Home / Տեսանյութեր / Ծաղիկները պահե՛ք ձեզ. «Դալմայի» անվտանգությունը հարձակվեց պաստառներով մարդկանց վրա

Ծաղիկները պահե՛ք ձեզ. «Դալմայի» անվտանգությունը հարձակվեց պաստառներով մարդկանց վրա

Մարտի 8-ի երեկոյան «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները հարձակվել են ակցիա անցկացնող մի խումբ մարդկանց վրա և, հրելով ու քաշքշելով, դուրս հանել նրանց շենքից: Մինչ այդ ակցիայի մասնակիցները, ովքեր ներկայացել են որպես մի խումբ ֆեմինիստներ, խաղաղ կանգնած էին առևտրի կենտրոնի կենտրոնական մասում՝ պահելով մի քանի պաստառներ. «Հեղափոխություն, դուրս արի սեռվանդից», «Մարտի 8-ը պայքարի օր է», «Մարմնավաճառությունը ընտրություն չէ, այլ աղքատության և բռնության մշակույթի հետևանք», «Ձի֊ձի, փայտե ձի, հետերոնորմատիվությունը կոտրեցի», «Անձնականը քաղաքական է»:

Անվտանգության աշխատակիցներից մեկը, դիմելով ակցիայի մասնակից աղջիկներին, առաջարկել է «չհարամել կանանց տոնը» և հեռանալ «Դալմայից», ապա ասել է պաստառ բռնած միակ տղային․ «Դու էլ հո տղա ես, ինքը աղջիկ ա, չի հասկանում»։

2dalma

Երբ հավաքվածները հրաժարվել են հեռանալ, անվտանգության աշխատակիցները սկսել են քաշքշել նրանց, պատռել են և խլել պաստառներից մի քանիսը՝ առաջարկելով «ակցիաներ անել կառավարության, քաղաքապետարանի կամ նախագահականի մոտ»:

Ակցիայի ընթացքում «Դալմայի» վերևի հարկից ակցիայի մասնակիցներից երկուսը թափում էին հետևյալ բովանդակությամբ թռուցիկները․

«Հեղափոխությո՛ւն, դուրս արի սեռվանդից,

Տնտեսական, քաղաքական ու սոցիալական իրավունքների համար պայքարի դուրս եկած կանանց հեղափոխությունը դեռ սաղմային վիճակում քշվեց փողոցից, շշալցվեց ծաղիկներով, հրուշակեղենով, օծանելիքով լուծույթի բանկաներում ու դրվեց սեռվանդի մեջ՝ սպասքի, տնային հոգսերի ու տղամարդկանցից պակաս վարձատրվող աշխատաժամերի արանքում։ Մարտի 8-ը Հայաստանում բուծիկների, կոսմետիկայի ֆիրմաների ու ծաղկավաճառների՝ սպառողական հասարակության և հայրիշխանական հասարակարգի տոնն է, մինչդեռ կանանց, հատկապես՝ տնտեսական ու սոցիալական արտոնություններ չունեցող, հայ էթնոսն ու հետերոնորմատիվ ինքնությունը չներկայացնող, ընտանիքի “ապավեն” ու սպասարկու չհանդիսացող կանանց իրավունքները դուրս են բոլոր պետական ու հասարակական օրակարգերից։

Մենք դեմ ենք կանացիության պատրվակով ապրանքներ վաճառող, մեզ ծաղկազարդ զսպաշապիկ հագցնող սպառողական հասարակության հերթական մեկօրյա կամ մեկամսյա հանդիսանքին, որի իսկ ընթացքում մենք վաստակում ենք տղամարդկանցից քիչ, կրում տնային ողջ հոգսերի բեռը, բռնաճնշվում սոցիալական կարգավիճակի կամ համընդհանուր նորմերի մեջ չտեղավորվող ինքնության, որոշումների, ապրելակերպի ու ցանկությունների համար, երբ մեր ազատության դիմաց վճարում ենք եռակի ու մեղադրվում մեր իսկ հանդեպ կատարված բռնությունը հրահրելու մեջ։

Ծաղիկները պահե՛ք ձեզ, պարոնայք ատենակալներ․ մեզ հեղափոխությո՛ւն է պետք»։

Նշենք, որ «Դալմա գարդեն մոլի» անվտանգության աշխատակիցները քաշքշուկը սկսելուց առաջ Epress.am֊ի լրագրողին արգելել են նկարահանումներ անել՝ պատճառաբանելով, թե առևտրի կենտրոնը մասնավոր սեփականություն է։

3dalma

5dalma

6dalma

7dalma

8dalma

10dalma