Մարտի 8-ին բրիտանական «Գարդիան» օրաթերթի կայքը ԽՍՀՄ երկրներում կանանց իրավունքներին վերաբերող հրապարակմամբ է հանդես եկել։ Հայաստանի մասին հատվածում ներկայացվում է ընտանեկան բռնությունից տուժած Մարիամ Գևորգյանի պատմությունը։ Հրապարակման այդ հատվածը պատրաստել է լրագրող Մարիաննա Գրիգորյանը։ Ներկայացնում ենք թարգմանաբար․
Մարիամ Գևորգյան, 25 տարեկան, ակտիվիստ
Հայաստանի հայրիշխանական հասարակությունում ընտանեկան բռնությունը գերակա խնդիր չի համարվում։ Այդուհանդերձ, Մարիամ Գևորգյանին հաջողվեց դուրս պրծնել բռնությամբ զուգորդվող ամուսնությունից ու արդարադատության հասնել իր բռնարարների նկատմամբ։ Այժմ նա խորհրդատվություն է տրամադրում այլ կանանց՝ հորդորելով պայքարել իրենց իրավունքների համար։
«Ես հասկացա, որ պետք էր ինչ֊որ բան անել․ այլապես հիմա ողջ չէի լինի։ Ապրելու ցանկությունս ինձ ստիպեց պայքարել», ֊ ասում է Գևորգյանը։
Խոշտանգումները սկսեցին, երբ Գևորգյանն ամուսնացավ ու տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ 20 տարեկանում։ Նա մշտական բռնության էր ենթարկվում ամուսնու ու սկեսրոջ կողմից՝ տան մաքրության ենթադրյալ չափանիշները չբավարարելու համար։
«Նրանք թղթի կտոր էին վառում ու դնում կրծկալիս մեջ։ Կրակայրիչով այրում էին լեզուս ու օճառ դնում բերանիս մեջ։ Ոտքերով հարվածում էին գլխիս․․․ու երբ ես փորձում էի փախչել, ասում էին, որ գնալու տեղ չունեմ»,֊ պատմում է կինը։
Հայաստանում ամուսնու ու կնոջ միջև բռնությունը հաճախ ընկալվում է որպես խրատի ձև, որը կարող է հարթվել ամուսնու ընտանիքի կողմից ու ոստիկանության խնդիրը չէ։ Հաճախ այս իրավիճակներում կանայք շատ տարբերակներ չունեն, ու բռնության մասին հաղորդումներ այդպես էլ չեն ներկայացվում։ Համատարած գործազրկության պայմաններում՝ նրանք հաճախ ֆինանսապես անկախ չեն։ Իսկ շատերն ամուսնալուծությունը մինչ օրս խայտառակություն են համարում։
Հետևանքները կարող են ճակատագրական լինել․ ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2014 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ինը կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով։
Գևորգյանը որոշեց լքել ամուսնուն ու վերադառնալ Հայաստան։ Կնոջ խոսքով՝ իր ծնողների սիրով լի հարաբերությունների օրինակն ու նրանց ցուցաբերած աջակցությունն այն բանից հետո, երբ ինքը վերադարձավ տուն, բեկումնային եղան արդարադատության հասնելու իր որոշման հարցում․ «Եթե իմ ընտանիքում բռնություն տեսած լինեի, երբեք, հավանաբար, չէի փորձի փախչել։ Բռնությունն ինձ համար ընդունելի կլիներ»։
Հայաստանում Գևորգյանը քրեական բողոք ներկայացրեց։ Հայաստանի՝ «չափազանք խոցելի» դատական համակարգում արդարադատության հասնելու իր հնարավորությունները բարելավելու նպատակով՝ նա իր պատմությունը պատմեց լրագրողներին։
Ինչպես մի շարք այլ հետխորհրդային պետություններում, Հայաստանում ևս ընտանեկան բռնության դեմ որևէ կոնկրետ օրենք չկա։ «Հայաստանում օրենքները չեն գործում։ Եթե ընտանեկան բռնության դեմ օրենք ընդունեին, ամեն ինչ կփոխվեր։ Հայաստանում կանայք չեն կարող ապահով զգալ»,֊ ասում է Գևորգյանը։
Այնուամենայնիվ, կնոջը հաջողվեց հիմնավորել բռնության վերաբերյալ իր պնդումները։ Նրա ամուսինը՝ Դավիթ Զիրոյանը, դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, սակայն, ենթարկվելով համաներման, իրականում պատիժ չկրեց։ Գևորգյանի սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, անազատության մեջ գտնվեց մեկ տարուց մի փոքր ավելի։ Երկուսն էլ այժմ ազատ են, իսկ Գևորգյանը փոխհատուցման համար քաղաքացիական հայցով դատարան է դիմել՝ պահանջելով 18 միլիոն դրամ (մոտ 40 հազար դոլար)։
Գևորգյանը, ով մասնագիտությամբ վարսավիր է, այժմ Երևանում աշխատում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ում, որտեղ խորհրդատվություն է տրամադրում ընտանեկան բռնության զոհերին։ «Շատ մարդիկ ինձ օգնեցին հաղթահարել այդ մղձավանջը։ Այժմ ինքս եմ փորձում ինչ֊որ բան անել։ Կանանց միշտ ասում եմ, որ չլռեն ու պայքարեն [իրենց իրավունքների համար]»։
Գևորգյանի խոսքով՝ դանդաղ, բայց փոփոխություն տեղի է ունենում։ Կանայք սկսում են հասկանալ, որ ընտանեկան բռնության մասին բարձրաձայնելն ամոթ չէ։ «Ամոթ է այն, թե ինչ են նրանք արել մեզ հետ»,֊ ասում է նա։