ծագում․ ինչպե՞ս է խորհրդարանական ժողովրդավարությունը մեզ բերել ծայրահեղ հակաժողովրդավարական նախագահ, և արդյո՞ք մենք պետք է պատրաստ լինենք հանդես գալու ավելի շատ իբրև դիմադրության շարժում, քան՝ քաղաքական կուսակցություն։ Վերջիվերջո, Նյու Յորքում այսօր կայացած Թրամփի հանրահավաքներից մեկի ժամանակ նրա կողմնակիցներն անամոթաբար հայտարարեցին իրենց եռանդուն ատելության մասին․ «Մենք ատում ենք մահմեդականներին, մենք ատում ենք սևերին, մենք ուզում ենք վերադարձնել մեր երկիրը» *։

Ջուդիթ Բաթլեր
10.11.2016

սկզբնաղբյուրը՝ conversations.e-flux.com

* ըստ որոշ մեկնաբանությունների, վերջին մեջբերումը հղում է ֆեյք օգտատերի թվիթերյան գրառմանը